ԱՆԿԱՐԱ, 30 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Տարածաշրջանային զարգացման եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից ապրիլի 25-26-ը կազմակերպված կովկասյան անվտանգության հարցերով գիտաժողովի թուրքական կողմի մասնակից Յալըմ Էրալփը թուրքական «Հաբեր թյուրք» գործակալության միջոցով տարածել է իր «Երեւանյան տպավորությունները»։ Մասնակի կրճատումներով ստորեւ ներկայացնում ենք այդ հրապարակումը։
Հայաստանում Կովկասի անվտանգության թեմայով մի հայկական կազմակերպության եւ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան էի հրավիրված։ Ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության հիշատակի օրն է։ Քաղաքի լանջերից մեկին հսկայական հուշակոթող եւ թանգարան են կառուցել, իսկ առջեւում Աղրը դաղ (Արարատ) լեռն է։
Կարծես ողջ Հայաստանն այնտեղ էր։ Քաղաքում կյանքը կանգ էր առել։ Շատ ազդու տեսարան էր։ Ինչքան էլ «այսպես կոչված ցեղասպանություն» ասեք, թեմային չտիրապետող ամեն ոք հավատում է Հայոց ցեղասպանությանը։ Ողջ աշխարհն է հավատում։
Հայկական հեռուստատեսությամբ իմ խոսքում 2 միտք հայտնեցի։ Նախ անհրաժեշտ է ստեղծել Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող միջազգային պատկառելի խումբ, որի կազմում պատմաբաններ եւ իրավագետներ կլինեն։ Բացի այս, Թուրքիան պետք է բացի սահմանային դարպասները։ Նախ պետք է բացվի երկաթգիծը, ապաՙ ավտոճանապարհները։ Դա պետք է կարողանանք հասկացնել եւ համոզել Ադրբեջանի նախագահին։
Հայերը զարմանում են միջազգային խմբի ստեղծման առաջարկիս վրա։ «Ի՞նչն ուսումնասիրենք, ցեղասպանությունը փաստ է»։ Իսկ ես հարցնում եմՙ ի՞նչպես է լինելու սպանված թուրքերի հարցը։ Մեդալի հակառակ կողմից անտեղյակ են։ Թուրքիան պետք է հանդես գա խումբ ստեղծելու առաջարկով, եւ եթե հայերը հրաժարվեն, նեղն են ընկնելու։
Թուրքիան, անկասկած, պետք է հայ լրագրողներին, հասարակական կազմակերպություններին հրավիրի արեւելյան շրջաններ, ուր տեղի են ունեցել հայ-թուրքական բախումները եւ ցույց տա մեդալի մյուս կողմը։ Տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել երկու կողմերից էլ։
Սահմանը չբացեցինք, եւ Հայաստանի նախկին նախագահ Տեր-Պետրոսյանն այդ պատճառով պարտվեց ընտրություններում։ Ինչպես Արաֆաթը Եհուդ Բարաքի հետ խաղաղության չհանգեց եւ իշխանության բերեց Արիել Շարոնին, նույնն էլ մենք արեցինք։ Սահմանը չենք բացում, հայերն էլ Իրանից գազատար են կառուցում։
Հայերը ԼՂ անջատողականներին անկախ դարձրին։ Ինչպես եւ Հյուսիսային Կիպրոսը, ԼՂ-ն էլ ոչ ոք չի ճանաչել։ Ալիեւը ժամանակին ասել է Թանսու Չիլլերին. «Հայերը ձեզնից սովորեցին»։
Թուրքիան պետք է ակտիվ գործի Կովկասում, կովկասյան խնդիրների համար Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության մասնակցությամբ միջազգային համաժողով է պետք կազմակերպել։ Մենք պետք է օգնենք 3 պետությունների խնդիրների լուծմանը։