«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2002-05-14 | #88, 2002-05-15 | #89, 2002-05-16


ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆ ԵՆ

Այս կարծիքին են օտարերկրյա տուրգործակալությունների ներկայացուցիչները

Հայաստանում են օտարերկրյա 8 տուրիստական գործակալությունների ղեկավարները։ Շրջելով ամբողջ Հայաստանով, նրանք երեկ իրենց տպավորությունները հայտնեցին լրագրողներին։ Բոլորը միակարծիք էին, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ կան։ Հոլանդական «Ռեյնատ Ռեզե» տուրգործակալության ղեկավար Ժերարդ Վանդամը նշեց, որ Հայաստանի ամենամեծ ներուժը ժողովուրդն է, որին ի վերուստ տրված է հյուրընկալության մասնիկը։ Կարելի է զարգացնել զբոսաշրջության բոլոր տեսակներըՙ թանգարանային, արկածային, սպորտային, էկոլոգիական եւ այլն։ «Ձեր երկիրը հրաշալի է։ Ես դա ասում եմ որպես այս բնագավառում 35 տարվա փորձ ունեցող», եզրափակեց իր խոսքը հոլանդական ընկերության ղեկավարը։

Ամերիկյան «Քարվանսարայ», «Ջաֆֆաքս» եւ այլ տուրգործակալությունների ղեկավարները հայտնեցին, որ իրենք զբոսաշրջիկներ են ուղարկում բազմաթիվ երկրներ։ Նրանց կարծիքով, Հայաստանում զբոսաշրջության զարգացման երաշխիքն ազգային առանձնահատկությունների պահպանումն է։ «Շատ լավ է, որ այստեղ «Մակդոնալդս» չկա», նշեցին նրանք։ Օտարերկրյա հյուրերը Հայաստանում հանդիպել են իրենց գործընկերներիՙ հայկական տուրգործակալությունների ղեկավարների հետ, եւ եկել այն եզրակացության, որ վերջիններս լավ ծրագրեր ունեն, որոնց վրա համատեղ աշխատանքից հետո կարելի է լավ տուրփաթեթներ ստեղծել։

Բնականաբար, լրագրողներին հետաքրքրում էր, թե հյուրերն ինչ թերություններ եւ բացասական տպավորություններ ունեցան։ Նրանք ասացին, որ բացասական ոչինչ չտեսան, բայց թվարկեցին այն բացթողումները, որ պետք է լրացնել։ Նախՙ հարկ է ավելացնել օդային չվերթերը եւ հատկապես «Հայկական ավիաուղիների»։ Այնուհետեւ, ըստ օտարերկրյա տուրգործակալությունների ղեկավարների, Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի երկիրը գովազդելուն, նրա հնարավորությունների մասին պատմելուն։ «Մենք կփորձենք անել, բայց դա բավարար չէ։ Աշխարհը շատ քիչ բան գիտի Հայաստանի մասին», ասացին նրանք։

Երթեւեկելով ամբողջ Հայաստանով, հյուրերը ցանկություն հայտնեցին ճանապարհներն ավելի բարեկարգ տեսնել։ «Երեւանից դուրս հյուրանոցները բավարարո՞ւմ են եվրոպական եւ ամերիկյան չափանիշներին», մեր հարցին ի պատասխան նշվեց ընդամենը 1 այդպիսի հյուրանոցի անուն, սակայն ասվեց, որ Երեւանում կան մի քանի այդպիսի հյուրանոցներ։ Տուրիզմի զարգացման հայկական գործակալության եւ նրա նախագահ Վահագն Հովնանյանի հրավերով Հայաստան այցելած օտարերկրացիները չթաքցրին իրենց գոհունակությունը հայկական ուտեստեղենից, ռեստորաններից, սպասարկման ծառայությունների մակարդակից։ Ի դեպ, նրանց այցը հնարավոր է եղել շնորհիվ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ գործող միջազգային գործադիր ծառայության կորպուսի, 11 հայկական տուրգործակալությունների, «Բրիտանական ավիաուղիների», տեղի մի շարք ռեստորանների։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4