«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2002-05-14 | #88, 2002-05-15 | #89, 2002-05-16


ՄԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԶՈՒՏ ԻՆԵՐՑԻԱՅՈՎ

Ու գիտական ներուժը ծախսվում (եւ ծախվում) է դրսում այստեղ հարկավոր չլինելու պատճառով

Հայաստանն ունի արագացուցիչՙ 6 մլրդ էլեկտրոնվոլտ հզորությամբ։ Սրա համարժեքը եվրոպական որեւէ առանձին պետությունում չկա։ Ռուսաստանում էլ գործում է միջազգային համագործակցությամբ։ Սա խորհրդանիշներից է գիտատեխնիկական խորհրդային մեր ժառանգության։ Խորհրդանիշներից, որովհետեւ արագացուցիչն այսօր չի գործում, ու պահպանումն արդեն իսկ մեծ ծախսերի խնդիր է։ Բնականաբար, արագացուցիչն ու առհասարակ գիտատեխնիկական մեր ողջ կարողությունը ստեղծված եւ գործում էր ԽՍՀՄ ընդհանուր տրամաբանության մեջ, որպես այդ մեծ համակարգի մի մաս։ Եվ այդ մասը մեր մասշտաբների համար բավական ծանրակշիռ էր։ Այսպես, ԽՍՀՄ-ում հաշվվում էր 8000 գիտահետազոտական եւ նախագծային-կոնստրուկտորական հաստատություն, որոնցում ներգրավված էր 2 մլն մասնագետ։ Հայաստանին, որի բնակչությունը Խորհրդային Միության բնակչության 1,2 տոկոսն էր, համեմատական վիճակագրությամբ պիտի բաժին ընկներ շուրջ 80 հաստատություն եւ դրանցում զբաղված 20.000 աշխատող։ Իրականում Հայաստանն ուներ 253 գիտատեխնիկական հիմնարկ եւ մոտ 54.000 գիտաշխատող։

Ուներ։ Քանզի հետխորհրդային շրջանում գիտությունը գործնականում չի դարձել պետության առաջնահերթություն։ Փոխարենը խոսվում է գիտական ներուժի հետեւողական կորստի մասին։

Այնուհանդերձ, ինչպիսի՞ն է պատկերն այս պահին։ Ինչպե՞ս ենք պահպանել այն, ինչ խորհրդային ժամանակներում ընդունված էր անվանել միջազգային հեղինակություն վայելող, բացառիկ, ասենք, հիմնարար գիտությունների բնագավառում։ Ի վերջո, ի՞նչ ունի Հայաստանն այսօր։

Վերոհիշյալ գիտատեխնիկական հաստատությունները դե յուրե հիմնականում չեն վերացվել ու չեն փոխել իրենց կարգավիճակը։ Որպես գիտական գործունեության հիմնական միջավայր հանդես եկող Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների թիվն ավելացել է ի հաշիվ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտիՙ հասնելով այդպիսով 34-ի։ Ճյուղային գիտատեխնիկական, գիտաարդյունաբերական հաստատությունները կցվել են տարբեր նախարարությունների։ Հայաստանն ունի գիտության զարգացման հայեցակարգ, որը հռչակում է. «Գիտությունը եւ գիտատեխնիկական ներուժը պետության կողմից դիտվում են որպես ազգային հարստություն, որը կանխորոշում է երկրի ապագան, ուստի գիտության զարգացման ապահովումը պիտի դիտել որպես պետության կարեւորագույն խնդիրներից մեկը»։ Նաեւՙ «Հայրենի գիտությունն ընդգրկում է գիտության գրեթե բոլոր ուղղությունները, ինչպես նաեւ հայագիտությունը»։ Հայեցակարգն ամրագրում է գիտության պետական հովանավորությունը։ 2000-ին ընդունված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը եւս նշում է, թե գիտական ու գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետական բյուջեն է։ 2002-ից այդ ֆինանսավորումը պիտի կազմի բյուջեի տարեկան ծախսային մասի երեք տոկոսից ոչ պակաս գումար։ Հիշատակվում են նաեւ այլընտրանքային աղբյուրներՙ դրամաշնորհներ, վարկեր եւ այլն։

Բյուջետային միջոցները գիտական գործունեության ոլորտ կարող են հասնել երեք տարբերակովՙ բազային, նպատակային-ծրագրային եւ պայմանագրային-թեմատիկ ֆինանսավորմամբ։ Առաջինը նպատակ ունի լուծել բուն ենթակառուցվածքների պահպանման խնդիրը։ Մյուսները նկատի են առնում մրցութային կարգով ընտրված հետազոտական նախագծերի իրականացում։

Այսքանըՙ տեսական փաստերի ու գրանցված դրույթների ձեւով։ Իսկ ինչպիսի՞ն է իրական դաշտը։ Եվ ինչպե՞ս են այդ դաշտը գնահատում իրենքՙ գիտնականները։ Եթե մեկ նախադասությամբՙ գիտական ոլորտը հետխորհրդային շրջանում շարժվում է զուտ իներցիայով։ Այսինքնՙ համակարգը չի հարմարեցվել նոր պետության մասշտաբներին, պահանջներին ու հնարավորություններին։ Հստակեցված չեն առաջնահերթ ուղղությունները, ինչն անխուսափելի պիտի լիներՙ հաշվի առնելով, որ մեր տիպի երկրի կարողությունը թույլ չի տալիս պահպանել խորհրդային ողջ ժառանգությունը։ Սա նաեւ նպատակահարմար չէ, որոշ դեպքերում էլ անհնար է։ «Մեզ չի ասվում, թե ինչպիսի պետություն ենք նախատեսում ունենալ 30, 50 տարի հետո, թե երբ հիմնարար գիտությունները կկարողանան անցնել պետական լիարժեք ֆինասավորման, որպեսզի ըստ այդմ որոշվեն առաջնահերթ ուղղություններն ու դրանցում կենտրոնացվեն բոլոր ուժերը», «Ազգի» հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի վարիչ Յուրի Չիլինգարյանը։

Այնպես որ, անհրաժեշտ են, այսպես ասած, կողմնորոշումային խմբագրումներ։ Մեր զրույցներում սրան համաձայնելովՙ բոլոր գիտնականներն էլ պնդում են, թե վերաձեւումն էլ, սակայն, ցավոտ գործընթաց է, քանզի պիտի փակվեն ու միավորվեն ԳԱԱ ինստիտուտներ, շատ գիտնականներ մնան դրսումՙ վատթարացնելով իրենց արդեն իսկ նվազագույն կենսապայմանները։ Սակայն այս մասինՙ հետո։

Վերադառնալով կողմնորոշումային ճշգրտումներինՙ փաստորեն, առանց սրանք իրականացնելու անցում է կատարվել պայմանագրային-թեմատիկ ֆինանսավորման (ֆինանսավորման մյուս երկու ձեւերը մեր զրուցակիցներն անգամ չէին հիշատակումՙ դրանց աննշան լինելու պատճառով)։ Խոսքը յուրաքանչյուր տարի առանձին գիտնականների կամ խմբերի կողմից ՀՀ գիտության ու կրթության նախարարություն ներկայացվող թեմաների մասին է, որոնցից ֆինանսավորում ստացողներին ընտրում են փորձագիտական հանձնաժողովները։

«Տնտեսական ի՞նչ օգուտ կբերի այս կամ այն ծրագիրը հարցադրումը սխալ է։ Հիմնարար գիտություններն ընդհանուր առմամբ պիտի զարգանան, քանի որ սրանք մեր ինտելեկտուալ ներուժի հիմնական գրավականն են։ Իսկ վերջինս էլ մեր ազգի ամենակարեւոր դրսեւորումներից է։ Այնպես որ, անհրաժեշտ է պետական լիարժեք հովանավորություն։ Ու մասնավոր պլանավորումներն, ասենք, հինգ ֆիզիկոս, հինգ կենսաբան, հինգ թեմա այս կամ այն բնագավառից, ճիշտ չեն։ Հիմնարար գիտությունները փորձարարական են ու նման սառցաբեկորի։ Նրանց փոքր մասն է միայն տեսանելի։ Բայց չերեւացող հսկայական մասըՙ բազում գիտաշխատողներ, մանր հետազոտություններ, փաստորեն, հիմքն են կազմում։ Գիտության մեջ էլ սեւ գործ կա, որ ինչ-որ մեկը պիտի անի», նշեց պրն Չիլինգարյանը։

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը մեկ այլ ասպեկտ նշեց։ Այս ֆինանսավորումը թույլ չի տալիս կադրերի խնդիր լուծել։ Այսինքնՙ եթե 1992-ից ֆինանսավորման այս ձեւի ի հայտ գալուց հետո մեկ անգամ ինստիտուտը ներկայացրել է գիտաշխատողների անվանացանկ իրենց թեմաներով, այլեւս փոփոխել այդ ցանկնՙ ավելացնելով նոր անուններ, հնարավոր չէ։ Հետեւաբար հնարավոր չէ անվանացանկը համալրել երիտասարդ կադրերով։

Նման վիճակի պատճառները քննելիս գիտնականների եզրակացություններում կարմիր գծի նման անցնում է միտքը, թե գլխավոր պրոբլեմն այն է, որ ոլորտը տնօրինում եւ որոշումներ են ընդունում իրականում գիտության հետ կապ չունեցող անձինք եւ ապարատները։

Այստեղ էլ հրապարակ են գալիս միջազգային տարբեր կազմակերպություններ, օտարերկրյա դրամաշնորհներ, վարկեր եւ այլն։ Հայաստանին բաժին ընկնող դրամաշնորհների տեսակարար կշիռը նախկին խորհրդային տարածքում ամենամեծն է։

Այս առումով ԳԱԱ երեքՙ ֆիզիկամաթեմատիկական եւ տեխնիկական, բնական, հումանիտար ճյուղերի ինստիտուտներից համեմատաբար դյուրին է վերջինների դրությունը, որովհետեւ չունեն լաբորատորիաների խնդիր։ Մյուս կողմից էլ, արտերկիրն առավել հետաքրքրված է մեր գիտության ավանդաբար ուժեղ ճյուղերովՙ լազերային, քվանտային ֆիզիկա, աստղաֆիզիկա, մոլեկուլյար կենսաբանություն, քիմիայի որոշ ճյուղեր (որոնք, ի դեպ, համարվում են 21-րդ դարի գիտական հիմնական ուղղություններ)։ Ավելինՙ հաճախ խնդիրը լուծվել, լուծվում է ոչ թե այստեղ համագործակցելու, այդ ճյուղերում ներդրումներ կատարելու ճանապարհով, այլՙ մասնագետների արտագաղթի։ Մեծ մասամբ Մ. Նահանգներ, նաեւ եվրոպական երկրներ, Ռուսաստան, քանզի գիտնականի մեր աշխատավարձն ի զորու չէ հոգալու նվազագույն կենսապայմաններ։ ԳԱԱ աշխատակիցների թիվը խորհրդային տարիների 8.500-ի փոխարեն այսօր կազմում է շուրջ 4.500։ Սրանցից միայն 2000¬ 2500-ն են գիտական աշխատողներ։

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի հավաստմամբ, արտագաղթի առաջին հոսքի ժամանակՙ 1990-ականների սկզբին, գիտնականները տարել են նաեւ տեխնոլոգիաներ։ Շատերն էլ, հանրահայտ փաստ է, մնալով երկրում, տեղափոխվել են գործունեության այլ ոլորտներ։ Ամենաէականըՙ մասնագետների հեռացումը դաշտից եղել է ի հաշիվ երիտասարդների։ Առաջացել է տարիքային խզում, ինչը սերնդափոխության տեսակետից գիտնականները գնահատում են որպես առնվազն վտանգավոր երեւույթ, շատերն էլՙ մահացու։ Սերնդափոխության խնդիրն անխուսափելիորեն հասնում է նաեւ դպրոց, այն առումով, որ նվազել է դիմորդների, ապաՙ ուսանողների կրթական ցենզը։ Դասախոսների մտահոգությամբ, եթե հավակնում ենք զարգացած երկիր լինել, նորագույն տեխնոլոգիաներն առաջնահերթ ուղղություն դարձնելու մասին ենք խոսում, բուհերը պիտի համապատասխան չափանիշներով մասնագետներ պատրաստենՙ նույն չափանիշներով դիմորդներ էլ պահանջելով դպրոցից։ «Հիշենքՙ Քենեդին ԱՄՆ-ում ստեղծել էր ուղեղային համակենտրոնացում։ Սա, իհարկե, այն դեպքում, եթե չենք կամենում ամենաշատը ալյումինե գդալների արտադրություն ունենալ»։

Սոցիալական հարցերի գծով հոգեբան Սամվել Ճշմարիտյանը մեր զրույցում նշեց, թե այսօրվա երիտասարդ սերունդն, օրինակ, 1988-ի պրոբլեմը չէր կարողանալու լուծել։

Հիմնահարցըՙ գիտական կողմնորոշումների հստակեցման, ֆինանսավորման, սերնդափոխության եւ ածանցյալ խնդիրների ընդհանրացմամբՙ գիտության կազմակերպմանն է հանգում, ինչպես հիշատակել էինք վերեւում։ Ու նման դրության շարունակությունը, Ս. Ճշմարիտյանի համոզմամբ, կարող է ամենալուրջ հետեւանքների բերել, որովհետեւ մեր երկրի համար գիտությունն ավանդապես նախ եւ առաջ եղել է ոչ թե հենց գիտական զարգացման խթան, այլ կրթության որակի ապահովման ֆոն։ «Ու սա խախտվել է, քանի որ խորհրդային ծառից առանձնացված գիտության մեր շիվը, որը պիտի նորեն դրվեր հողի մեջ, դարձել է բյուրոկրատական քաշքշուկների ու թայֆայական կռիվների առարկա։ 1991-ին մենք շատ բան զոհաբերեցինքՙ գիտակցաբար։ Բայց մնացած պատառիկները չպիտի հայտնվեին նման վիճակում, ինչի նույնատիպ շարունակությունը տասը տարի հետո մեզ ավելի խղճուկ պատկերի է բերելու»։ Ու սա այն դեպքում, երբ, ըստ պրն Ճշմարիտյանի, մեր գիտության շատ ճյուղեր ոչ թե ինքնուրույն հետազոտական են եղել, այլ սպառողը խորհրդային ողջ ծառիՙ ինչպես տնտեսագիտությունը, սոցիոլոգիան, հոգեբանությունը եւ ուրիշներ։

Գալով լուրջ ավանդույթներ ունեցող ճյուղերինՙ հիմնարար գիտություններին, գիտնականների միանշանակ հավաստիացմամբ, այս ներուժն, ըստ էության, արտահանման հնարավոր մեր միակ ապրանքն է։ Այնպես որ, պետությունը ռազմավարական այս ուղղությունների հոգածությունն ու համակարգումն իր օրակարգի անհետաձգելի խնդիր պիտի դարձնի։ Իսկ գիտության որոշ ճյուղեր էլ, ըստ Ա. Ադիբեկյանի, ասենք, պիտի անցնեն ինքնաֆինանսավորմանՙ յուրացնելով շուկայական օրենքները։

Այսպիսով, չնայած այսօրվա իրադրությանն ու նման վիճակի շարունակությանը, առանց չափազանցնելու, աղետալի հեռանկարին գիտնականներն, այնուամենայնիվ, լավատես են։ Հուսով են, թե կգա կարեւորության գիտակցումը, եւ գիտության հանդեպ կլինի պետական մոտեցում։ Եվ որ վերջնականապես չենք մաշի, կորցնի մեր գիտական ներուժը։ Չէ՞ որ, ի վերջո, ապրելու, առավել եւս բարեկեցիկ ապրելու համար աշխարհին վճարելու այլ գին իսկապես չունենք։

Համենայն դեպս, մարդիկ, գիտնականները, որոնց հետ հանդիպեցինք նյութը պատրաստելու ընթացքում, աշխատում են։ Նրանց սենյակները, լաբորատորիաները լավագույն դեպքում հիշեցնում են 60-ական թթ.ՙ իրենց տեխնիկական հագեցվածությամբ, կահավորմամբ, բայց նրանք աշխատում են։ Առաջնակարգ, հաճախ բացառիկ գիտական ուսումնասիրություններ են անում, որոնց համար հենց զարգացած երկրներն այսօր պատրաստ են ցանկացած գին վճարել։ Բայց այդ մասնագետները կամենում են աշխատել Հայաստանի համար, մեր երեխաների Հայաստանի։ Միայն թե, էնտուզիազմն էլ, գիտական ներուժի նման չսնելու դեպքում մաշվում է։

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4