ԳՅՈՒՄՐԻ, 6 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Ադրբեջանցի որեւէ պետական գործչի որեւէ հայտարարություն ինձ համար զարմանալի չէ», ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանըՙ մայիսի 5-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրեն չե՞ն անհանգստացնում ադրբեջանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ Ադրբեջանին այլեւս ձեռնտու չէ ներկայիս ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը։ «Բայց պրոբլեմ, իհարկե, կա», նշեց նախարարը, ընդգծելով, որ մինչեւ արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը պրոբլեմը միշտ էլ կլինի։
Ինչպես ընդգծեց Սերժ Սարգսյանը, նախարարը միշտ էլ պետք է անհանգիստ լինի, միշտ պետք է ենթադրի, որ, «Աստված մի՛ արասցե, վաղը կարող է պատերազմը վերսկսվել»։ «Այստեղ էականը դա չէ, էականն այն է, որ այսօր մեր բանակը մարտունակ է, պատրաստ է պաշտպանել մեր երկրի սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը», հայտարարեց նախարարը։
Սերժ Սարգսյանը հայտնեց նաեւ, որ ՀՀ նախագահի հանձնարարականով նախապատրաստվում է եւ առաջիկա օրերին կստորագրվի հրամանագիր, որի համաձայն բոլոր զոհված ազատամարտիկները կպարգեւատրվեն Արիության համար մեդալով։
Բացի այդ, ըստ նախարարի, ամենայն հավանականությամբ հաջորդ տարվանից, կառավարությունը զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրվող թոշակները բարձրացնելու մասին համապատասխան որոշում կկայացնի։