«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2002-04-27 | #79, 2002-04-30 | #80, 2002-05-01


ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՕՏԱՐ ՍԿԻՆՀԵԴՆԵՐԻ ԴԵՄՙ ՄՈՌԱՆԱԼՈՎ ՍԵՓԱԿԱՆԸ

Ըստ Սբ. Էջմիածնից ստացված լրատվության, ռուսական ուղղափառ եկեղեցին հանդես է եկել հայտարարությամբՙ Կրասնոդարի երկրամասում հայկական գերեզմանների պղծման կապակցությամբ։ Խստիվ դատապարտելով վայրագ գործողությունները, համերաշխություն եւ աջակցություն է հայտնվել հայ եկեղեցուն։ Անհրաժեշտ է հանգամանորեն հետաքննել տեղի ունեցածը, բացահայտել այն չար դիտավորությունը, որ կազմակերպել է այդ ամենը եւ վերջ տալ դրան, հայտարարել է ռուս եկեղեցու ներկայացուցիչը։ Նա հույս է հայտնել, որ ոչ մեկի մտքով չի անցնի կատարվածը կապել կրոնական կամ կեղծ կրոնական համոզմունքների հետ։

«Սրբապիղծ հանցագործություն» է համարել կրասնոդարյան իրադարձությունը նաեւ հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը։

Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ դրա նախագահ Արա Աբրահամյանը պահանջել է դատական պատասխանատվության ենթարկել Կրասնոդարի նահանգապետ Տկաչովին։

Ռուսաստանի հայաբնակ տարածաշրջաններում հակահայկական տրամադրությունների ուժեղացման եւ ձեռնարկված բիրտ գործողությունների կապակցությամբ երկու եկեղեցիների արտահայտած խոր մտահոգությունն ու անհանգստությունն այսօր առավել քան հրատապ են։ Դրված է մեր ժողովրդի արտասահմանյան ամենաստվար հատվածի եթե չասենք գոյության, ապա գոնե նորմալ կենսագործունեության հարցը։ Եվ ռուսահայության իրավունքների պաշտպանության գործում անչափ մեծանում է Հայաստանի պետական ու հոգեւոր իշխանությունների դերը։ Այս առնչությամբ անհրաժեշտություն է առաջանում նորից անդրադառնալ ու հիշատակել այն դառը փաստի գիտակցումը, որ ներկա բարդ պայմաններում հայ եկեղեցու համայն Ռուսիո տարածքում գործող ներկայացուցչության գործունեությունն էապես կազմալուծված է թեմի նախկին առաջնորդ, ներկայումս աշխարհական Ղազարոս Կյուրեղյանի պառակտիչ գործողությունների հետեւանքով։ Նույնիսկ այս տագնապալի ժամանակներում թեմը հնարավորություն չունի իր շուրջը համախմբելու տեղի հայությանը։ Արդեն մեկ տարուց ավելի Ղազարոսի չարագուշակ կերպարանքը հառնում է որպես հայապաշտպանության գործի հակակշիռՙ արտասահման դարձած այդ երկրում։ Առաջ են գալիս բնական հարցեր. ի՞նչ սկզբունքներով եւ գաղափարներով է առաջնորդվում սեփական նախաձեռնությամբ Էջմիածնից ու Երեւանից օտարված այդ արարածը։ Ուրիշներին ենք դատապարտում, բայց իր ներկայությամբ նա չի՞ պղծում զավթյալ Ս. Հարություն եկեղեցու շուրջ հանգրվանած գերեզմանները։ Կարգալուծված նախկին հոգեւորականը բարոյական իրավունք ունի՞ պատարագ մատուցելու աստվածահպատակ աճյունների հարեւանությամբ։

Ու այս անորոշության ֆոնի վրա հարցերի հարցն է դառնում այն, թե իր լկտիության մեջ ի վերջո ո՞ւմ վրա է հենվում այս նորահայտ սկինհեդը։ Հայտնի է, որ Մոսկվայի հայերի շրջանում Կյուրեղյանը երբեք հարգված անձնավորություն չի եղել։ Նրա շուրջը միշտ վխտացել են զանազան քրեական «հեղինակություններ», կեղծ բիզնեսմեններ եւ այլն, որոնք այսօր էլ նրան ծառայություններ են մատուցում։ Բայց, այդուհանդերձ, նրանք չեն Ղազարոսի հիմնական պաշտպանները։ Վերջինս երբեք չի թաքցրել իր հարաբերությունները Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, որտեղ էլ գտնվում են նրա գլխավոր հովանավորները։ Հարց է առաջանումՙ իսկ ո՞րն է հետախուզական մարմինների շահագրգռությունը։ Եվ այստեղ, բնականաբար, խնդիրը կրոնականից վերածված է քաղաքականի։ Գաղտնիք չէ, որ ռուս եկեղեցին խանդոտ վերաբերմունք ունի Վատիկանի հանդեպ, որն անթաքույց ուժեղացնում է իր ազդեցությունը ողջ քրիստոնեական աշխարհի, այդ թվում նաեւ Ռուսաստանի վրա։ Եվ ո՞վ կարող է ասել, որ անկախ հայ (վրաց, ուկրաինական եւ այլն) եկեղեցին մի օր ավելի շատ չի հակվի դեպի Հռոմը։ Նման պարագայում ամեն մի պառակտիչ կամ խառնակիչ գործողություն կարող է միայն թուլացնել տվյալ եկեղեցուն ու նրան դարձնել խոցելի ինչպես սեփական գոյության, այնպես էլ նրա վրա ներգործելու իմաստով։ Ահա եւ Ղազարոսը գործիք ու խաղալիք է դարձել Ռուսաստանի որոշակի քաղաքական ուժերի ձեռքին եւ այդ նենգ համագործակցության մեջ միայն իր շահն է փնտրումՙ խեղդվողի պես բռնելով փրփուրից։ Եվ սա խնդրի սոսկ մի կողմն է։

Ըստ երեւույթին ժամանակն է, որ Հայաստանի պետական իշխանությունները միջամտեն այս բնավ էլ ոչ կրոնական հակամարտության գործին։ Ժամանակն է, որ Ռուսաստանի թեմը զբաղվի ոչ թե դատաքննություններով, այլ հայապահպան հովվական առաքելությամբ, ինչին կոչված է։ Հատկապես ներկա իրադրությունում, երբ ռուսահայության դեմ բացահայտ պայքարի է ելել խառնամբոխըՙ նահանգապետից սկսած մինչեւ սկինհեդը։

Նողկալի կլինի, եթե Ղազարոսը մտնի հայ եկեղեցու պատմության մեջ։

Ս. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4