ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեկ եռօրյա այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան։ Մեր առաջին տիկին Բելա Քոչարյանի հրավերով ժամանած Լ. Պուտինան այստեղ է Ծաղկաձորում այս ընթացքում անցկացվող «Ռուսաց լեզվի միջազգային մրցույթի» շրջանակներում։
Նա, որ, ի դեպ, մասնագիտությամբ բանասեր է եւ ռուսաց լեզվի զարգացման կենտրոնի նախաձեռնողն իր երկրում, մասնավորապես, առաքելություն ունի հանդիսավոր կերպով փակել մրցույթն ու շնորհել հաղթողներին մրցանակներ։ Սակայն մինչ այդ, տկն Պուտինայի այցը մեկնարկեց Երեւանի Սլավոնական համալսարանից։
ՌԴ կրթության նախարար Վլադիմիր Ֆիլիպովի ու ՌԴ առաջին փոխարտգործնախարար Վալերի Լոշինինի ուղեկցությամբ համալսարան ժամանած տիկնոջն ուսանողները դիմավորեցին հիանալի ռուսերենով արտասանված բանաստեղծություններով, անգամ երգեցին հին ու բարի «Gjlvjcrjdyst dtxthf»-ն։
Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բուհը բարձրաստիճան հյուրին ներկայացնելիս նշեց, թե սա Հայաստանում միակ միջկառավարական համալսարանն է եւ գործում է ռուսաստանյան կրթական չափանիշներով։ Հինգ հումանիտար եւ մեկ բնական ուղղության ֆակուլտետ ամփոփող երիտասարդ բուհը, ըստ Ա. Դարբինյանի, ունի բազում խնդիրներՙ մասնավորապես նյութատեխնիկական հագեցվածության առումով։ Բայց հավակնում է ոչ միայն կրթության խիստ բարձր աստիճան ապահովել, այլեւ դառնալ գիտական զարգացման մի կենտրոն։ «Կամենում ենք նաեւ, որ համալսարանը դառնա հայ-ռուսական հոգեւոր բարեկամության օջախ։ Համալսարանի հովանու ներքո արդեն իսկ ստեղծված է մեր առաջին ռեկտոր ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանի անունը կրող նման կենտրոն։ Պիտի ակտիվացնենք հոգեւոր համագործակցության ոլորտը», ասաց Ա. Դարբինյանը։
Տկն Պուտինային ներկայացվեց նաեւ համալսարանի տարածքում այգի կառուցելու մի ծրագիր։ «Շնորհակալության այգի» կոչվելիք կանաչ գոտու ծրագրի հովանավորը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է, որ նույնպես ներկա էր հանդիպմանը։ Նա, ի դեպ, մինչեւ հիմա էլ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել բուհին։
«Այս հանդիպմանը ես պիտի իրականացնեմ Լեւոն Մկրտչյանի, նաեւ բուհի գիտական խորհրդի կամքը», վերջում նշեց ռեկտորը։ Այդ ցանկությունը վերաբերում էր Լյուդմիլա Պուտինային համալսարանի «Ձիթենու ճյուղ» շքանշան հանձնելուն։ Ռուսաստանի առաջին տիկինը բուհի երկրորդ շքանշանակիրն է։ Առաջինը եղել է Վ. Սպիվակովը։ Իր ջերմ ողջույնն ու տպավորությունները թողնելով համալսարանի հուշամատյանում, տկն Պուտինան ուղեւորվեց Ծիծեռնակաբերդ։
Այսօր առաջին տիկինը կլինի Էջմիածնում, կարժանանա Ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությանը։ ՀՀ արտգործնախարաի հետ հանդիպումից հետո հենց ԱԳՆ-ում կայցելի իր պատվին բացված մանկական նկարների ցուցահանդես։
Ի թիվս այլ միջոցառումների, կիրակի Լ. Պուտինան կլինի Գառնի-Գեղարդում ու, ի վերջո, մրցույթի հանդիսավոր փակման արարողությանը։