Անցյալ տարվա ապրիլին Արցախում բացված «Մաքս Վուդ» փայտամշակման ձեռնարկությունը երեւանյան հայտնի «Մաքս կոնցեռնի» մասնաճյուղն է։ Ձեռնարկության բացումը, սակայն, կոնցեռնիՙ արցախյան ծրագրի միակ գործնական արտահայտությունը չէ։ Այդ ծրագրի շրջանակներում շահագործման է հանձնվել նաեւ Մարտունու բրոյլերային ֆաբրիկան, որտեղ ներկայումս աշխատում է շուրջ 100 մարդ։ Միեւնույն ժամանակ, կոնցեռնը հանրապետության տարածքի ստորին գոտում վարձակալել է 500 հեկտար խոպան հողատարածություն։
«Մաքս Վուդ» փայտամշակման ձեռնարկությունը հայ-իսպանական համատեղ ձեռնարկություն է, որն զբաղվում է փայտե մանրամասերի արտադրությամբՙ կիսաֆաբրիկատի ձեւով։ Հիմնական փայտանյութն ընկուզենու կոճղարմատներն են։ Որպեսզի չոչնչացվեն ընկուզենու անտառները, օգտագործվում են առաջին հերթին չորացած, հիվանդ կամ վաղահատ ծառերը։ Այդ գործընթացն իրականացվում է «Արցախանտառ» ՊՓԲԸ-ի եւ համայնքների միջոցով, համապատասխան փաստաթղթերի ձեւակերպմամբ։
Համաձայն կառավարության որոշման, սանիտարական հատման ենթակա միավոր ծառի դիմաց «Մաքս Վուդը» պարտավոր է տնկել երկու ընկուզենի։ Այս կապակցությամբ, ձեռնարկության տնօրինությունն օրերս 570 ընկուզենու բարձրորակ տնկիներ է բերել Հայաստանից եւ բաժանել համայնքներին։
Նախապես հաստատված բիզնես ծրագրովՙ «Մաքս Վուդը» հատկացված շինությունները եւ տարածքը սեփականաշնորհելու համար պետք է նախապես ներդներ 72 մլն դրամ։ Ներկա դրությամբ, այդ նպատակով կատարված կապիտալ ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 81 մլն դրամ։ Կատարվել են զգալի շինարարական աշխատանքներ, ձեռք են բերվել եւ տեղադրվել ժամանակակից սարքավորումներ։ Նոր տեխնոլոգիաների յուրացման համար մասնագիտական ուսուցման նպատակովՙ Իսպանիայից Արցախ են ժամանել մասնագետներ, որոնք կարճ ժամանակում տեղում իրականացրել են արտադրական ուսուցումը, ընդ որումՙ գոհ մնալով տեղացի կադրերի ներունակությունից։
Այսօր ձեռնարկությունում աշխատում է 32 մարդ։ Եվս 10 հոգի ձեռնարկության գործունեությանը մասնակից են պայմանագրային հիմունքներով։ Միջին ամսական աշխատավարձը «Մաքս Վուդում» կազմում է 45 հազար դրամ, որը միշտ էլ ժամանակին վճարվում է։
Ձեռնարկությունը չունի եկամտահարկի, գույքահարկի ու բնապահպանության պարտքեր։ Ժամանակին մուծվել է նաեւ կենսաթոշակային հիմնադրամի շուրջ 2.5 մլն դրամ կազմող հարկը։ Նախատեսվում է առաջիկայում ընդլայնել արտադրության տեսականին։ Մասնավորապես, ծրագրված է թողարկել գրասենյակային կահույք, ինչպես նաեւ իրականացնել կահույքի նախշազարդերի արտադրություն։ Արդեն Իսպանիա է առաքվել մշակված փայտեղենի առաջին խմբաքանակը, որի արտադրական որակը, ձեռնարկության ղեկավարության հավաստմամբ, գնորդի գնահատանքին է արժանացել։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ