Սիլվա Կապուտիկյանի նոր գրքի ներկայացումը
Հայաստանի գրողների միությունում, գրողների տան մեծ դահլիճում Սվետլանա Խանումյանը մի հատված էր կարդում Սիլվա Կապուտիկյանի նորՙ «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքից։
«...Եղան նաեւ զուտ «սփյուռքյան» հանդիպումներ։ Դրանք Բեյրութից, Կիպրոսից, Եգիպտոսից, Իրանից արտագաղթած եւ Ամերիկա հաստատված հայեր էին, որոնք ինձ ճանաչում էին ավելի հիմնավոր, քան նույն օրն առավոտյան հյուրանոցի ռեստորանում հանդիպած հայ գրականության «լավատեղյակ» ամերիկուհին։ Դրանց մեջ առանձնապես ջերմ էր նախկին բեյրութցի մի սիրունադեմ տիկինՙ Արփինե Քերփեջյան անուն-ազգանունով։ Ողջագուրվելուց հետո կանգնել էր կողքիս ու հայացքով շարունակում էր ողջագուրումը։
¬ Եղե՞լ եք Հայաստանում,- հարցրեցի։
¬ Այո... 99-ի սեպտեմբերին, առաջին անգամ... Առաջին իսկ վայրկյանին զգացված էի շատ։ Կեսս ուրախութենե հուզված էր, կուլայի անընդհատ, որ հայրենիքիս հողին վրա կքալեմՙ «իմս է» ըսելով։ Մյուս կեսս ալ ուրիշ տեսակ լաց մըն էրՙ մեղքնալես, տեսնելով ժողովրդին վիճակը, երեխաներուն վիճակը, ծերերուն վիճակը... Կհիշեմ, լավ հագնված պարոն մըն էր, մեր պանդոկին առջեւ ամեն առտու կուգար, ձեռքը կերկնցներ... Կամնչնար մերին աչքերուն մեջը նայիլ եւ կսպասեր ողորմության... Օրմ ալ ամուսինս սովորականեն ավելի դրամ տվեց անոր։ Բոլորը չվերցուց, ըսավՙ մնացյալն ալ ուրիշներուն տվեք, հոս կարիքավորները շատ են... Ամուսինս շատ զգացվեցավ, ըսավՙ «կտեսնի՞ս, Արփինե, ի՜նչ ազնվական մարդ է...»։
Սա սոսկ մի գրառում գուցե դառնար ճանապարհորդող որեւէ մեկի, բայց ոչՙ Սիլվա Կապուտիկյանի համար, նրա համար, որը տարիներ առաջ Հայաստան աշխարհի մասին այսպես է բանաստեղծել. «...Դու մերը եղար ու մերը չեղա՜ր./ ...Եվ դրա համար մենք քեզ սիրեցինք/ Ոչ ազգականի հանդարտիկ սիրով,/ Այլ սիրածի՛ պես, սիրահարի՛ պեսՙ/ Ցավոտ, ցավախառն,/ Երազով, լույսով, երգող տխրությամբ,/ Մերթՙ խռովելով,/ Մերթՙ հաշտվելով,/ Քո գրկում անգամՙ քեզ կարոտելով,/ Քեզ կորցնելու ահիցՙ տագնապած,/ Քեզ ունենալու խինդից երջանիկ,/ Ու բախտիդ համար/ Անվերջ, ամեն պահ մեռնել-ապրելով...»։
Ու ահա, Սիլվա Կապուտիկյանը Երուսաղեմի Ս. Հակոբա վանքում իր տեսածի ու լսածի մասին պիտի գրի. «...Խոսակցիս վերջին նախադասությունն ինձ շատ վշտացրեց, առաջներում Հայաստան այցելողները մեր Մատենադարանով էին հիանում, մեր թանգարաններով, հայաստանցիների շռայլ, ազնվական հյուրասիրությամբ, իսկ հիմա՞, տեսեք, թե ի՞նչ է ազնվականության չափանիշը...»։
Սիլվա Կապուտիկյանի նոր գիրքն էր ներկայացվում, ու գրողների տան մեծ դահլիճը լեփ-լեցուն էր։ Մտավորականության ընտրանին էր հավաքվել (հազվագյուտ բան մեր օրերում), նաեւ երիտասարդներ, դպրոցականներՙ նույնպես հազվագյուտ իրողություն։ Սակայն հազվագյուտ երեւույթ չէր Սիլվա Կապուտիկյանի պարագայում։
¬ Թվում է, թե աշխարհի քարտեզը քանիցս լայնքով ու երկայքնով կտրած, սփյուռք աշխարհամասն իրենով ու իր պոեզիայի զորքով նվաճած գրողը, այլեւս սպառած պիտի լիներ սփյուռքահայ թեմաներով ասելիքը եւ խոսքի սլաքն ուղղեր այլ նշանակետի,- «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը։- Բայց, ո՛չ, ամեն նոր գիրք Սիլվա Կապուտիկյանի համար նոր Ավարայր է, որի խրամատներն այս անգամ անցնում են սփյուռքով, իր իսկ խոսքովՙ «բարդ, բազմածալ, երբեմն շատ կարծր, երբեմն շատ փխրուն, մերթ միակամ, մերթ տարընթաց այդ կառույցով», որ օրըստօրե կորցնում է իր դիմագիծը... Նոր գրքով հեղինակը մի անգամ եւս հավաստում է, որ նվիրյալ զավակն է իր ժողովրդի ու հայրենիքի, հայրենիք, որ նրա համար ոչ ծովից ծովի տեսլականն է, այլ աշխարհասփյուռ շրջագծում հայից հայ ձգվող Հայաստանը։
Գիրքն ամփոփում է Սիլվա Կապուտիկյանի վերջին 10¬12 տարում գրած ուղեգրությունները, որոնք շարունակությունն են բանաստեղծուհու մինչ այս հրապարակած եւ արդեն երեք հատոր կազմող սփյուռքապատումի։ Բանաստեղծուհին այս անգամ ճանապարհորդում է դեպի Քյոլն, Լոս Անջելես, Բեյրութ, Թեհրան, Նոր Ջուղա, Ստամբուլ, Երուսաղեմ, Հալեպ եւ, ինչպես միշտ, պատմում է այդ վայրերում ապրող մեր հայրենակիցների, նրանց կյանքի, նրանց, որպես հայ «լինել-չլինելու» մաքառումների մասին։ Գրքում զետեղված են նաեւ հեղինակի վերջին երկու տարում գրած հրապարակախոսական հոդվածներն ու ելույթները։
2001 թ. մարտին Թեքեյան մշակութային միության եւ նորաստեղծ «Միհրան եւ Անի» բարեգործական հիմնադրամի հրավերով մեկնում է Հալեպ։ Սկզբում փորձել է հրավերը մերժել։
¬ Տարիքիս, առողջական ոչ այնքան բարեկարգ վիճակիս պատճառով իմ մեջ որոշել էի, որ Երուսաղեմովՙ խորհրդանշական այս Սուրբ երկրի այցելությամբ փակեմ քառասունից ավելի տարի տեւող իմ շրջագայությունների շարանը,- ասում է տիկին Սիլվան։- Բայց չկարողացա մերժել թեքեյանցիների հրավերը, քանի որ Թեքեյան մշակութային միության հանդեպ առանձնակի վերաբերմունք ունեմ։ Նա էր, այդ միությունը, մասնավորապես երջանկահիշատակ Գերսամ Ահարոնյանը, որ 1963 թ., բազմազան արգելքներ հաղթահարելով, հաջողացրեց ինձ Բեյրութ հրավիրելՙ պարգեւելով ինձ անջնջելի հոգեւոր լիցքեր ու լիացում։ Որոշ իմաստով դա իմ առաջին սերն էր հանդեպ սփյուռքը, իսկ առաջին սերը երբեք չի մոռացվում։
Ու ահա, նոր գիրք է մեր սեղանին, կարեւոր գիրք, Սիլվա Կապուտիկյանի գիրքը։ Գրքի այսօրվա բազարում (շուկա բառն այս դեպքում պատիվ կլիներ), երբ բանաստեղծուհու խոսքերով ասածՙ «ամեն մի փեսա, իր զոքանչին հաճոյանալու համար, գիրք է տպագրում», երբ ինքներս մեզ տանում ենք կործանման («Մշակույթով ապրած, մշակույթի շնորհիվ հարատեւող ազգ ենք։ Հիմա մենք մեր հարատեւման ջիղն ենք կտրում, ոգին սպանում»)ՙ այս գիրքը շատ կարեւոր է։ Կարդացեք Անդրանիկ Ծառուկյանին, Գերսամ Ահարոնյանին, Գառնիկ Ադդարյանին, Հայկաշեն Ուզունյանին, մեր մտավորականության մյուս մեծերին նվիրված էջերը եւ կզգաք, որ մեր փոխարեն, մեզ համար, մեր հարատեւման համար ունենք Սիլվա Կապուտիկյան։ Եվ այս պարագան մեր փրկության ճանապարհներից մեկն է։ Կարդացեք Սիլվա Կապուտիկյանի ելույթների տեքստերը, հրապարակախոսական հոդվածները եւ կզգաք, որ մեր մաքրվելու, մեր ոգին պահպանելու համար, փառք Աստծո, Սիլվա Կապուտիկյան ունենք։
«Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքի շնորհանդեսից անմիջապես հետո դիմեցինք բանաստեղծուհունՙ «Ազգի» համար խոսելու։
¬ Ես շրջել եմ ողջ աշխարհում, տեսել, գնահատել եմ աշխարհի չարն ու բարին։ Բայց իմ ճանապարհը, իմ կածանը կա ու մնալու է հայկական սփյուռքը, օտար երկրում ապրող-հարատեւող հայ համայնքը, հայ մարդը։
¬ Շնորհավորում ենք նոր գրքի լույսընծայման առիթով, գիրք, որի տպագրությունը գուցե դժվար եղավ։
¬ Գրքի տպագրության ծախսերի կես մասը հոգաց Հայաստանի ազգային ակադեմիան, որի անդամն եմ ես։ Իսկ մյուս կեսի հարցերը հոգացին հալեպահայ ազգանվեր բարերարներ Միհրան եւ Անի Պըլըքյանները, որոնց խորապես շնորհակալ եմ եւ կուզեի, որ այս շնորհակալությունը հատկապես շեշտվեր։ Այսօրվա սփյուռքը փոխվել է, փոխվել են հարաբերությունները։ Սիրահարի գերզգայուն վիճակը վեր է ածվել ամուսնացածի հոգեվիճակի։ Ավելի իրական բաներ ենք տեսնում այսօր սփյուռքում։ Նոր գիրքս կարդալուց հետո մեր լավագույն մտավորականներից մեկըՙ գրականագետ Մայա Ավագյանն ասաց. «Հալեպի մասին կարդալով ես Երեւանի շունչն էի առնում»։ Գրքում նոր սփյուռքն է, նոր մարդիկ, նոր իրավիճակ, որը, ցավոք, ի շահ հայության չէ։
...«Ես մոլեռանդ հավատացյալ չեմ, սակայն ինչ-որ երկնային ուժի, մեզնից դուրս գտնվողՙ աշխարհը կարգավորող գերակա զորությանը հավատում եմ,- գրում է Սիլվա Կապուտիկյանն իր գրքի «Հիշատակարանում»։- Վստահ չեմ, որ գոյություն ունի երկրային ուղիդ ու արարքներդ «վերագնահատող», քեզ դժոխք կամ դրախտ տանող հանդերձյալ կյանք, սակայն հավատում եմ «Ինչ որ անեսՙ բարի թե չար, մի օր կգա դեմդ» ժողովրդական իմաստությանը, հավատում եմ կյանքում քեզ հասած լավն ու վատը հավասարակշռող, նժարները նույն հարթության վրա պահող ինչ-որ վերին արդարության...»։
Այսքանն ասենք Սիլվա Կապուտիկյանի նոր գրքի մասին այս անգամ։ Իսկ «մնացյալն ավելի բարդ է», ինչպես ասում է բանաստեղծուհին, որովհետեւ Սիլվա Կապուտիկյանի նոր գիրքը եւս լոկ խոսք ու բառ չէ։ Շատ ավելին է։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ