«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2002-05-03 | #82, 2002-05-04 | #83, 2002-05-07


ԳՐԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԻ ԳՆԱՀԱՏԱՆՔ «ԹԵՔԵՅԱՆԻ» ԿԱՄԱՐՆԵՐԻ ՆԵՐՔՈ

«Հայ գրողը սփյուռքում կտառապեր, կհեղինակեր, բայց ընթերցող չէր ունենար։ Սփյուռքի մեջ կան գրողներ, արժանի մարդիկ, բայց իրենց աշխատանքով չէին կրնար ապրիլ, չորս պատերու մեջ կերկնեին, բայց դժվարություններ կունենային։ Կար ժամանակ սփյուռքի մեր գրողները նախանձով կնայեին Հայաստանի գրողներուն, որոնք շատ ավելի հնարավորություններ ունեին տպագրվելու եւ կրնային գրականությամբ ապրիլ։ Ժամանակները փոխվեցան, հիմա արդեն հայրենի գրողները չեն կրնար պահպանել իրենց գոյությունը», ՌԱԿ նախագահ, սփյուռքահայ բարերար Հայկաշեն Ուզունյանը, որ օրերս է այցելել հայրենիք, բարեպատեհ առիթն ունեցավ իր գնահատանքն արտահայտելու Հայաստանում ապրող եւ ստեղծագործել շարունակող գրողներին եւ անձամբ հանձնելու ԹՄՄ «Հայկաշեն Ուզունյան» գրական այն մրցանակը, որ «38 տարի առաջ ինքը մտածումն ունեցավ ստեղծելու»։ Այդ տարիների ընթացքում մրցանակը տրվել է սփյուռքահայ գրողներինՙ Վահե¬Վահյանին, Անդրանիկ Ծառուկյանին, Մուշեղ Իշխանին եւ ուրիշներին։ Եվ ահա Հայաստանիՙ վերջին տարիների սոցիալական դժվարությունները նկատի ունենալով, Հայկաշեն Ուզունյանի ցանկությամբ մրցանակատվությունն առավելաբար ուղղվել է հայրենիքում ստեղծագործող գրողներին։ Չնայած այսօր գործող բավական թվով մրցանակներին, այնուամենայնիվ, փաստել է պետք, որ առաջին անգամ այս միտքը հղացել է Հայկաշեն Ուզունյանը, իր ողջույնի խոսքում ասաց երեկոյի հանդիսավարըՙ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ «Սա չի նշանակում, թե սփյուռքահայ գրականությունն անտես ենք առել, բայց իրավիճակի ռեալ թելադրանքովՙ մրցանակատվությունը Հայաստանի վրա է կենտրոնացել։ Այսօր մրցանակներն այնպիսի մարդկանց է տրվում, որ հարգանք ու սեր են վայելում ստեղծագործական մեծ վաստակ ունեն»։ Այնպես որ առիթ չի լինի այնպիսի խոսակցությունների, որ սովորաբար ծայր են առնում նման մրցանակաբաշխություններից հետո։

Արարողությանը մասնակցում էին դատակազմի (ժյուրի) անդամները, ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հասարակագետ Կարլեն Դալլաքյանը, մրցանակի հիմնադիր նախագահ Հայկաշեն Ուզունյանը եւ իր տիկինըՙ Մարի Ուզունյանը։ Թեքեյան կենտրոնի հանդիսասրահում հավաքված էին մտավորականներ, գրողներ, լրագրողներ, հյուրեր։ Ցավոք, հանդիսությանը ներկա չէր մրցանակակիրներից Լեւոն Հախվերդյանըՙ հիվանդության պատճառով։ Մրցանակը Հախվերդյանիՙ գրականագիտության, թատերագիտության, հրապարակախոսության ասպարեզներում, սփյուռքի հետ կապված աշխատանքներումՙ բանախոսությունների, լեզվի նկատմամբ նախանձախնդիր վերաբերմունքի եւ մշակութային այլ մարզերում ունեցած վաստակի դույզն գնահատականն է։ Մրցանակը հանձնվեց գրականագետի կրտսեր որդունՙ Գագիկին։ Տկարության պատճառով բացակայում էր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, որի դերը հայ գրականության մեջՙ բանաստեղծության, հրապարակախոսության եւ ճանապարհորդագրության ժանրերում անուրանալի է, իսկ առավելաբար գնահատվեց նրա գործունեությունը Հայաստան-սփյուռք հարաբերություններումՙ իբրեւ կամրջողի, որ նա կատարել է սփյուռքահայ գաղութներ իր այցելություններով, ելույթներով։ Բանաստեղծուհու գրավոր շնորհակալության մեջՙ ուղղված Հ. Ուզունյանին, կարեւորվում էր «հայ գիրն ու գրականությունը գնահատելու» սփյուռքահայ բարերարի ջանքերը։

50 տարի շարունակ Վերժինե Սվազլյանը կատարել է գրական եւ բանահյուսական լուրջ ուսումնասիրություններ, հատկապես հիշարժան է նրա վերջին մեծածավալ աշխատությունը («Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ»), որում հեղինակն աննկարագրելի աշխատանք է կատարելՙ 1915-ի ցեղասպանությունից 700 վերապրողներիՙ ականատեսների վկայությունները գրառելով եւ զետեղելով գրքի մեջՙ իբրեւ փաստագրական ապացույց պատմական իրողության, որը հատկապես պատասխանատվություն է մեր անցյալի նկատմամբ. «Պատմական հիշողությունը չի մեռնում։ Զանազան ուսումնասիրություններ են կատարվել, բայց սա առաջին աշխատությունն է, ուր լսվեց ժողովրդի ձայնը։ Երբ ժողովուրդն էր զանգվածային ոչնչացման օբյեկտը, նախ եւ առաջ նրան էր պետք ունկնդրել...», մրցանակն ստանալիս ասաց Վ. Սվազլյանը։

2000 թ. հրատարակված «Հին պատմություն» գրքի համար ստացած իր այս մրցանակը Կարպիս Սուրենյանը համարեց իբրեւ մելգոնյանցիներին եւ Հայկաշեն Ուզունյանինՙ ինքն իրեն տրված մրցանակ։

«Սա յուրօրինակ գնահատականն է իր ծանրակշիռ վաստակի, հատկապես էսսեի ժանրումՙ սկսած Մելգոնյան վարժարանից մինչեւ այսօր։ Սուրենյանն այս ընթացքում լույս է ընծայել բազմաթիվ գրքեր, եւ իր պատկառելի հետքը թողել մեր գրական անդաստանում։ Այժմ պատրաստում է նոր գիրքՙ յուրօրինակ հուշագրություն, իր սկզբունքին հավատարիմՙ այլ ճշմարտության մեջ որոնելով ավելի ճշմարիտը», ներկայացնելով Կ. Սուրենյանինՙ ասաց «Ազգ» թերթի խմբագիրը։ Իսկ գրողի համար Թեքեյանի հարկի տակ ապրած այս պահը հուզիչ էր ոչ սովորական առումով եւ ուներ «հատուկ խորհուրդ», հատկապես իբրեւ մելգոնյանցի, քանի որ Հայկաշեն Ուզունյանի անունը մելգոնյանցիների համար եղել էր լեգենդ։ Կ. Սուրենյանը չէր կարող չանցնել վերհուշի միջով, քանի որ, ինչպես իր գրականության մեջ, ժամանակներն իր համար փոխներթափանցված են շարունակելիորեն... «Մելգոնյանցիությունը յուրահատուկ վիճակ է. այդ վիճակի կնիքը նա կրում է մինչեւ իր կյանքի վերջը։ Մելգոնյան վարժարանը դարձավ կարեւորագույն օջախ, որ սփյուռքին մատակարարեց ազգապահպան գործիչներ։ Իբրեւ սփյուռքի տարագիր ծնողների զավակՙ չէի կարող պատկերացնել, թե 65 տարի հետո հայրենիքումՙ Թեքեյան հարկի տակ, այս գեղեցիկ երեկոն կլինի, եւ ես պիտի արժանանայի «Հ. Ուզունյան» մրցանակինՙ հենց իրՙ հիմնադրի ձեռքից», ասաց Կարպիս Սուրենյանը։

Կարլեն Դալլաքյանը, գնահատելով բոլոր մրցանակակիրների վաստակը, շատ կարեւորեց սփյուռքահայ բարերարի հասարակական գործունեությունը. «Նա վեմ եղավ, որ կարողանան երկու տարանջատված կողմերը (սփյուռք-Հայաստան) իրար գան ու հասկանան միմյանց»։ Իսկ Ռուբեն Միրզախանյանը տեղեկացրեց, որ կուսակցության վարչության որոշմամբ թիվ 1 շքանշանը կշնորհվի Հայկաշեն Ուզունյանին, որը կուսակցական, բարերար լինելուց զատ, նաեւ եղել է ՀԲԸՄ-ի փոխնախագահ, վճռական դեր է կատարել Մելգոնյան կրթօջախի ճակատագրում, հոգացել, նոր շենքային պայմաններ է ստեղծել, նաեւ հրաշալի հրապարագիր է։

«Մեր համեստ օգնությունը կբերենք հայրենի գրողներին։ Շատ լավ է, որ մեր գրողները մնացին Հայաստանում եւ կշարունակեն արտադրել։ Գրողը ժողովրդի ցավը կխտացնե, թույլատրելի չէ, որ նա միայն իր գրականությամբ զբաղի եւ աշխարհը մոռնա։ Մեր գրողները առաջնորդներ պիտի ըլլան, ինչպես Վահան Թեքեյան, Լեւոն Շանթ, Արշակ Չոպանյան, Ավետիս Ահարոնյան։ Ուրախալի է, որ հայրենի մտավորականները տուրք չտվին այն սեւ մամուլին, ուր արտագաղթը եղերերգվեցավ, թե ծայրահեղ վիճակ է ստեղծված Հայաստանում, որը նպաստեց արտագաղթին», իր ելույթում իրավացիորեն նկատեց պրն Հայկաշեն Ուզունյանը։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4