Օրերս Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի կազմակերպած գիտաժողովը հայ հասարակական ու մշակութային կյանքի կարեւոր իրադարձություններից մեկն էրՙ նվիրված հայ տպագրության 490-ամյակին (1512¬2002)։
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին համալսարանի գիտության վարչության պետ Հր. Չփլախյանը, կուլտուրայի ֆակուլտետի դեկան Ռ. Միրզախանյանը, ինչպես նաեւՙ դասախոսներ, ասպիրանտներ, գրադարանային-տեղեկատվական ոլորտի աշխատողներ, ուսանողներ (շուրջ 130 մասնակիցներ)։
Բացելով գիտաժողովըՙ ֆակուլտետի դեկան Ռ. Միրզախանյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին, խոսեց այդ նախաձեռնության գիտագործնական մեծ նշանակության, ամբիոնի նպատակային լուրջ աշխատանքների եւ խոստումնալից հեռանկարների մասին։
Գիտաժողովում լսվեցին մի շարք զեկուցումներ. «Հայկական տպագրության 490 տարին» թեմայով առաջինը զեկուցեց գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանը։ Նա հանգամանորեն ներկայացրեց տպագրության զարգացման պատմական ընթացքը հայկական սփյուռքում եւ Հայաստանումՙ ընդգծելով գրատպության նշանակությունը հայ ժողովրդի բազմադարյան պատմության եւ մշակույթի զարգացման համար։
Հետաքրքրական զեկուցումներով հանդես եկան ամբիոնի հայցորդներ, Ազգային գրադարանի աշխատակիցներ Ա. Մուրադյանը եւ Ա. Հակոբյանըՙ նվիրված Երուսաղեմի եւ Բեյրութի գրքամատենագիտական մշակույթի պատմությանն ու արդիական դերին։ Իսկ ասպիրանտ Գ. Կարապետյանը կարեւորեց Մայր աթոռ Ս. Էջմիածնի դերը մատենագիտական եւ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում։
Ուշադրության արժանացան նաեւ Խնկո¬Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանի փոխտնօրեն Շ. Ոսկանյանիՙ «Մանկական գրադարանի արդի խնդիրները» եւ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակից Ն. Դայանիՙ «Հայաստանից արտահանված մշակութային արժեքների թվային շտեմարանը» զեկուցումները։ Հատկապես վերջինն ուղեկցված էր հետաքրքրական ցուցադրական նյութերով։
ՀՀ բուհական գրադարանների արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները թեմայով հանդես եկավ բուհական գրադարանների սեկցիայի նախագահ Ռ. Չիլինգարյանըՙ գրադարանային աշխատանքների բարելավման առումով կարեւորելով ուսումնամեթոդական խորհրդի ստեղծումը։
Այնուհետեւ մտքերի փոխանակման եւ գիտաժողովի արդյունքների գնահատման տեսանկյունից ելույթ ունեցան ամբիոնի դոցենտ Գ. Մկրտչյանը, համալսարանի գրադարանի տնօրեն Տ. Հովհաննիսյանը, «Հայ դպրության» ընկերության աշխատակից Ս. Նիկոյանը։
Փակման խոսքով հանդես եկավ Գ. Սուքիասյանըՙ նշելով գիտաժողովի առավել դրական առանձնահատկությունները։ Նա ասաց, որ ներկա գիտաժողովը բազմաբնույթ, այդ թվում գրադարանային գործի եւ մատենագիտության հարցերի բարձրացման եւ մասնագետների լայն շրջանների շփման իսկական առիթը դարձավ։
Գիտաժողովը օգտակար նորություններ տվեց նաեւ ուսումնագիտական ու գրադարանային-տեղեկատվական ոլորտներինՙ իր տեսակի մեջ որպես առաջին արձագանքը Հայաստանում եւ հայկական սփյուռքում։
Գ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, Գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի վարիչ, Եվրասիայի գրադարանային ասամբլեայի անդամ