Ասում է Գագիկ Հովհաննիսյանը
Հայ մամուլի պատմության մեջ հազվագյուտ են այն հիմնադիր-խմբագիրները, որոնք իրենց իսկ հիմնադրած հանդեսը կամ թերթը խմբագրել են 30 տարուց ավելի։ Նույն թերթում խմբագրական աշխատանքի 32 տարվա կենսագրություն ունի «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանը, որը, սակայն, խմբագրում է ոչ իր հիմնադրած թերթը։ Իսկ, ահա, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրըՙ Գագիկ Հովհաննիսյանը, արդեն 30 տարուց ավելի խմբագրում է այս հրատարակությունը։ Սրան գումարածՙ Երեւանի պետական համալսարանի դոցենտ (դասախոսում է 1971-ից), հայկական հեռուստատեսության շախմատային մեկնաբան (1972 թ.-ից), հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով հրատարակված 18 գրքերի հեղինակ, որոնց թվում են հանրաճանաչ «Տիգրան Պետրոսյան» (1989 թ.), «Գարրի Կասպարովի 100 զոհաբերությունները» եւ այլ գրքեր։
Գագիկ Հովհաննիսյանի շախմատային տիտղոսների ու պաշտոնների թվարկումը էջեր կարող են զբաղեցնել, ուստի նշենք միայն հիմնականները. շախմատի Հայաստանի պատանիների չեմպիոն (1964 թ., այդ ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր), աշխարհի սիրող շախմատիստների չեմպիոն (1998¬99 թթ. Հաստինգս), ՖԻԴԵ-ի վարպետ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար (1971-ից), ՖԻԴԵ-ի գործկոմի անդամ (1994-ից), շախմատի համաշխարհային ֆեդերացիայի եվրոպական 5-րդ գոտու նախագահ (1994-ից), ՖԻԴԵ-ի լրագրության եւ վիճակագրության հանձնաժողովի (ՉԻՊՍ) նախագահ (1995-ից)... 1996 թ. Գագիկ Հովհաննիսյանը ստանում է «Շախմատի միջազգային կազմակերպիչ» կոչումը։ Հենց նույն տարում էլ Երեւանում անցկացված շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի լավագույն կազմակերպման համար արժանանում է շախմատային «Օսկարի»...
Թող ներողամիտ լինի մեր գործընկերը, որ ամբողջությամբ չենք ներկայացնում իր շախմատային ողջ պատվաշարը։ Սակայն այս անգամ մեր հանդիպումը սոսկ շախմատային, մարզական (թեեւ, Աստված վկա, հազիվ թե շախմատը սոսկ մարզական բնագավառ համարես. այն նույնքան եւ արվեստ է, հոգեբանություն) «ոլորտում» չէր։
Աշխարհի մոտ 50 երկրներում է եղել (ԱՄՆ-իցՙ Ֆիլիպիններ), հազարավոր հայտնի մարդկանց է հանդիպել, հազարավոր հայերի, որոնք ի դեմս Գագիկ Հովհաննիսյանի տեսել են Հայաստանի, հայրենիքի պատվիրակին։
... Իսկ ամեն ինչ սկսվեց 1963 թ.-ից, երբ մեր մեծ հայրենակիցըՙ Տիգրան Պետրոսյանը, առաջին անգամ դառնում էր աշխարհի չեմպիոն։ Այդ ժամանակ ողջ Երեւանը, Հայաստանը, աշխարհի ողջ հայությունն ապրում էր շախմատով։ Երեւանումՙ «Մոսկվա» կինոթատրոնի, օպերային թատրոնի, Երրորդ մասի (ներկայիսՙ Գարեգին Նժդեհի) հրապարակներում հսկա շախմատային տախտակների վրա խաղացվում էին Պետրոսյան-Բոտվիննիկ մրցամարտի քայլերը։ Կենտրոնում, որը գտնվում էր սպորտկոմիտեի նախագահ Հրանտ Շահինյանի աշխատասենյակում, նստած էր 16-ամյա տղան ու Մոսկվայից հեռախոսով ստացված քայլերն անմիջապես հաղորդում էր Երեւանի տարբեր վայրերում, նաեւ Գյումրիում ու Կիրովականում գտնվող իր օգնականներին։
¬ Հրանտ Շահինյանի աշխատասենյակի պատուհանից երեւում էր «Մոսկվա» կինոթատրոնի մերձակա հրապարակը, տեսնում էի պրկված ու լուռ մարդկանց,- վերհիշում է Գագիկ Հովհաննիսյանը։- Տարիքով մի մարդ կարՙ ձեռքին գինու տակառ։ Տիգրան Պետրոսյանի ամեն մի քայլից հետո տակառիկից մի կում էր առնում։ Իսկ երբ հերթական պարտիան ավարտվում էր մեր հայրենակցի հաղթանակով, այս մարդը տակառի ողջ գինին լցնում էր իր վրա, գինով օծվում։
Այո, շախմատն այդ ժամանակ հայերիս համար զուտ խաղ չէր։ Փոքր տարածություն ունեցող փոքրաթիվ մեր հայ ժողովրդի համար աշխարհին հային ծանոթ դարձնելով, հայով հպարտանալու բացառիկ հնարավորություններից մեկն էր։ Ու հենց 1963-ից մեր երկիրը, հայերը դարձան «շախմատային պետություն», «շախմատային ժողովուրդ»։ Մենք աշխարհն էինք նվաճում մեր իմացությամբ, մեր խելքով, մեր իմաստնությամբ։ Լոկ Տիգրան Պետրոսյանը չէր խաղատախտակի առջեւ։ Բոլորս էինք։
...Գագիկ Հովհաննիսյանի կյանքում բազմաթիվ հետաքրքրական իրադարձություններ են եղելՙ կապված հատկապես հայերի հետ։ Այդպիսի մի... հայի հանդիպեց 2000 թվականին, Լաս Վեգասում, ՖԻԴԵ-ի հերթական նիստերից մեկի ժամանակ։
¬ Մոտեցավ մեկը եւ սկսեց հայերեն խոսել։ Զարմացա, որովհետեւ գիտեի, որ ՖԻԴԵ-ի գործկոմում ուրիշ հայ չպետք է լիներ։ Մտածեցի, որ հրավիրյալներից կլինի (ՖԻԴԵ-ն իր նիստերին շատ հաճախ ամենատարբեր մասնագետներ է հրավիրում)։ Պարզվեց, որ Նյու Յորքում մեծ կլինիկայի եւ լավ համբավի տեր բժիշկ Ստեֆան Պրեսսը մի հայ դիմորդ է ունեցել, որը հայերենից բացի ուրիշ լեզվով խոսել չի իմացել։ Եվ որպեսզի այս Պրեսսը չկորցնի մեծահարուստ հայ այցելուին, հատուկ սովորել է հայերեն։ Մինչեւ հիմա էլ, երբ հանդիպում ենք, հայերենով ենք խոսում իրար հետ։
Գագիկ Հովհաննիսյանը ջերմորեն է խոսում մեր մյուս մեծ հայրենակցիՙ Գարրի Կասպարովի մասին, որի երկու մարզիչներն էլ նույնպես հայ ենՙ Յուրի Դոխոյանն ու Շաքարովը, որի վարորդն ու խոհարարն էլ հայ են։
¬ Մի քանի տարի առաջ էր, 1994 թե 1995 թվականին Ռիգայում մրցաշար էր, նաեւՙ ՖԻԴԵ-ի նախագահության նիստ։ Ավարտից հետո գնում ենք օդանավակայան։ Կասպարովը զրուցելով քայլում է շախմատի Աֆրիկա աշխարհամասի միության պրեզիդենտիՙ նեգր Մազուզի հետ։ Ապրիլի 23-ն էր։ Կասպարովն այս Մազուզին այնպես հանգամանորեն էր բացատրում Հայոց մեծ եղեռնի իրական պատկերը, որ հազիվ թե կարողանար անել որեւէ պատմաբան-ակադեմիկոս։
Ի դեպ, Գարրի Կասպարովի «ժուռնալիստական դեբյուտը» եղել է «Շախմատային Հայաստան» հանդեսում։ 1976-ի դեկտեմբերին դեռ պատանի Կասպարովը Երեւանում էր։ Գագիկ Հովհաննիսյանը նրան առաջարկում է իր խաղացած պարտիաներից որեւէ մեկը վերլուծել։
¬ Նստեց այստեղ,- Գագիկ Հովհաննիսյանը ցույց է տալիս այն աթոռը, որի վրա նստում է արդեն 30 տարի,- արագ-արագ մի քանի թուղթ իրար հետեւից գրեց ու ներկայացրեց պարտիան այնպես, որ սիրող շախմատիստի համար էլ պարզ է դառնում խաղը։ Անմիջապես զգացվում էր հանճարեղ մարդը։ 1977-ի հունվարյան համարում տպագրվեց այս մեկնաբանությունը, որն առաջինն է Գարրի Կասպարովի համար։
Շախմատի մեծ սիրահար է եղել մեր լուսահոգի Վազգեն Առաջին կաթողիկոսը, որը հատկապես ուշադրությամբ հետեւում էր Կասպարովի մրցամարտերին։ Հաճախ Էջմիածին էր հրավիրում Գագիկ Հովհաննիսյանինՙ խաղացված պարտիաները վերլուծելու համար։
¬ Երբեմն այնպիսի «մասնագիտական» արտահայտություններ էր անում, որ ապշում էի։ «Երեկ էլի Գրյունֆելդի պաշտպանություն խաղացվեց», ասում էր։ Ամեն անգամ մի նվեր էր տալիսՙ Կասպարովին ուղարկելու համար։ Հիմա էլ, որպես թալիսման, Կասպարովի թեւին Վազգեն Առաջին կաթողիկոսի նվիրած ժամացույցն է...
Պատմում է Գագիկ Հովհաննիսյանը, եւ չես ուզում ընդհատել նրան։ Այնքան համով, հետաքրքրական են այդ պատմությունները, որոնք դուրս են գալիս զուտ շախմատային ոլորտից։
Եվ այսպես, երեսուն տարի շարունակ, ընդամենը 24 ու կես տարեկանում շախմատային հանդեսի գլխավոր խմբագիր դարձած Գագիկ Հովհաննիսյանն իր տեղն է հաստատել հայ լրագրության պատմության մեջ։ Ու շարունակում է, շարունակում է առանց հոգնելու։ Մի հազար մրցամարտ էլ կա, որ պետք է մեկնաբանի, մի հիսուն երկիր էլ կա, որտեղ դեռ պետք է լինի։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ