«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2002-05-11 | #87, 2002-05-14 | #88, 2002-05-15


«ՀԱՊ-Ի ՀԵՏ ՊԻՏԻ ՀԱՇՎԻ ՆՍՏԻ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՆԱՏՕ-Ն»

Հոբելյանական նիստ Մոսկվայում

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Մոսկվա-Երեւան

«Հավաքական անվտանգության պայմանագիրը կայացել է որպես մեր ժողովուրդների խաղաղ կյանքի, ազգային շահերի ապահովման հավաքական միջոց։ Ու այսօր, երբ աշխարհաքաղաքական իրադրությունը զգալիորեն փոխվում է, մեր առջեւ կանգնում է ՀԱՊ-ի հետագա ամրապնդման խնդիրը», երեկ Կրեմլում գումարված Հավաքական անվտանգության խորհրդի նիստին նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոխանցեց խորհրդի նախագահությունը, որ մեր երկիրը վարում էր 2001 թ.-ի երեւանյան նիստից հետո։

ՀԱՊ-ի տասնամյա հոբելյանին հավաքված Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Կիրգիզիայի նախագահների որոշմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը նախատեսվում է վերածել կազմակերպությանՙ միջազգային տարածաշրջանային կառույցի կարգավիճակ ունենալու հեռանկարով։

«Նկատի ունենալով ՀԱՊ-ի նորմատիվ-իրավական բազայի ծավալներըՙ մենք արդեն իսկ աշխատում ենք ոչ թե պայմանագրի, այլ կազմակերպության ռեժիմով։ Այնպես որ, խոսքը դե ֆակտո եղած կառույցի իրավական ձեւակերպման մասին է», մեկնաբանեց ՀՀ նախագահը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ նշեց, թե ինքը վերաձեւումներից ստացվելիք կազմակերպությունը տեսնում է որպես ուժային հզոր կենտրոն հետխորհրդային տարածաշրջանում, որի հետ պիտի հաշվի նստի եւ համագործակցի ՆԱՏՕ-ն»։

«Ազգը» երեկ ներկայացրել է նիստում քննարկվող խնդիրների օրակարգը։ Նախագահների, այնուհետեւ ընդլայնված կազմով հանդիպումներն ամփոփող մամլո ասուլիսում Վ. Պուտինը խնդիրներից կարեւորեց հատկապես ռազմատեխնիկական համագործակցության ոլորտը։ «Բոլոր անդամների գնահատմամբՙ սա ՀԱՊ շրջանակներում ամենակարեւոր, ամենաշատ հարկավոր ոլորտն է»։ Այնպես որ, այս տարվա հունիսին Կիրգիզիայում նախատեսվում են միասնական զորավարժություններ։

Պայմանագրի վեց անդամները Մոսկվայում ստորագրեցին ռազմատեխնիկական համագործակցության խթանմանը նպաստող պայմանագիր, որ պիտի ապահովի ռազմական ապրանքների միանման գներ այդ պետությունների միջեւ։

«Կամենում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ մեր երկրների համագործակցությունն ուղղված չէ որեւէ մեկի դեմ։ Ուղղված է սպառնալիքների դեմ։ Ու մենք համագործակցելու ենք միջազգային համապատասխան կազմակերպությունների, գլխավորապես ՄԱԿ-ի ու նրա Անվտանգության խորհրդի հետ», հավաստեց ՌԴ նախագահը։ Մյուս նախագահները եւս ընդգծեցին ՀԱՊ-ի կենսական կարեւորությունն անդամ երկրների ու առհասարակ հետխորհրդային տարածաշրջանի խաղաղության ու կայունության առումով։

Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի ունեցավ նախագահներ Ռ. Քոչարյանի եւ Վ. Պուտինի առանձնազրույցը, որից հետո ՀՀ նախագահը վերադարձավ Երեւան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4