Օրերս 1000 օրինակով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը եւ ընտրական համակարգի միջազգային հաստատությունը համատեղ հանրությանը ներկայացրին 2001 թ. տպագրված շքեղ հրատարակությամբ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով. երկրորդ գումարում» վերնագրով գիրքը։ Այն եռալեզու էՙ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, տպագրվել է գունավոր լուսանկարներով, ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի խմբագրությամբ։ Գիրքը ներառում է երկրորդ գումարման ԱԺ ընտրությունների, խորհրդարանի ղեկավարության եւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների մասին մանրամասն տեղեկություններ, հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի եւ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի ելույթներըՙ երկրորդ գումարման խորհրդարանի ձեւավորման կապակցությամբ։ Տրված է նաեւ յուրաքանչյուր պատգամավորի լուսանկարըՙ կենսագրականի հետ, ներառյալ նրանց, ովքեր այլ պաշտոններ զբաղեցնելու, հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքներով այլեւս պատգամավոր չեն։ Գիրքը շատ օգտակար կարող է լինել ուսումնասիրողների եւ լրագրողների համար, ինչպես նաեւՙ «Ազգ» օրաթերթի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի, որը վերջապես համահավաք ձեռնարկ ունեցավ ստեղծագործելու համար։
Գ. Ա