«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2002-04-23 | #76, 2002-04-24 | #77, 2002-04-26


ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ասում է Վլադիմիր Ստուպիշինը

Վլադիմիր Ստուպիշինը հայ ընթերցողին ներկայանալու կարիք չունի։ Անկախ Հայաստանում անկախ Ռուսաստանի առաջին դեսպանը երբեք չի թաքցրել իր քաղաքական հայացքները եւ չի խուսանավել մամուլի ամենասուր հարցադրումներից անգամ։ Առավել եւս հիմա չի թաքցնում, երբ արդեն անցել է թոշակի, «հանել» դիվանագիտական զսպօղակը։ Իսկ «Ազգի» առաջարկինՙ մեկնաբանել Վրաստանում ամերիկյան զինվորականների հայտնվելու հետեւանքով Կովկասում առաջացող նոր զարգացումների հնարավորությունը, համաձայնեց անմիջապես։

«Ես սկզբունքորեն կարտահայտվեմ, ասում է դեսպանը։ Վրաստանը, որպես անկախ երկիր բոլոր իրավունքներն ունի ցանկացած երկրի հետ հարաբերություններ կառուցելու։ Սակայն, տվյալ պարագայում, համաձայնագրեր կնքելով ամերիկացիների հետ, հարկ է հաշվի առնել նաեւ հարեւանների վերաբերմունքը։ Դատելով կատարվողից, պարոն Շեւարդնաձեն բոլորովին հաշվի չի առնում այս հանգամանքը։ Նա երեւի կարծում է, թե ամերիկյան քեռին կարող է իրեն պաշտպանել ամենքից եւ ամեն ինչից, հետեւաբար, կարելի է թքած ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի կարծիքների վրա։ Եվ իզուր է մեր նախագահն ասում, թե Վրաստանում ամերիկյան զինվորականների հայտնվելու փաստը սարսափելի ոչինչ չի պարունակում։ Դա անլուրջ եւ անպատասխանատու հայտարարություն է, քանզի Ռուսաստանին անմիջապես սահմանակից տարածքներում ամերիկյան զինվորականության հայտնվելու անհրաժեշտությունը բոլորովին արդարացված չէ, միայն լարվածության նոր գծեր է ստեղծում։ Զինված ամերիկացու հայտնվելը Ռուսաստանի մերձակայքում, լինի Վրաստանում, Կիրգիզիայում կամ այլուր, վտանգավոր գործոն է, ամերիկացիները երբեք հաշվի չեն առել միջազգային իրավունքի նորմերը, հայտնվել են այնտեղ, ուր ցանկացել են եւ երբեք ինքնակամ չեն հեռացել։ Վիետնամում ստացած դասը նրանց շատ երկար էր տանջում, սակայն, կարծես, մոռացվել է։ Այսօր ամերիկացիները կրկին փորձում են ստանձնել միջազգային դատավորի դերը, ռմբակոծում են Աֆղանստանը, ռմբակոծեցին Հարավսլավիան, մինչ այդՙ Իրաքը։ Նրանք ոչնչացնում են միջազգային իրավունքի ինստիտուտը, եւ հատկապես սա է պատճառը, որ ես Պուտինի հայտարարությունը համարում եմ անպատասխանատու»։

Քննարկվող նյութի ենթատեքստում, անշուշտ, անհնար է շրջանցել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ինչով Ստուպիշինը զբաղվել է իր դիվանագիտական առաքելությունն ստանձնելու օրից։ Վլադիմիր Պետրովիչը չափազանց հստակ է արտահայտում իր տեսակետը։ «Ռուսաստանը պարտավոր է հասկացնել թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի թուրքերին, թե՛ ամերիկացիներին, որ Ղարաբաղը հայկական տարածք է, եւ որ Ռուսաստանը ճանաչում է հատկապես այդպիսին, իսկ Հայաստանը, ես ընդգծում եմ, Ղարաբաղի հետ, այս տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է։ Եվ եթե Ռուսաստանը դավաճանի Հայաստանի շահերին, որոնք հատկապես իր շահն են, ապա, համոզված եմ, նա ընդմիշտ կկորցնի ռուսական կողմնորոշման Հայաստանը։ Եվ պետք չէ վախենալ, թե մեզ կմեղադրեն կայսերապաշտության մեջ։ Արտգործնախարարության չինովնիկն այս բանն ասել չի կարող, դիրքը թույլ չի տալիս, իսկ ես կարող եմ ասել առանց վախենալու»։

Շոշափվող յուրաքանչյուր հարց խոսակցությունը վերադարձնում է Անդրկովկասում ամերիկյան ներկայության խնդրին։ Միանգամայն հասկանալիորեն, քանզի, Ռուսաստանի հետաքրքրություների շրջանակն այս տարածաշրջանում ավանդական է, չափազանց ընդգրկուն, գուցե նույնիսկ ճակատագրական։ Եվ հաճախ, շատ հաճախ, ռուսական դիվանագիտության անվստահ կամ անճարակ գործողություններն այս ուղղությունում հանգեցրել են ողբերգական հետեւանքների։ Թերեւս հենց սա հաշվի առնելով է Ստուպիշինը բավական կոշտ ձեւակերպումներով արտահայտվում. «Ալիեւը լալիս էր Ելցինի կրծքին, վստահեցնելով, թե ադրբեջանցիները սիրահարված են Ռուսաստանին, եւ նույնը անում էր Անկարայում, պնդելով, որ Թուրքիան իրենց երկրորդ հայրենիքն է։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ երկրորդ պնդումն է իրականությանը համապատասխանում, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է սրանից բխող բոլոր հետեւանքներով։ Հետեւաբար, շուտով ամերիկյան զինվորներ կարող են հայտնվել նաեւ Ադրբեջանում։ Նույն Վաֆա Գուլուզադեն, Ալիեւի նախկին խորհրդականը, մինչեւ հիմա կոչ է անում ամերիկյան բազաներ ստեղծել Ապշերոնի թերակզում։ Իսկ ամերիկացիները, բավական է կեսբերան հրավիրես, անմիջապես կհայտնվեն։ Սակայն սա սխալ քաղաքականություն է, տեղաբնակները օտար զինվորին սկսում են ատել շատ կարճ ժամանակ անց։ Ոչ այն պատճառով, որ նա օտար է, այլՙ որովհետեւ իրեն պահել չգիտե, նա իրեն պահում է որպես նվաճող։ Նույնը ռուս զինվորի մասին կարելի է ասել։ Ես այս երեւույթին ականատես եմ եղել բազմաթիվ երկրներում»։

Ախալքալաքի ռազմակայանի պարագան դեսպանը դիտարկում է որպես բացառություն։ Այնտեղ քաղաքացիական բնակչությունը ապրուստի միջոցները հայթայթում է ռուսական զորամասերում աշխատելով։ Ի դեպ, այս բացառությունների շարքն են դասվում նաեւ Աջարիայի եւ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական զորքերը։ Եզրակացությունը միանշանակ է. ամերիկյան զինվորների հայտնվելը Կովկասի նման բարդ տարածաշրջանում լավ արդյունքի չի հանգեցնի։ Իսկ որ տարածաշրջանը բարդ է, խոստովանում են բոլորը։

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4