Ապրիլի 4-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ ՀՌԱԿ ակումբների վարչականների ժողովը։ Այն սկսվեց նորագիր ռամկավարների երդմնառության արարողությամբ, որի ընթացքում ուխտն արտասանեց ՌԱԿ նախագահ Հայկաշեն Ուզունյանը։ Ապա ՀՌԱԿ Հանրապետական վարչությունն, ի դեմս ատենապետ Ռուբեն Միրզախանյանի եւ ատենադպիր Գառնիկ Հովակիմյանի, Հայկաշեն Ուզունյանին պարգեւատրեց «Կուսակցության նվիրյալ» թիվ 1 շքանշանով։
Այս կապակցությամբ ՌԱԿ նախագահը նշեց, որ պարգեւատրումն իր համար մեծ անակնկալ էր, քանի որ պատրաստ չէր դրան։ Նաեւ մեծ խանդավառություն է իր համար տեսնել Հայաստանում Ռամկավար Ազատական կուսակցության նման առաջընթաց բարձրացումն ու ընդլայնումը։
Անդրադառնալով Հայաստան-սփյուռք հարաբերություններինՙ պրն Ուզունյանը նշեց. «Մեր մամուլն այսօր կարծես մահվան զանգեր է հնչեցնում սփյուռքում, կարծես Հայաստանում ոչ մի դրական գործ չի արվում։ Նույն արտագաղթը բնական է նաեւ այլ ազգերի համար։ Ամեն արտագաղթած հայ նաեւ հարստություն է մեզ համար։ Ուրեմն պետք չէ դրանից հուսահատվելՙ ավելի մեծացնելով դրա բացասական ազդեցությունը»։
Նա իր խոսքը եզրափակեց այն մտքով, որ պետք է տեսնել դրականը, եւ այդ գործում իր անելիքներն ունեն նաեւ ռամկավարները։ Այնուհետեւ «Մետաքս» ակումբի ատենապետ Խաչիկ Էդոյանը իր ստեղծագործություններից մի նկար հանձնեց Հայկաշեն Ուզունյանին։
Վարչականների ժողովին վերաբերող առաջին ելույթը ՀՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանինն էր։ «Մեր հերթական հավաքը խորհրդանշական է, քանի որ վերջերս Արարատի մարզում բացվեց 100-րդ ակումբը։ Նման հաջողություն իր գործունեության 10 տարում կուսակցությունը չի գրանցել։ Այդ առումով իրականացվել է լուրջ աշխատանք, որը ենթադրում է կրկնապատկել ոչ միայն գործող ակումբների քանակը, այլեւ մինչ սեպտեմբերի ավարտը եռապատկել կուսակցության անդամների թիվը», ասաց Ռուբեն Միրզախանյանը։
Անդրադառնալով ներկա քաղաքական իրավիճակինՙ պրն Միրզախանյանը նշեց, որ քաղաքական դաշտում արձանագրվող ոչ ցանկալի բեւեռացումը հնարավոր է լուծել միասնությամբ, ինչը բնավ չի նշանակում միակարծություն։ «Երբ որպես ընդդիմություն ներկայանում են մարդիկ, որոնք ատելությամբ են լցված ամեն դրականի հանդեպ, դա ժողովրդավարություն չէ։ Զարգացած ժողովրդավարական երկրում, օրինակ, որոշակի ժամանակահատվածի համար ընտրված նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը լինում է ծայրահեղ դեպքերում։ Մինչդեռ մեզանում որոշ «ընդդիմադիր» քաղաքական ուժեր եւ գործիչներ իրենց անվախ են համարումՙ վիրավորելով նախագահին։ Բայց պետք է հաշվի առնել, որ ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է նախագահ, այլ նախագահըՙ Ռոբերտ Քոչարյան։ Այո՛, պետք են քննադատական խոսք, ընդդիմություն, առանց որոնց չեն լինի զարգացման նորմալ պայմաններ։ Ազատ խոսքը ճիշտ միտքն օբյեկտիվորեն ներկայացնելն է»։
Ապա ՀՌԱԿ ատենապետը խոսեց պետական ուռճացված ապարատի, օրենսդրության, որոշ օրենքների մասին։ Խոսվեց նաեւ այսօր ցավոտ թեմա համարվող արտագաղթի, ներգաղթով հավասարակշռելու եւ էլ ավելի սարսափելի չներկայացնելու մասին։ Եզրափակելովՙ Ռ. Միրզախանյանն անդրադարձավ կուսակցության ակումբների գործունեության թերություններին, նշելով, որ վերջիններս տեղերում չեն ուսումնասիրում առկա խնդիրները, չեն օգտագործում եղած հնարավորություններըՙ այդ հարցերի լուծման համար։ Մինչդեռ այս ամենը նախընտրական տարում շատ կարեւոր է։
Ելույթ ունեցավ նաեւ ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։ «Ի հակադրություն միմյանց ստեղծված այսօրվա կուսակցությունները քաղաքական դաշտում միայն կապկում են միմյանց։ Մինչդեռ ՀՌԱԿ-ը կարող է ասել, որ կապ չի ունեցել ո՛չ անցյալի թալանչիների, ո՛չ էլ ներկայիս կոռումպացված ուժերի հետ։ Բայց միշտ գործել է ակտիվորենՙ փորձելով լուծել որոշ խնդիրներ»։
Ապա պրն Առաքելյանն անդրադարձավ ընտրություններին, բնակչությանն այն գիտակցության հասցնելու խնդրին, որ 1 կգ բրնձով ընտրվող պատգամավորը երբեք էլ իրեն պատասխանատու չի զգում իր ընտրողների առաջ։
Շիրակի մարզի շրջանակի ատենապետ Նորիկ Գրիգորյանը ներկայացրեց մարզում կուսակցության ակումբային գործունեությունը։ Նա իր խոսքում նշեց. «ՀՌԱԿ-ը թերեւս քիչ է քննադատում իշխանություններին։ Կառուցողական քննադատության է արժանի այն ամենը, ինչում թերանում են իշխանությունները»։ Պրն Գրիգորյանը կարեւորեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու դրանց ռամկավարների մասնակցությունը։
Լոռու շրջանակի ատենապետ Ֆերդինանտ Հարոյանը նույնպես ներկայացրեց մարզում առկա իրավիճակն ու հակիրճ անդրադարձավ ՀՌԱԿ հաջողություններին։
Արարատի շրջանակի ատենապետ Սամվել Մինասյանի խոսքը ընդարձակ անդրադարձ էրՙ ռամկավարական 200-րդ ակումբի ստեղծումից մինչեւ ՀՀ նախագահին «Մամուլի թշնամի» տիտղոսի արժանացնելու հանգամանքը։ Նա նշեց, որ, նման «մրցանակների» հետին միտքն այն է, որ հանրապետությունում ամեն ինչի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է։ Եվ եթե նման կերպ մոտենանք, որ հիմնական այլ պատասխանատուներ չկան, ապա երկրի նախագահը պիտի համարվի նաեւ բանջարաբոստանային կուլտուրաների, ոռոգման, այլ ցանկացած հարցի լուծման թշնամի։ Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ հասարակական կյանքի ցանկացած ոլորտ ունի ե՛ւ կոնկրետ կառավարիչ, ե՛ւ, ըստ այդմ էլ, կոնկրետ պատասխանատու, որոնք, որպես կանոն, նախընտրում են լռությունը, իրենց հաշվենկատ գործունեությունը։
Երեւանի «Ազատական» ակումբի ատենապետ Վահագն Փիլիպոսյանը նշեց երիտասարդության եւ կանանց շրջանում առկա հիմնախնդիրներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։
Վայոց ձորի «Մալիշկա» ակումբի ատենապետ Արմեն Մարգարյանն անդրադարձավ գյուղիՙ քաղաքականությունից կտրված լինելուն եւ գյուղացուՙ քննադատություն լսելու հոժարությանը։ Լինելով մարզի միակ ակումբըՙ վերջինս փորձում է «առողջ խոսքն ու քննադատությունը» հասցնել ժողովրդին։
ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Գառնիկ Հովակիմյանը խոսեց ներկուսակցական խնդիրների մասին։ Նա նշեց, որ ակումբները թերանում են, Հանրապետական վարչության ուղարկած շրջաբերականները չեն հասցվում շարքային կուսակցականներին, ժողովներ, քննարկումներ չեն իրականացվում, իներտ մարդիկ դառնում են կուսակցության անդամ։ Կապ չկա մամուլի հետ, ակումբները տեղական խնդիրներին ուշադրություն չեն դարձնում։
«Մալաթիա» ակումբի ատենապետ Պետրոս Գեւորգյանն ու «Աբովյան» ակումբի ատենապետ Միշա Հովհաննիսյանը խոսեցին կուսակցական շինարարության, ՀՌԱԿ առջեւ դրված խնդիրների ակտիվ լուծման մասին։
Ելույթ ունեցավ նաեւ ՌԱԿ անդամ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ «Պետք է օգտագործել թերթի հնարավորություններըՙ ակումբների միջոցով տեղերում բարձրացվող հարցերի մասին խոսելու համար։ Եթե նման մոտեցումը պահպանենք, ակումբների հեղինակությունն էլ կբարձրանա», ասաց պրն Ավետիքյանը։ Թերթն ունի հեղինակություն, ուստի կարող է բարձրացնել տեղական հնչեղություն ստացող հարցերն ու հետեւողական լինել դրանց լուծմանը։
ՀՌԱԿ ակումբների վարչականների ժողովը եզրափակեց ՀՌԱԿ ատենապետը։ Պրն Միրզախանյանը փաստեց, որ երիտասարդության հետ պետք է ճիշտ աշխատել, որպեսզի նրանք, անցնելով որոշակի ճանապարհ, նոր միայն մուտք գործեն քաղաքականություն։ Ապա եւս մեկ անգամ շնորհավորելով Հայկաշեն Ուզունյանին եւ հայտնելով նման մարդու ճանաչելու մեծ հպարտությունըՙ հավաքը հայտարարեց փակված։
Ա. Հ.