ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ-ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, 6 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շարունակվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը լատինամերիկյան երկրներ։ Հայաստանի նախագահն այստեղ այցելել է 1992 թ., այն ժամանակ նույնպես այցը կրել է տարածաշրջանային բնույթՙ Արգենտինայի, Ուրուգվայի Արեւելյան եւ Բրազիլիայի Դաշնային հանրապետություններ։
Ներկայացնելով ներկա այցի նպատակները, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 4-ին Բուենոս Այրեսի Սերվանտեսի անվան թատրոնում տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ համաշխարհային գործընթացների արագ փոփոխության պայմաններում անհրաժեշտություն է ծագել բարելավել ձեւավորված հարաբերությունները, քննարկել առկա բոլոր խնդիրները եւ փորձել ուղիներ փնտրել երկկողմ հարաբերությունների զարգացումը խթանելու համար։
Անդրադառնալով արգենտինյան այցի արդյունքներին, Ռ. Քոչարյանն ասաց, որ երկրի նախագահ Էդուարդո Դուալդեի, ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, հիմնականում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՙ դրանք քաղաքական փոխհարաբերությունների մակարդակին բարձրացնելու խնդրով։ Տնտեսական առումով Արգենտինան լուրջ հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասում, հատկապեսՙ Հայաստանում, որի միջոցով կարող է իր ներկայությունը հաստատել հարավկովկասյան տարածաշրջանում։
ՀՀ նախագահը առանձնակի ընդգծեց այն հանգամանքը, որ ունեցած բոլոր հանդիպումներում դրվատանքի գնահատականներ են հնչել արգենտինահայ համայնքի հասցեին։ Նա շնորհակալական խոսք ուղղեց ներկաներին, որ կարողացել են մի քանի սերունդների կենսագրությամբ նման վերաբերմունք ձեւավորել, ինչն իր անմիջական ազդեցությունն է թողնում հայ-արգենտինյան հարաբերությունների վրա։
«Մինչեւ 1991 թ. մենք եղել ենք աշխարհով մեկ սփռված ժողովուրդՙ դրամատիկ կենսագրությամբ։ Այսօր մենք պետություն-ժողովուրդ ենք, եւ չափազանց կարեւոր է, որ պետականության զգացումը իր արմատներն ունենա հայ ժողովրդի մեջ Հայաստանում, թե Հայաստանից դուրս, ասաց Ռ. Քոչարյանը, նշելով, որ պետականության զգացումը պետք է օգնի կառուցելու հզոր Հայաստան, ինչը կհզորացնի նաեւ Սփյուռքը, որն իր հերթին կաջակցի Հայրենիքին։ Նախագահի խոսքերով, դա պետք է ընկած լինի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմքում, եւ այդ խնդրի շուրջ լուրջ քննարկումներ են ակնկալվում մայիսի վերջին Հայաստան-Սփյուռք երկրորդ համաժողովի ընթացքում։
«Ոչ հեռու անցյալի վճռական պահին, որը դեռ վառ է մեր հիշողության մեջ, Սփյուռքը պարտականություն զգաց եւ ակտիվորեն տնտեսական օժանդակություն տրամադրեց Հայաստանին։ Այսօրվա դրությամբ անհրաժեշտ են նոր գաղափարներ, որոնք չեն սահմանափակվում հեշտ տնտեսական հաջողությամբ, այլ կապահովեն անմիջական արդյունք եւ շահութաբեր գործարքներ», համայնքի անունից ՀՀ նախագահին հղած ողջույնի իր խոսքում նշեց դոկտոր Անդրանիկ Էռնեկյանը։ ՀՀ եւ ԱՀ-ի միջեւ ստորագրված փաստաթղթերից եւ պայմանագրերից տասն առնչվում են առեւտրատնտեսական, գյուղատնտեսական, գիտատեխնիկական եւ միջուկային էներգիայի, ինչպես նաեւ մշակույթի, գիտության եւ առողջապահության բնագավառներին։ Ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար, ըստ Ա. Էռնեկյանի, անհրաժեշտ է ստեղծել Հայաստանն ու Սփյուռքը միմյանց կապող գործուն մեխանիզմներ։
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահն անդրադարձավ Հայաստանի ներքին իրավիճակին, տարվող արտաքին քաղաքականության ուղղություններին, իրականացվող տնտեսական բարեփոխումներին։
Վերջում համայնքի երգի ու պարի խմբերի կողմից հանդիպման հարյուրավոր մասնակիցների համար տրվեց համերգ։
Նախորդ օրը, մայիսի 3-ի երկրորդ կեսին, ՀՀ նախագահը հանդիպումներ էր ունեցել Բուենոս Այրեսի կառավարությունում, ԱՀ Կոնգրեսում, ելույթ է ունեցել Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդում։
Շաբաթ օրը, մայիսի 4-ի առավոտյան նախագահ Ռ. Քոչարյանն ու նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Արգենտինայում ՀՀ դեսպանություն։ ԱՀ-ում եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում ՀՀ դեսպան Ա. Այվազյանը ներկայացրեց դեսպանության կողմից տարվող աշխատանքը, այստեղ հավաքված բարերարներին, համատեղ իրականացվող ծրագրերը։ Ի դեպ, նախագահը նկատեց, որ Արգենտինայում ՀՀ դեսպանության շենքը լավագույններից մեկն է Հայաստանի արտասահմանյան ներկայացուցչություններից։ Այստեղ մեծ է քույր եւ եղբայրՙ Էդուարդ եւ Ադրինե Սեֆերյանների դերը, որոնք երկու տարի առաջ գնել եւ դեսպանությանն են նվիրել հոյակերտ այդ շենքը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի հանձնախմբի հետ դեսպանատանն ունեցած հանդիպման ընթացքում Ռ. Քոչարյանը հիմնադրամի 10-ամյակի կապակցությամբ հուշամեդալներ հանձնեց մի խումբ բարերարների։
Մայիսի 5-ի առավոտյան ՀՀ նախագահն ու պաշտոնական պատվիրակությունն այցելեցին Բուենոս Այրեսի Սբ Գիրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ ներկա գտնվեցին պատարագին, հանդիպեցին Հայ կենտրոնի ղեկավարներին, ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին։
Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում հուշատախտակի բացմամբ ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի այցը Արգենտինա։
Մայիսի 5-ի երկրորդ կեսին սկսվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այցը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն։ Ժամանելով մայրաքաղաք Մոնտեվիդեո, նախագահն ու պաշտոնական պատվիրակությունը ուղեւորվեցին Արմենիա հրապարակ, որտեղ նրանց աղ ու հացով սպասում էր ուրուգվահայերի ոգեւորված բազմությունը։ Այս հրապարակը դարձել է հայ-ուրուգվայական բարեկամությունը խորհրդանշող ուրույն վայր։ Փոքրիկ բարձունքի վրա կանգնեցված է հուշարձան, որի ջրավազանը խորհրդանշում է Սեւանը, հետեւի պատըՙ Արարատ լեռը, իսկ արծիվըՙ Հայաստանը. արծվի վիրավոր թեւը Արեւմտյան Հայաստանն է, իսկ առողջըՙ ներկայիս Հայաստանը, միշտ պատրաստ թռիչքի։ ՀՀ նախագահը ծաղկեպսակ դրեց հուշարձանին։
Նախագահ Ռ. Քոչարյանը ծաղկեպսակ դրեց նաեւ Մոնտեվիդեոյի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու բակում կառուցված Մեծ եղեռնի նահատակների հուշարձանին։ Եկեղեցում եւս հավաքվել էր ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչների հոծ խումբ, որոնց ներկայությամբ ՀՀ նախագահին, հանրապետության առաջին տիկնոջը ու պատվիրակության անդամներին ողջունեց Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արք Քլնջյանը։
Հայ համայնքի հետ հանդիպումը տեղի ունեցավ Մոնտեվիդեոյի ազգային գրադարանում։ Այստեղ էլ ՀՀ նախագահն անդրադարձավ երկրի նպատակներին, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին, ներդրումային ծրագրերին։ Ի պատասխան այն մտավախությունների, թե հնարավո՞ր է արդյոք տնտեսական կապեր հաստատել միմյանցից այդքան հեռու գտնվող երկու տարածաշրջանների միջեւ, նախագահը բերեց Ուրուգվայի եւ Իրանի, Հայաստանի եւ Մ. Նահանգների ու Կանադայի օրինակները, որոնց միջեւ, չնայած մեծ հեռավորությանը, այսօր իսկ հաստատված են աշխույժ առեւտրատնտեսական փոխհարաբերություններ։
Կարեւորելով Հայաստանում գործընթացներին Սփյուռքի ակտիվ մասնակցությունը, ՀՀ նախագահը նշեց, որ սփյուռքահայությանը պետք է դիտել որպես մի գործընկերոջ, որը նաեւ իր տնտեսական շահը պետք է ունենա Հայաստանում։
Վերջում Ռ. Քոչարյանը պատասխանեց ուրուգվահայ համայնքին հետաքրքրող հարցերին։
Նշենք, որ ՀՀ նախագահի այցը լայն արձագանք է գտել տեղական մամուլում։ Մասնավորապես Ռ. Քոչարյանի հետ հարցազրույցներ են տպագրել արգենտինյան «Կլարին», ուրուգվայական «Օբսերվադոր», «Պաիս» առաջատար օրաթերթերը։