Ադրբեջանական «Զերկալո» թերթի լրագրողներ Լիա Բայրամովան եւ Զաուր Մամեդովը «Պատերազմի եւ խաղաղության հաշվետվությունների ինստիտուտի» ինտերնետային էջում գրում են Բաքվի ծննդատներում տիրող անմխիթար վիճակի մասին։
Անհրաժեշտ ծանոթություններ եւ փող չունենալու հետեւանքով Գյուլնարա Մեհտիեւայի նման կանանց ծննդաբերությունը «մղձավանջի է վերածվում», իսկ նորածինները դառնում են վատառողջ։ Բժշկական խնամքի ցածր մակարդակն ու տարածված կաշառակերությունը, որը մեծ քայլերով մտել է նաեւ այս ոլորտը, ծննդատներում ստեղծել են ճգնաժամային վիճակՙ նպաստելով երեխաների մահացության ցուցանիշների բարձրացմանը։ Բարերից մեկում ցածր աշխատավարձով աշխատող 29 տարեկան Գյուլնարային թիվ 6 ծննդատուն տեղափոխեցին բառացիորեն «փողոցից»ՙ առանց նախնական պայմանավորվածության։ Հերթապահ բժիշկը նրան ընդունելուց հետո հեռացել է։ Բուժքույրերից դեղորայքի խնդրանքը մերժվել էՙ «չունենք» պատճառաբանությամբ։ Դեղորայքից բացի, ծննդատներում անզգայացնող միջոցներ էլ չկան։ Դրանց փոխարեն բժիշկների եւ բուժքույրերի միջեւ մրցակցությունը մեծ է, թե ով է առաջինը հայտնելու երեխայի պորտի չորացման մասին, քանի որ նրան էլ հասնելու է «պարգեւատրումը»։
Այս շտապողականության եւ անփութության հետեւանքով նորածինները հաճախ վարակ են ձեռք բերում կամ վերքեր ստանում։ Հետեւանքներն, անշուշտ, պարզ են։ Այդ բարդությունների առաջացման դեպքերում ավելանում են ծնողների ծախսերը, քանի որ յուրաքանչյուր հավելյալ օր հիվանդանոցում նշանակում է հավելյալ վճար։ Բայց բարձր գները երբեք էլ չեն ապահովում բուժման բարձր մակարդակ։ Նոր մայրացած Եկատերինա Օսիպովայի վկայությամբ, հերթապահ բուժքույրերի անփութության հետեւանքով նորածին երեխաներ են շնչահեղձ եղել։
Ի դեպ, 1999-ին, ըստ վիճակագրության, 108.310 երեխա է ծնվել Ադրբեջանում, եւ յուրաքանչյուր 1000-ից 35-ը մահացել է։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տվյալների համաձայն, այս թիվը կրկնակի մեծ է հարեւան Վրաստանի եւ Ռուսաստանի տվյալներից։
Հ. Ծ.