«Մենք պետական մակարդակով ուշադրության կարիք ունենք», ասում էին արցախյան պատերազմում զոհված 13 օդաչուների ընտանիքների անդամները երեկ Թեքեյան կենտրոնումՙ ՀՌԱԿ ատենապետի հետ զրուցելիս։ Հանդիպման առիթն էր զոհված օդաչուների երեխաներին սիրիահայ բարերար Պիաթրիս Մինասյանի նվիրաբերած գումարի հանձնումը։ Իհարկե, դժվարին սոցիալական պայմաններում դա շոշափելի օգնություն է։ Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նրանք, այնուամենայնիվ, նշում էին, որ ամեն քայլի բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում։ Ունեն զոհվածի ընտանիքի կարգավիճակ, սակայն դա փոքր-ինչ էլ չի թեթեւացնում կյանքը։
Կարեն Դալլաքյանը հորՙ Արարատ Դալլաքյանի նման օդաչու էր ցանկանում դառնալ, սակայն նրանց ընտանիքի համար տղային ուսման տալը թանկ հաճույք է։ Կարենն էլ դպրոցն ավարտել, այժմ գործազուրկ է։ Այլ խնդիր էլ ունի այս ընտանիքը. 10 տարվա ընթացքում զոհվածի կինըՙ Լաուրա Դալլաքյանը չի ստացել հասանելիք մի քանի հազար դոլարի հասնող գումարը։ «Արարատ» ավիաընկերության իրավահաջորդ «Հայկական ավիաուղիները», նրա խոսքերով, չի վճարում այդ գումարը։
Էլի բազմաթիվ խնդիրներ էին բարձրացնում զոհվածների կանայք եւ երեխաները։ Բուժծառայությունների համար զեղչերից չեն օգտվում, իրենց երեխաներն արտոնություններ չունեն բուհ ընդունվելիս։ Շրջապատն իրենց երբեմն էլ արհամարհանքի է արժանացնումՙ ասելով, թե էդ վկայականն ինչպես ես ձեռք բերել։ Երբեմն էլ գթասիրտ բժիշկները կամ պետական ծառայողները նրանց մեծագույն հարգանքի են արժանացնումՙ խոնարհվելով նրանց ամուսինների հերոսության առջեւ։ Սակայն դրական վերաբերմունքը կամ արհամարհանքը անձնավորված են։ Իսկ նրանք կցանկանային, որ իրենց հայրերի ու ամուսինների սխրանքը պետական, արժանի գնահատական ստանար։
Մ. Հ.