ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ապրիլի 30-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը նշվեց Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության ներկայության 10-րդ տարին։ Ողջունելով ներկաներին, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ռեզիդենտ-համակարգող Ժոել Բուտրուն հայտարարեց, որ անցած տասնամյակում ՄԱԿ-ը ամենաբազմապիսի ծրագրեր է իրականացրել Հայաստանում, որոնց մի ստվար մասի կենսագործումը դեռ շարունակվում է։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանի իշխանություններին բազմակողմանի համագործակցության համար, Ժոել Բուտրուն շեշտեց, որ Հայաստանն արդեն հաղթահարել է անցումային երկրին հատուկ մի շարք դժվարություններ եւ բռնել է զարգացման ուղին, դրանով իսկ ՄԱԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը ձեռք է բերում որակական նոր հատկանիշներ։