«Հակաստվեր» հասարակական կազմակերպության երեկվա կլոր սեղանի հյուրն էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։ Թեման քաղաքական կոռուպցիան էր, դրա բովանդակությունն ու դրսեւորումները։
Ինչպես նշեց պրն Հովհաննիսյանը, կոռուպցիայի տեսակները հստակ չեն սահմանազատվում իրարից։ Երեւույթի հիմնական պատճառների հիմքը քաղաքական եւ տնտեսական իշխանությունների նույնացումն է։
Օրենսդրական հակասությունների, իշխանության ոչ արդյունավետ աշխատանքի, քաղաքացիական թույլ հասարակության պայմաններում, ըստ Վահան Հովհաննիսյանի, հանգում ենք նրան, որ քաղաքական իշխանությունը ձեռք է բերում տնտեսականը, իսկ տնտեսական իշխանությունըՙ քաղաքականը։
Նախկին ԽՍՀՄ-ում քաղաքական իշխանությունը ձեռք էր բերում կապիտալ, սակայն «ստվերից» արգելվում էր մտնել քաղաքականություն։ Ժողովրդավարական երկրներում, ընդհակառակը, արգելված է քաղաքական իշխանությունը վերածել տնտեսական կապիտալի։
«Հայաստանում հիմնականում անօրինական ձեւով իրենց հնարավորությունները կուտակած մարդիկ մտան խորհրդարան, այնտեղիցՙ նշանակվելով գործադիր իշխանության որոշ պաշտոններիՙ այժմ օգտագործում են իրենց հնարավորությունները հակադարձ ճանապարհի համար», ասաց Վահան Հովհաննիսյանը։ Ըստ նրա, այս վիճակը վտանգավոր է, քանի որ նմանօրինակ իրավիճակի արմատավորումը Լատինական Ամերիկայում հանգեցրեց մաֆիոզ խմբավորումների ստեղծման կամ զինված հեղաշրջումների։
Քաղաքական կոռուպցիայի օրինակ է, որ ԱԺ մոտ 60 պատգամավորներ ստորագրահավաքով փորձում են ավելացնել մեծամասնական տեղերի թիվըՙ դրանց փոքրացմանն ի հակադրություն։
«Ենթադրվում էր, որ «թաղային» հեղինակությունները կծեծեին կուսակցությունների դռները։ Այդպես չեղավ, միայն մեկ-մեկ իշխանության կուսակցության դռան շրխկոց է լսվում։ Եվ այն, որ այդ 60-ը ճնշում են գործադրում ՀՀ նախագահի, կառավարության, ԱԺ ղեկավարության վրա, քաղաքական կոռուպցիայի օրինակ է», նշեց պրն Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն պայքարին, ապա դրա համար կան կոնկրետ առաջարկներ. լոբբիստական գործունեության, պատգամավորական էթիկայի մասին օրենքներ եւ այլն։
Պատասխանելով լրագրողների հարցերինՙ կլոր սեղանի հյուրը նշեց, որ աղքատ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը մեծ դժվարությունների է հանդիպում, ընտրակաշառքներն էլ ծագում են թշվառ վիճակից եւ օրենքի անկատարությունից։
«Ազգի» այն հարցին, թե հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունն ինչպե՞ս պիտի ապահովվի երեւույթի բացահայտման առկա սակավ հնարավորություններով, պրն Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ առումով տարաձայնություններ կան ե՛ւ օպերատիվ հետախուզության, ե՛ւ բանկային գաղտնիքի մասին օրենսդրական լինելիության կապակցությամբ։
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է ԱԺ-ն շարունակում ընդունել այնպիսի օրենքներ, որոնք կոռուպցիոն հիանալի «սողանցքեր» ունեն, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա ավելի շատ ԱԺ ֆրակցիաների հարցն է, քանի որ հարցը քաղաքական է։
Սա եւս մեկ անգամ փաստում է, թե որքան ենք ամեն ինչ քաղաքականացրելՙ իրավականը, քաղաքականն ու տնտեսականը խառնելով իրար։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ