«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2002-05-14 | #88, 2002-05-15 | #89, 2002-05-16


ԴԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ

ԱՆԿԱՐԱ, 15 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Դանիայում մայիսի 10-11-ը հայ եւ թուրք պատմաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հայկական հարց. պնդումներ եւ մերժումներ» գիտաժողովը։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի մամուլը, հայկական կողմից գիտաժողովին մասնակցել են պրոֆեսորներ Վահագն Տատրյանը եւ Ռիչարդ Հովհաննիսյանը, իսկ թուրքական կողմից Թուրքիայի Մեջլիսի պատգամավորներ Բյուլենթ Աքարջալըն, Բայրամ Ֆըրաթ Յաքիլին եւ պաշտոնաթող դիվանագետ Փուլաթ Թաջարը։

Գիտաժողովի առաջին օրը ելույթ է ունեցել հայկական կողմը։ Պրոֆեսոր Տատրյանի ելույթը ներկաները ծափողջյուններով են ընդունել։ «Առաջին օրվա տպավորությունն այնպիսին էր, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի է», գրում է «Սաբահ» օրաթերթը։ Հաջորդ օրվա ելույթներում թուրքական կողմը պնդել է, թե սփյուռքահայությունը ցեղասպանության խնդրի պատճառով կործանման է հասցրել Հայաստանի Հանրապետությունը։ Նա կոչ է արել հայ սփյուռքին օրինակ վերցնել հրեական լոբբիից եւ անցյալի փոխարեն ապրել մերօրյա իրականությամբ։ Թուրքական կողմին ողջունել է Եվրախորհրդարանի դանիացի պատգամավոր Մ. Քամրեն։

Թուրք ներկաները նշել են, որ Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումն իբրեւ Եվրամիությանն անդամակցության նախապայման դիտելու Եվրախորհրդարանի ընդունած որոշումը իբրեւ թե ընդունվել է ահաբեկչական կազմակերպությունների սպառնալիքների ներքո։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4