Այս խորագրի ներքո թուրք հայտնի մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը գրում է «Թրքիշ դեյլի նյուս» թերթի ապրիլի 12-ի համարում
Մենք դա բնական ենք համարում։ Կարծես մեր ականջները չեն լսում այն, ինչ ասում ենք եւ թե ինչպես ենք ասում։ Նույնիսկ եթե լսում ենք, ապա չենք կարողանում ճիշտ գնահատել մեր ասածի իմաստը։
Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ մեր օգտագործած հռետորական նախադասությունները բոլորովին տարբեր են ժամանակակից աշխարհում, միջազգային մակարդակներում օգտագործվածներից։
Ուշադրություն դարձրեք եւ կտեսնեք, որ մենք շարունակ «սպառնական» արտահայտություններ ենք գործածում մեր զրուցակիցների մասին խոսելիս։ Սա գուցե մեզ չանհանգստացնի, բայց իմացեք, որ չափազանց անհանգստացնում է «մյուս կողմին»։ Այսպես վարվելը սովորական է դարձել մեր առօրյա կյանքում։ Մենք դա կիրառում ենք մեր ներքին քաղաքականության ասպարեզում եւ այնտեղ, գուցե, մեզ համար այնքան էլ աղետալի վիճակներ չենք ստեղծում, բայց հավատացեք, միջազգային հարաբերություններում նման վերաբերմունքի պատճառով էլ ավելի շատ «միավորներ» ենք կորցնում։
Պաշտոնական հայտարարությունները, թեմային ծանոթ զանազան քաղաքագետների ելույթները, թերթերի հոդվածներն ու հեռուստատեսությամբ հնչած որոշ մեկնաբանների արտահայտությունները վշտացնում են շատերին եւ պատճառ դառնում, որ մարդիկ Թուրքիային նայեն որպես մի երկրի, որն ուզում է իր խնդիրները լուծել բացառապես ռազմական եւ ոչ թե քաղաքական միջոցներով։
Ահա մի քանի օրինակ։
Եթե Կիպրոսի հույները միանան Եվրամիությանն առանձին, ապա Կիպրոսում իրարանցում կլինի, եւ մենք ձեռք կբերենք այն, ինչ մեզ հասանելի է։
Եթե Եվրամիությունն ընդունի Կիպրոսի հույներին եւ դուրս թողնի Կիպրոսի թուրքերին, ապա ոչ միայն Կիպրոսում, այլեւ ամբողջ Էգեյանի տարածքում իրարանցում կսկսվի, Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններն անդարմանելիորեն կխորտակվեն, եւ դա Եվրամիությանը շատ թանկ կնստի։
Եթե Եվրամիությունը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների որոշակի ամսաթիվ չնշանակի, ապա կկորցնի Թուրքիան ընդմիշտ, եւ մենք չեղյալ կհայտարարենք մաքսային միությունը։
Եթե Մ. Նահանգների Կոնգրեսն աջակցի հայկական պնդումներին, ապա նրան թույլ չի տրվի օգտվել Թուրքիայի իր հենակետերից, եւ Իրաքի դեմ նրա հարձակումներին Թուրքիան չի մասնակցի։
Եթե թույլատրվի Հյուսիսային Իրաքում քրդական անկախ պետության ստեղծումը, ապա պատերազմի առիթ կլինի եւ Թուրքիան անպայման կմիջամտի։
Տասներկու մղոն առաջանալը Էգեյանի տարածքում պատերազմի հնարավորություն է նշանակում, եւ Թուրքիան ձեռնածալ չի նստի։
Եթե իր դիրքորոշումը չփոխի, հայկական պետությունը դեմ հանդիման կկանգնի Թուրքիայի ուժեղ դիմադրությանը։ Նրա օդային տարածքը կխափանվի եւ Հայաստանը «շնչահեղձ» կլինի։
Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։
Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հայտարարությունների ոճի եւ տոնի վրա։ Միտքը դրանցում շատ հստակ է. «Եթե այս կամ այն բանը չկատարեք, ապա մի վատ բան կպատահի»։ Մենք անընդհատ ահաբեկում ենք, սպառնալիքներ տեղում։
Ուրեմն ի՞նչ։ Չպաշտպանե՞նք մեր շահերը։
Այս րոպեին ես լսում եմ ընթերցողներից այս խոսքերը։ Ի՞նչ ես ասում։ Ուրեմն բոլորի առաջ խոնարհվե՞նք։ Չասե՞նք նրանց, թե ինչ է պատահելու, եթե շարունակեն մեր շահերին հակառակ քաղաքականություն վարել։
Իհարկե, մենք պետք է պաշտպանենք մեր շահերը։ Ո՞վ կարող է ասել, թե պետք չէ։ Բայց դա չէ հարցի էությունը։ Ես խոսում եմ մեր հայտարարությունների «աղճատված» բնույթի մասին։
Հակամարտությունների իրավիճակում սպառնական գործոնը, բնականաբար, ներկա է, բայց դա օգտագործվում է սովորաբար վերջում, երբ ամեն այլ միջոց գործադրված է, զանազան նախաձեռնություններ փորձարկված են, եւ ինչպես ասում ենՙ դանակը ոսկորին է հասել։ Երկու կողմերը նման դեպքում սկսում են սպառնալիքներ փոխանակել։ Ռազմատենչ այս արտահայտությունները միայն վերջին փուլում են օգտագործվում։ Եթե դու չափից ավելի ես դրանց հենվում, ապա այդ «սպառնալիքներն» ու «ռազմահունչ» արտահայտությունները դադարում են ճշմարտանման լինելուց։
Եթե մենք մեր շուրջը նայենք, կտեսնենք, որ ժամանակակից երկրներն իրենց խնդիրները լուծում են բոլորովին տարբեր լեզու օգտագործելով, առանց սպառնալիքների դիմելու։ Դա էլ հենց անվանվում է «քաղաքականություն»։
Ներքին եւ արտաքին խնդիրների լուծման պարագաներում «հարկադրական ոճը» երեւան է գալիս ոչ թե սկզբնական, այլՙ վերջնական փուլերում։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Վերջին փուլը բերում ենք սկիզբ, մինչ առաջին քայլերն են դեռ կատարվում։ Հանկարծ պոռթկում ենք, թե ինչ կպատահի մյուս կողմին, եթե մեր պահանջները չկատարվեն։
Սրանից հետո մենք պարտավոր ենք միջազգային մակարդակներին համապատասխան գործել, հատկապես մեր արտաքին քաղաքականության ասպարեզում։ Իսկ եթե մտադրություն չունենք փոխելու մեր սովորությունը, ապա չպետք է բարկանանք այլ երկրների քննադատություններից։
Եկեք ճանաչենք մենք մեզ։ Մեր մասին ստեղծված բացասական իմիջից շտապ չեզրակացնենք, թե «մեզ չեն սիրում», այլՙ խորը քննարկելով ընդունենք, որ խնդրի մի մասն էլ մեր մեղքով է առաջացել։
Չե՞ք կարծում, որ ճիշտ եմ։