«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2002-05-14 | #88, 2002-05-15 | #89, 2002-05-16


ԸՍՏ ԴԵՍՊԱՆ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՙ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԻԿԱ ԱՅՑԸ ԲԵԼԱՌՈՒՍ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

ՄԻՆՍԿ, 15 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 6-7-ը ծրագրված է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Բելառուս։ Ըստ Բելառուսում ՀՀ դեսպան Սուրեն Հարությունյանի, առաջիկա այցը բացառիկ կարեւոր նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար։ «Հուսով եմ, որ Ռոբերտ Քոչարյանի այցելությամբ նոր քայլ կարվի բոլոր բնագավառներում հայ-բելառուսական համագործակցության զարգացման ճանապարհին»,- ԲԵԼՏԱ-ին ասել է դեսպանը։

Սուրեն Հարությունյանը նշել է, որ Բելառուսի մայրաքաղաք Հայաստանի ղեկավարի այցի ծրագիրը հետաքրքրական եւ հագեցված կլինի։ Պաշտոնական հանդիպումներից բացի, նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության դեսպանատան շենքի հիմնարկեքի արարողությանը։ Նախագահի այցի օրերին Մինսկում կանցկացվի Հայաստանի պարենային ապրանքների ցուցահանդես։

ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Սիսոեւն Արմենպրեսի թղթակցին հայտնել է, որ ՀՀ նախագահիՙ Բելառուս կատարելիք առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։ Ընդսմին նա նշել է, որ հայ-բելառուսական քաղաքական հարաբերություններում նկատելի առաջընթաց կա, ինչը չի կարելի ասել տնտեսական հարաբերությունների մասին։ Ուստի եւ, դեսպանի կարծիքով, հայ-բելառուսական բարձր մակարդակով առաջիկա բանակցություններում գլխավոր ուշադրությունը կդարձվի երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հարցերին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4