«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2002-05-15 | #89, 2002-05-16 | #90, 2002-05-17


«Ա1+»-Ը ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱ ԵԹԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Իսկ մահապատժի վերացումն այլընտրանք չունի

«Մեր գնահատմամբՙ Հայաստանը վերջին շրջանում դանդաղում է Եվրախորհրդի առջեւ իր պարտավորությունների կատարման ընթացքի մեջ», երեկ Երեւանում նշեց ԵԽ նախարարների կոմիտեի շրջանակներում գործող վերահսկման հատուկ պատվիրակության ղեկավար Պիետրո Էրկոլե Ագոն։ Դանդաղեցումն, ըստ դեսպան Ագոյի, սահմանադրական բարեփոխումներին է վերաբերում։

«Իհարկե, Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներին համոզվեցինք նրանց պատրաստակամության մեջ։ Նրանք պարզաբանեցին, թե բարեփոխումները դանդաղում են հասարակությանը իրազեկելու նպատակով, որպեսզի ճնշումներ չգործադրվեն»։

Բայց Ագոն ընդգծեց, թե մի շարք կարեւոր օրենքներ ուշանում ենՙ սահմանադրական բարեփոխումներից կախված լինելով, մասնավորապեսՙ տեղական ինքնակառավարման օրենքը։

Առավել առարկայական խոսելովՙ ԵԽ ներկայացուցիչը պնդեց, թե մինչեւ ընտրություններն առնվազն երկու կարեւորագույն հանգամանք կամ խնդիր պիտի լուծվիՙ ընտրական օրենսգրքի եւ ԶԼՄ-ների օրենքի ընդունումը։ Երկրորդի հետ կապված Ագոն առանձնացրեց «Ա1+» հեռուստաընկերությանՙ հաճախականություն չունենալու խնդիրը։ Պրն Ագոն նշեց, թե իրենք ընդունում են, որ «Ա1+»-ի եթերը դադարեցվել է գործող օրենքի շրջանակներում։ «Բայց մենք հրավիրեցինք ՀՀ իշխանությունների ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ այդպիսով ընդդիմությունը զրկվում է իր ասելիքը տեղ հասցնելու հնարավորությունից»։

Այնպես որ, ԵԽ ներկայացուցիչը հավաստեց, որ ՀՀ նախագահի հետ ձեռք բերվեց համաձայնությունՙ հաճախականությունների բաշխման առաջիկա մրցույթին «Ա1+»-ի լիիրավ մասնակցության մասին։ Ռ. Քոչարյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ Ագոյի խումբը քննարկել է նաեւ մահապատժի հարցը։ «ԵԽ-ն չի ճանաչում բացառություններ», շեշտեց նա։

Հայաստանը խոստացել է նաեւ երկու տարվա ընթացքում ընդունել այլընտրանքային զինվորական ծառայության օրենքը, որպեսզի դավանանքի ազատության սկզբունքով մարդիկ հնարավորություն ունենան զենք չկրելու։

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4