«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2002-05-03 | #82, 2002-05-04 | #83, 2002-05-07


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է ԳԱՂՏՆԻ ԶԵԿՈՒՅՑ

ԲԱՔՈՒ, 6 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի ասպեկտներից մեկի մասին, որ մինչեւ օրս պատված է գաղտնիության քողով, վերջերս Բաքվի «Զերկալո» թերթի էջերում պատմել է Ադրբեջանի ԱԳՆ նախկին աշխատակից Մուրադ Հեյդարովը։ Ըստ նրա, 1998 թ. հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հակամարտային խնդիրների վարչությունում պատրաստվել է զեկույց, ուր վերլուծվում էր ոչ հօգուտ Ադրբեջանի ստեղծված իրադրությունը կարգավորման գործընթացում, առաջարկվում էին կոնկրետ հանձնարարականներ նկատվող ճգնաժամի հաղթահարման համար։ Այդ զեկույցը գաղտնի էր պահվում։ Սակայն, ինչպես նշում է հոդվածի հեղինակը, «փաստաթուղթը ոչ միայն «թաղված է», այլեւ կորսված։ Այդ զեկույցի գոյության մասին տեղեկատվության բացակայությունն է վկայաբերել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո կենտրոնի ղեկավար Մետին Միրզան «Էմ Փի Էյ»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ, որն այն ժամանակ աշխատում էր հակամարտային խնդիրների վարչությունում։ Ըստ նրա, 90-ական թվականներին նրա պաշտոնը թույլ չէր տալիս իրազեկ լինել բանակցային գործընթացի բոլոր հանկարծական փոփոխություններին եւ ընդունվող որոշումներին։ Որեւէ կոնկրետ բան չի ասել եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը։ Հետաքրքրական է, որ երկու դիվանագետները չեն հաստատում եւ չեն հերքում «գաղտնի» դրոշմով փաստաթղթի անհետացման փաստը երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պատերից։ Թեեւ Ա. Ազիմովը եւ Մ. Միրզան միաձայն հայտարարում են, որ Մ. Հեյդարովը լավագույն դիվանագետներից մեկն էր, նրա անկեղծությանն ու պարկեշտությանը չեն կասկածում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4