ՄՈՍԿՎԱ, 30 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ալեքսանդր Վերշբոուն միանգամայն հավանական է համարում, որ իրադրությունը Վրաստանում եւ Կովկասում քննարկվի մայիսին ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպման ընթացքում։ Դեսպանը նշել է, որ այդ հարցը Մոսկվան եւ Վաշինգտոնը քննարկում են անընդհատ։ Վերշբոուն նշել է ԱՄՆ եւ Ռուսաստանի շահերի ընդհանրությունը ահաբեկչության դեմ պայքարում Վրաստանին օգնելու հարցում եւ «աբխազական հարցի» քաղաքական լուծմամբ ընդհանուր շահագրգռվածությունը։ Նա ընդգծել է, որ անցած շաբաթ տեղի ունեցած բանակցությունները աշխատանքային խմբի շրջանակում հաստատել են Մոսկվայի եւ Վաշինգտոնի միասին աշխատելու հնարավորությունը, որպեսզի համոզեն վրացական եւ աբխազական կողմերին փոխգործակցել այն պլանի հիման վրա, որ առաջարկում է ՄԱԿ-ը։ Համաձայն «Կավկազպրեսի», դեսպանը հիշեցրել է, որ այդ պլանը ներառում է Աբխազիայի վերաինտեգրացում Վրաստանի կազմում որպես ինքնավար հանրապետություն։ Դեսպանն ընդգծել է, որ Վաշինգտոնը «անկասկած պատրաստ է ավելի սերտ կոնսուլտացիաների այդ խնդրի առնչությամբ ռուս գործընկերների հետ, որպեսզի թույլ չտրվեն թերըմբռնում եւ ինչ-ինչ անակնկալներ»։ Ըստ Վերշբոուի, ԱՄՆ-ը նույնը սպասում է ռուսական կողմից։