«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2002-05-03 | #82, 2002-05-04 | #83, 2002-05-07


«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Քննարկում են դպրոցականները

Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներն ապրիլի 24-ով չեն սահմանափակվում։ Այս օրերին նույնիսկ հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են Եղեռնի 87-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Օրերս յուրօրինակ միջոցառում էին կազմակերպել Ախուրյանի թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանցիները եւ պատմության ուսուցչուհի Ռուզան Մաթեւոսյանը եւ անվանել էին «Հայկական հարցի դատավարություն»։

«Դատական նիստին» ներկա էին «միջազգային դատավորները», «հայկական ու թուրքական կողմերի» ներկայացուցիչները, ինչպես նաեւ հարցը լուսաբանող անձինք։

Հայկական կողմը հիմնավոր փաստարկներով ներկայացրեց 1915¬23 թթ. Թուրքիայում կատարվածը եւ բնորոշեց որպես ցեղասպանություն, որը թուրքական կողմը ժխտում էրՙ կատարվածը բնորոշելով այսպես. «Մենք հայերին մերձճակատային գծից տեղափոխել ենքՙ փրկելով նրանց կործանումից, եւ հետոՙ սուլթան Աբդուլ Համիդ II-ն ու երիտթուրքերի պարագլուխները մեծահոգաբար էին վերաբերվում հայ ահաբեկիչներին։ Նույնիսկ Օտոմանյան բանկի զավթումից, Ադանատի դեպքերից հետո կառավարությունը ներեց նրանց ու պատժեց որոշ թուրք պաշտոնյաների»։

Միջոցառման ընթացքում տրվեց մեծ մարդասեր, իրավագետ Ռաֆայել Լեմկինի առաջին անգամ օգտագործած «գենոցիդ» տերմինի բացատրությունը. «Լեմկինը «գենոցիդ» բառն ինքն էր կազմել հունարեն գենոս (ցեղ) եւ լատիներեն ցիդա (սպանություն) բառերի միացումով»։ Նա գրում է. «Ցեղասպանություն ասելով հասկանում ենք որեւէ ազգի կամ ցեղային միության բնաջնջումը։ Լեմկինը ցեղասպանության մասին խոսելով, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հիշում է հայերի ջարդը Օսմանյան կայսրությունում»։

«Դատավարությունն» ընթանում էր բոլոր դատական կանոնների համաձայն, վերջում կարդացվեց դատավճիռը. «Ցեղասպանության ընդունումը Թուրքիայի կողմից հետայսու կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական մարդկային քայլ, որը միայն պատիվ կբերի թուրքական կառավարությանը»։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4