«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2002-05-03 | #82, 2002-05-04 | #83, 2002-05-07


ՀԱՅ ՀՈՐ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի խորհրդական Վադիմ Արտյուխովը նշանակվել է ՌԴ պետգույքի նախարարի տեղակալ։ Ի՜նչ մի իրադարձություն է, կասեն Հայաստանում։ Սկզբունքորեն այդպես է. այս նշանակումը կոչված չէ արմատապես փոխելու Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունը։ Բայց բանն այն է, որ նորաթուխ փոխնախարարի հայրըՙ Վիտալի Արտյուխովը... հայ է։ Ընդսմին, այդ փաստն արձանագրված է վերջինիս անձնական ու պաշտոնական փաստաթղթերում, եւ որ կարեւոր էՙ նա ինքը չի հրաժարվում իր ազգային պատկանելությունից։ Արդեն երկար տարիներ հայր Արտյուխովը երեւացող դեմք է Ռուսաստանի իշխանական կառույցներում. եղել է ֆինանսների փոխնախարար, հարկերի նախարար, կառավարական հանձնաժողովի նախագահ, ներկայումս էլ ՌԴ բնական ռեսուրսների նախարարն է։ 29-ամյա որդի Արտյուխովը բարձրակարգ մասնագետ է բանկերի եւ ֆոնդային շուկայի հարցերում։

Եվ այստեղ հառնում է գլխավոր համլետյան հարցըՙ հա՞յ է համարում իրեն Վադիմ Արտյուխովը։ Ցավոք, այս հարցի պատասխանը մեզ հայտնի չէ։ Ավա՜ղ, լրագրողի աշխատանքի բերումով ես Մոսկվայում հանդիպել եմ նույնիսկ Հովհաննիսյանների ու Հարությունյանների, որոնք սոսկ ընդունել են, որ հայ են եղել... իրենց նախնիները։

Այնպես որ, նշենք փաստը, բայց դրա հետ հույսեր չկապենք։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4