ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց ֆրանսահայ ականավոր գեղանկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան)ՙ Հայոց ցեղասպանությանը նվիրված 34 գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը ծերունազարդ հեղինակի մասնակցությամբ, որը Փարիզից Երեւան է ժամանել ՀՀ նախագահի հրավերով։
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կատարեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ժանսեմը։
Հեղինակին ողջունեցին թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը։
- Տարիքս արդեն շատ է առաջացել, սակայն ուրախ եմ, որ կյանքիս այս շրջանը այսպիսի տեսք ստացավ, ու ես հնարավորություն ունեցա Հայաստանի հարգելի նախագահի հետ բացելու վերջին երկու տարում կատարածս աշխատանքների ցուցահանդեսը Երեւանում, - թղթակցին ասաց Ժանսեմը։ -Ուրախ եմ, որ նաեւ այլ շփումներ եմ ունենալու Երեւանում, իրականացնելու եմ այլ մտահղացումներ։