«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2002-04-27 | #79, 2002-04-30 | #80, 2002-05-01


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԵԳԻՊՏԱՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՎԱՆ ԼԵՈՆ

«Լուսանկարչությունը տեսիլք է։ Դու երազում ես մի բան եւ դա փոխանցում նկարին», ասել էր անցյալ տարի «Ասոշիեյթիեդ պրեսի» թղթակցին եգիպտահայ լուսանկարիչ Լեւոն Բոյաջյանը, որն, ըստ այդ նույն լրատվական գործակալության, 80 տարեկանում մահկանացում է կնքել վերջերս Կահիրեի իր բնակարանում։

Իր ծննդավայր Թուրքիայից 1924 թ. Կահիրե տեղափոխվելով, նա հրապուրվել է լուսանկարչությամբ եւ 1940 թ.-ին դուրս գալով դպրոցից որպես աշկերտ աշխատել է մի ստուդիայում։ Հետագայում նա իր բնակարանը ստուդիայի է վերածել։ Նկարել է հիմնականում բանվորների, մուրացկանների, նաեւ մտավորականների եւ բարձր խավի մարդկանց։ Ստորագրել է եւ ճանաչման արժանացել «Վան Լեո» անունով։ Լուսանկարներում իր բնորդներին ներկայացրել է որպես հոլիվուդյան աստղեր։

Առողջության վատթարացման հետեւանքով վերջին տարիներին չի աշխատել եւ ըստ վերոնշյալ աղբյուրի, նրա վերջին լուսանկարների «հերոսները» եղել են ամերիկացի հայտնի լուսանկարիչ Բերի Այվերսոնն ու նրա կինըՙ Նիհալ Թամրազը։ Ի դեպ, Բերիի խոսքերով, «Վան Լեոն վարպետ լուսանկարիչ է եւ գուցե ամենալավըՙ Կահիրեում»։ Նրա հորդորներով,,,, Վան Լեոն լուսանկարների իր հսկայական հավաքածուն (19 հազար նկար եւ 16 հազար նեգատիվ) նվիրել է Կահիրեի ամերիկյան համալսարանին։

Ապրիլի 9-ին Կահիրեի ֆրանսիական մշակութային կենտրոնում բացվել է «Գայթակղություն» վերնագրով նրա լուսանկարների ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ մայիսի 9-ը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4