Ամերիկահայ բարեգործ եւ գործարար Վահագն Հովնանյանը հայ մշակույթի մերօրյա գործիչներին խրախուսելու նպատակով հունվարին հայտարարեց «Վահագն» մրցանակի անվանակարգերը, որոնց մեջ ընդգրկվեցին հայ կերպարվեստի, կինոյի, թատրոնի եւ մշակույթի այլ բնագավառների լավագույն աշխատանքները, ինչպես նաեւ լրագրության բնագավառի վերջին մեկ տարվա լավագույն հետաքննական ժանրի նյութերը (ներկայացվել էր 180 անուն ստեղծագործություն, որից 160-ըՙ տպագիր, 18-ըՙ տեսաերիզ, 2-ըՙ ձայներիզ)։
«Վահագն» մրցանակի են արժանացել եւ լավագույն գրական ստեղծագործություններ են ճանաչվել Հովհաննես Գրիգորյանի «Հրաժեշտի մանկության երկնքից», Աշխեն Արարզյանի «Կանաչ, կարմիր որոնումներ» եւ Նորայր Ադալյանի «Կինը եւ տղամարդը» երկերը։
«Լրագրողական լավագույն հետաքննության համար» անվանակարգի լավագույն աշխատանքներն ենՙ «Իրավունք» շաբաթաթերթի «Հետաքննություն եւ մանրամասներ» հավելվածը, Հարություն Մանսուրյանի «Հանուն Հայաստանի Հանրապետության» եւ «Արտագաղթ» տեսաերիզները («Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն) եւ Խաչատուր Դադայանի «Ազգ» օրաթերթում տպագրված «Բաքվի հայկական նավթը» պատմական հետաքննական նյութը։
Կնոջ դերի լավագույն դերակատարումներն են համարվել ԽՍՀՄ ժող. դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի, ԼՂՀ վաստակավոր դերասանուհի Ժաննա Գալստյանի եւ Գրետա Մեջլումյանի դերակատարումները։
Տղամարդու դերի լավագույն դերակատարումներն են համարվել ԽՍՀՄ ժող. դերասան Խորեն Աբրահամյանի, Միքայել Պողոսյանի եւ Հրանտ Թոխատյանի դերակատարումները։
Առաջիկայում կընտրվեն կերպարվեստի, կինոյի եւ թատրոնի լավագույն ստեղծագործությունները։
Ռ. Պ.