«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2002-05-11 | #87, 2002-05-14 | #88, 2002-05-15


«ՎՐԱՍՏԱՆ» ԹԵՐԹԻ 15000-ՐԴ ՀԱՄԱՐԻ ԼՈՒՅՍ ԸՆԾԱՅՄԱՆ ԱՌԹԻՎ

Ես քաջ գիտեմ այն դժվարությունները, հոգեմաշ տվայտանքները, որ սփյուռքահայ յուրաքանչյուր թերթի խմբագրի, խմբագրակազմի յուրաքանչյուր անդամի առօրյայի մասն են կազմում։ Առավել եւս մեծանում են դժվարությունները, երբ այդ թերթը նաեւ համայնքի պաշտոնաթերթն է հանդիսանում, ինչպես 80-ամյա վաստակաշատ ուղի անցած «Վրաստան» թերթը, որի 15000-րդ համարը տպրագրվելու է այսօր։ Այս պարագայում պահանջվում է ավելի մեծ պատասխանատվություն, աչալրջություն, խոչընդոտները հաղթահարելու, «սուր ծայրերը կլորացնելու» բնատուր մեծ ձիրք ու տաղանդ, շրջահայացություն։

Բարեբախտաբար, «Վրաստան» թերթի բազմափորձ խմբագիր եւ իմ գործընկեր Վան Բայբուրթյանին այդ որակները չեն պակասում։ Ես ականատեսն ու վկան եմ եղել, թե ինչպես նա կարողացավ Խ. Միության փլուզումից եւ Վրաստանի անկախությունց հետո, անցման դժվարին տարիներին, ոտքի պահել, տեխնիկապես եւ այլապես ապահովել թերթի հետագա վերապրումը, զարգացումը։ Քանզի նա, իբրեւ համայնքի շահերի պաշտպան, հրաշալիորեն գիտակցում է, որ «Վրաստան» թերթը շատ ավելին է, քան մամլո սոսկական օրգանը, դա համայնքի ազգային լինելության գրավականն է, ինչպես դպրոցն ու եկեղեցին, իսկ որոշ պարագաներում ավելին է, քան դպրոցն ու եկեղեցին, որոնք նույնպես նրա պաշտպանության կարիքն ունեն։

«Ազգ» օրաթերթի անունից ջերմորեն շնորհավորում եմ «Վրաստան» թերթի խմբագրին, խմբագրակազմին, ընթերցողներին եւ մաղթում, որ թերթը նույն պատասխանատվությամբ շարունակի իր ուղին, շարունակի իր մեջ խտացնել այն ողջ պատմությունն ու ավանդները, որ վրացահայ փառապանծ մեր մամուլինն է եղել սկսած 18-րդ դարի վերջերից։

Ուժ, կորով եւ հարատեւություն։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4