«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2002-04-23 | #76, 2002-04-24 | #77, 2002-04-26


ՄԱՐՍԵԼՑԻ ՀԱԿՈԲԻՆ ՀՈՐԱԴԻԶՈՒՄ ԼԱՎ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

Հայաստանը սիրելու պարտադի՞ր նախապայման է հայրենիքում ծնված լինելը։ Թե՞ կարելի է ամբողջ կյանքում այլ երկրում ապրել, հետոՙ մի անգամ արդեն նախնիների հողը տեսնելով, հայրենիքին օգնելը կյանքի իմաստ համարել։

«1990 թ.-ին առաջին անգամ եկա, պատերազմ էր եւ սով։ Այդ օրվանից սկսած չեմ կարող ապրել առանց Ղարաբաղը տեսնելու, իմ հայրենակիցներին օգնելու»։

Հակոբ Հակոբյանն 80 տարեկան է։ Փոքր է եղել, երբ Եղեռնից մազապուրծ ծնողներն Աթենքից Մարսել են տեղափոխվել։ «Հայ» բառն ինձ համար շատ կարեւոր է, դրանով մորս եմ պարտական, նա է իմ մեջ պահպանել հայի ոգին»։

Կտորեղենի վաճառականը Մարսելում է ապրում։ 1990 թ.-ից մինչեւ հիմա մի քանի տասնյակ անգամ հայրենիք է եկել։ Պատերազմի տարիներին սահմանինՙ զինվորների կողքին է եղել, հայրենիքի զոհված պաշտպանների է թաղել լեռներում։ Ասում է, որ ոխ է պահում Աստծո դեմ, որ իր կյանքը խլելու փոխարեն երիտասարդներինն է խլել։

Հորադիզում պրն Հակոբին լավ են ճանաչում։ Նա իր հայրենակիցներին օգնում է ինչով կարող էՙ Մարսելից բերած դեղորայքով, հագուստով, գյուղատնտեսական տեխնիկայով, գումարով։

Հիմա էլ օգնության ծրագրերից Հակոբ Հակոբյանն ավելի գործնականի է անցնում։ Հայրենակիցներին աջակցելու այլ տարբերակ է փորձում իրականացնել ֆրանսահայը. հայրենի բնակավայրում, որը հայտնի է բամբակի աճեցման համար բարենպաստ պայմաններով, պատրաստվում է բամբակ աճեցնելՙ դրանով իսկ մի քանի տասնյակ մարդու աշխատանքով ապահովելով։

Հակոբ Հակոբյանի կինըՙ Ժորժետը, ֆրանսուհի է։ Վեց երեխա ունեն, ութ թոռ։

«Եթե չլինի կարոտը թոռներիս նկատմամբ, երբեք Ղարաբաղից Մարսել չեմ վերադառնա»։

Չնայած հաճախակի հայրենիք գալուն, հեռավոր Ֆրանսիայում եւս պրն Հակոբը փորձում է ինչ-որ կերպ պարպել հայրենիքի կարոտը. խնձորի հսկայական այգիներ ունի, դրանք Ղարաբաղ է անվանում։

Փոքրիկ թոռան անունը Հայկ է։ Պապի համար ամենամեծ ուրախությունն է, երբ չորս տարեկան Հայկը պապի հարցին ՙ թե ո՞վ ես, պատասխանում էՙ ղարաբաղցի։

Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4