«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2002-04-24 | #77, 2002-04-26 | #78, 2002-04-27


ԹՈՒՐՔԻԱՆ ԳՈՀ Է ԲՈՒՇԻ ՈՒՂԵՐՁԻՑ

ԱՆԿԱՐԱ, 26 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դրակաՆ է գնահատել նախագահ Ջորջ Բուշի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ։ Ինչպես տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքը, Անկարայում գոհ են մասնավորապես «ցեղասպանություն» բառի կիրառումից ԱՄՆ նախագահի խուսափելուցՙ բուն ելույթը համարելով առավել դրական, քան նախորդ տարվանը։ Թուրքական կողմը գոհ է նաեւ, որ Բուշը չի օգտագործել «ոչնչացում» (annihilation) բառը, որ տեղ էր գտել նախորդ տարվա իր խոսքումՙ այն փոխարինելով «սպանդ եւ սպանություններ» խոսքերով։ Հատկանշական է, որ 2001 թ.-ին Թուրքիայում ողջունում էին նույն «ոչնչացում» բառի կիրառումըՙ դա համարելով առավել չեզոք տերմին «սպանդ» բառի համեմատ։

Թուրքիայի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական եւ մշակութային հարաբերություններ հաստատելու Սպիտակ տան կոչին ի պատասխան, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ նախապես ակնկալում են Հայաստանի կողմից համապատասխան քայլեր։ «ԱԳՆ-ի պաշտոնյաները հայտարարում են, որ փոխադարձ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտում է Հայաստանի դիրքորոշումը։ Անկարան սպասում է, որ Հայաստանը հրաժարվի ցեղասպանության վերաբերյալ պնդումներից, հարգի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ սահմանները, հետ քաշվի ադրբեջանական գրավյալ տարածքներից», նշում է թուրքական աղբյուրը։ Միաժամանակ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ԼՂ խնդրի շուրջ եռակողմ հանդիպում կազմակերպելու Թուրքիայի կոչը մնում է ուժի մեջ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4