«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2002-05-14 | #88, 2002-05-15 | #89, 2002-05-16


«ԱՐԱՐԱՏԻՑ» ՀԵՏՈ «ՃԱԿԱՏԱԳՐԻ ՍԵՎ ՇՈՒՆԸ»

Գրաքննադատների կողմից միահամուռ գնահատանքի արժանացած ամերիկահայ գրող Պետեր Բալաքյանի աղմուկ հանած «Ճակատագրի սեւ շունը» վեպը կինոսցենարի է վերածվել հեղինակի քրոջՙ Ժան Բալաքյանի կողմից եւ 3-րդ մրցանակի արժանացել 2001 թ. «Նոր դարի գրող» սցենարային մրցույթում, հաղորդում է «AIM» հանդեսի այս տարվա ապրիլյան համարը։

Ժանը գրականության դասախոս է համալսարանում եւ ամերիկյան դրամատուրգիայի մասնագետ։ «Գիրքը կարդալիս ես ֆիլմի տեսարաններն էի պատկերացնում իմ առաջ։ Ցնցված էի», ասել է նա։ «Ճակատագրի սեւ շունը» նրա առաջին փորձը չէ սցենար գրելու ասպարեզում։ Մի քանի պիեսներ հեղինակած Ժանը սկսել է սցենարներ գրել 1992-ին։ Իր վաղ գործերից մեկըՙ «Բոլորն են հուսահատ» վերնագրով, վերջերս թողարկվել է «Քրոյթ-Բրանդ պրոդաքշնլ» ստուդիայի կողմից եւ շուտով էկրան կբարձրանա Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում։

«Ճակատագրի սեւ շունը» մի հասուն մարդու մասին է, որն արվարձանում ապրելով հանկարծակի հայտնաբերում է իր ընտանիքի պատմությունը, իր արմատները։ Ներկայումս, ըստ լրատվության, սցենարը կարդացվում է «Սոնի կլասիկում» եւ «ՄԳՄ-ում»։ Դերասանուհի Օլիմպիա Դուքաքիսն արդեն իսկ հետաքրքրություն է ցուցաբերել մարմնավորելու մեծ մոր կենտրոնական դերը։

Նկարահանվելու դեպքում սա լինելու է Հայկական ցեղասպանության թեման արծարծող առաջին ամերիկյան ֆիլմը։ «Դժվարությունները շատ են, բայց ես վճռել եմ ամեն գնով գլուխ հանել այդ գործից», նշել է Ժանը։

Հուսանքՙ «Շան» բախտը կբերի։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4