«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2002-05-14 | #88, 2002-05-15 | #89, 2002-05-16


«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԻ ԵՐԿՐՈՐԴ «ՖԻՆԻՇԸ» ԷՌՆԵՔՅԱՆԸ ԵԿԱՎ, ՏԵՍԱՎ ԵՎ ՀԱՂԹՈՒՄ Է

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Բոլոր կանոնները, հրամանները, հրահանգները եւ այն կանոնակարգերը, որոնք առնչվում են քաղաքացիական ավիացիային, պետք է համապատասխանեն կոնցեսիոն պայմանագրին եւ պայմանագրի փոփոխություններին, ինչպես նաեւ դրան առնչվող այլ պայմանագրերինՙ ուղղված լինելով դրանց պայմանների ապահովմանը»։ Ավիացիայի մասին օրենքի այս դրույթով փաստորեն Էռնեքյանի ղեկավարած ընկերության հետ կնքված կոնցեսիոն պայմանագիրը հավասարեցվում է օրենքի մակարդակի, այսինքնՙ նրանում ցանկացած փոփոխություն հետագայում պետք է ընդունվի կամ մերժվի միայն օրենսդրական եղանակով։ Դա օրենք է ոչ թե ավիացիայի համակարգը կանոնակարգելու մասին, այլ ապահովելու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը նոր կոնցեսիոն կառավարչինՙ Էդուարդո Էռնեքյանին հանձնելու մասին։

Այս փաստը շատ պարզ հասկանում են ե՛ւ կառավարությունում, ե՛ւ խորհրդարանում, դրանով է պայմանավորված, որ քննադատության համար հիմք է ոչ թե օրենքի նախագիծը, այլ արդեն ընդունված պայմանագիրը։ Վերջինիս մի քանի դրույթներ, կապված օդանավակայանի կառավարման իրավունքն ստացած կազմակերպության 30 տարի հետո եւս հինգ տարով իր ցանկությամբ երկարաձգելու, 250 կմ շառավղով այլ օդանավակայանի գործունեությունն արգելելու հետՙ քաղաքական ուժերի միջեւ լուրջ բախումների տեղիք են տվել։

Ելնելով նման լիազորություններով կոնցեսիոն կառավարողին օժտելու պայմանագրի բնույթից, ընդդիմադիր դաշտի ուժերը համարում են, որ ինքնիշխան հանրապետության տարածքում այլ «պետություն» է ստեղծվում։ Ավելին, զուգահեռներ անցկացնելով OTE ընկերության հետ կառավարության կնքած պայմանագրի հետ, Արշակ Սադոյանը համարում է, որ երկրում հիմք է դրվում մեկ այլ մոնոպոլ ձեռնարկության, որն, ի դեպ, որեւէ երաշխիք չի տալիս, թե խոստացված ներդրումները կատարելու է։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը երկրորդ ընթերցմամբ երեկ ԱԺ-ում ներկայացրեց «Ավիացիայի մասին» օրինագիծը, հայտարարեց, թե որոշ հարցերում պատգամավորները պարզապես թյուրիմացության մեջ են։ «Իրականում պայմանագրում նախատեսված է հետեւյալը։ Եթե ՀՀ կառավարությունը որոշի երկրի տարածքում կառուցել նոր միջազգային օդանավակայան կամ հանձնել այն կառավարման, կոնցեսիայի, ապա ցանկացած մրցույթ ՀՀ կառավարությունը կարող է իրականացնել, բայց լավագույն առաջարկ ներկայացնողին հայտնաբերելուց հետո, նույն պայմանն առաջարկելու է կոնցեսիոներին։ Եթե վերջինս այդ առաջարկության պայմանն ընդունում է, ապա հանձնվում է կոնցեսիոներին։ Դա, կարծում եմ, ողջամիտ առաջարկություն է։

Կա այլ դրույթ, որ եթե կառավարությունը որոշում կայացնի 250 կմ շառավղով կառուցել որեւէ տեղական կամ միջազգային օդանավակայան, ապա կոնցեսիոները հնարավորություն ունի, սկսած շինարարության պահից մինչեւ մեկ տարի, որոշում կայացնելՙ ինքը շարունակո՞ւմ է կոնցեսիայի պայմանագիրը, թե՞ ասում էՙ ես լուծում եմ պայմանագիրը, խնդրում եմ հատուցեք վնասները»։

Այս իրավիճակում, հիրավի, հարց է առաջանումՙ ինչպես պետք է կառավարությունը փոխհատուցի վնասները, եւ մյուս կողմիցՙ ինչպիսին է լինելու օդանավակայանի տարածքում հետագայում կառուցվելիք շինությունների ճակատագիրը։ Չէ՞ որ կառավարողը կարող է շատ հանգիստ դրանք գրավ դնել կամ հետագայում վաճառել ում ցանկանա։

ՀԺԿ-ական Ստեփան Զաքարյանին այս տեսակետից մտահոգում է նաեւ այն փաստը, որ օդանավակայանի տարածքներն ընդունելու առումով կառավարողի առջեւ սահմանափակումներ չեն դրված։ Ի դեպ, այս հարցադրումներին խորհրդարանի ամբիոնից պատասխաններ չտրվեցին։

Այսուհանդերձ, գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ներդրումների խնդիրը, որոնց համար հստակ սահմանված երաշխիքներ չկան։ Արդարադատության նախարարը դրանք նախնական համարեց. «Սկզբում շուրջ 30 մլն դոլարի ներդրում, հաջորդ 10 տարիների ընթացքումՙ շուրջ 50 մլն դոլարի ներդրում եւ վերջին 15 տարիների ընթացքումՙ 15 մլն դոլարի ներդրում։ Ընկերության շահութաբերությունը նախատեսված է 20 տոկոս եւ ռիսկերից խուսափելու համար կոնցեսիոները պնդում է, որ եթե հանկարծ լավագույն աշխատանքի պարագայում չհաջողվեց ապահովել այդքան եկամտաբերություն, ապա նա հնարավորություն է ստանում երկարաձգել եւս մեկ ժամանակահատվածով իր կառավարումը, որպեսզի այդ 20 տոկոս շահութաբերությունն ապահովվի»։ Թե ինչ է նշանակում «լավագույն աշխատանք» հասկացությունը, շատ հարաբերական է։

Ինչեւէ, նման անորոշություններով հանդերձ կառավարությանը հաջողվեց ջախջախիչ մեծամասնությամբ երկրորդ ընթերցմամբ անցկացնել օրինագիծը։ Ընդդիմադիր հատվածը փորձեց տապալել քվեարկությունըՙ դրան ընդհանրապես չմասնակցելով, սակայն այդ խղճուկ քայլը վնասեց գործին, քանի որ հստակ հասկանալի չդարձավ մյուս 59 պատգամավորների իրական տրամադրվածությունը։

Ըստ ԱԺ նոր կանոնակարգի, օրինագծերը պիտի անցնեն նաեւ երրորդ ընթերցում։ Հասկանալի է, կրքերի բորբոքումը դեռեւս առջեւում է, ըստ երեւույթին, հատուկ հրավիրվելիք ԱԺ արտաերթ նստաշրջանի ժամանակ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4