«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2002-05-15 | #89, 2002-05-16 | #90, 2002-05-17


«ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՂՎԵԼ ՀԱՏԿԱՊԵՍ ՊԱՐԿԵՇՏ ՄԱՐԴԻԿ»

ՄԱԱ-ում հայտարարեց ԺԴԿ փոխնախագահ Մանվել Բադեյանը

Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում մայիսի 16-ին լրագրողները հանդիպեցին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի եւ ԺԴԿ փոխնախագահ Մանվել Բադեյանի հետ։ Հրատապ թեման խորհրդարանական վերջին զարգացումներն էին։ Մեկնաբանելով հասարակական դժգոհությունները, որոնք իրենց արտահայտությունը գտան ԱԺ-ի շենքի շրջակայքում, ինչպես նաեւ խորհրդարանի ընդունած վերջին օրինագծերիՙ ավիացիայի մասին, «Զվարթնոց» օդանավակայանի մասնավորեցման մասին եւ Գաֆեսճյան հիմնադրամին արտոնություններ տալու շուրջ բացասական արձագանքները, Բադեյանը նկատեց. «դժգոհ հասարակության ես, իսկապես, տեսա ԱԺ-ի մոտ, դա մարդկանց կամքի ազատ դրսեւորման իրավունքն է, իսկ ԱԺ-ի ընդունած ցանկացած որոշում միշտ կունենա եւ կողմնակիցներ, եւ հակառակորդներ»։ Դրանք, ըստ ՄԱԱ-ի հյուրի, իրոք, վիճելի հարցեր են, քանի որ խոսքը երկրի ռազմավարական խնդիրների մասին է։ «Այն հանգամանքը, որ օդանավակայանը պետք է սեփականաշնորհվի, ոչ մեկի կասկածը չի հարուցում, բացառությամբ Կոմկուսի», մանավանդ որ «Զվարթնոցի» դեպքում «վատն այն չէ, որ վատ է, այլ որ գնալով վատանում է», նկատեց ԱԺ պատգամավորը, ավելացնելով, որ «վեճը պայմաններին էր վերաբերում, կային իրոք մի քանի վիճահարույց կետեր, եւ ես, որպես քաղաքացի եւ տնտեսագետ, կուզենայի մի քիչ ավելի փափուկ պայմանագիր տեսնել, սակայն չկար երկրորդ մարդը, որ կներկայացներ այլ պայմանագիր»։ Բադեյանը նշեց պայմանագրի որոշ բացասական դրույթներ, որոնցից 1-ինը այն է, որ եթե Հայաստանը նոր օդանավակայան կառուցի, նախապատվությունը պետք է տրվի Էռնեքյանին։ Եվ երկրորդՙ 30 տարին լրանալուց հետո Էռնեքյանը կարող է պայմանագիրը 5¬5 տարով երկարաձգել, բայց դրա թույլտվության իրավունքը կառավարությանն է։ Իսկ վախ չկա՞, որ «Արմենտելի»ՙ մենաշնորհային նախադեպը կարող է կրկնվել. ի պատասխան Բադեյանը նկատեց. «Վտանգ միշտ կա, քանի որ ցանկացած մենաշնորհ չարիք է, բայց պետք է ընտրել չարիքի փոքրագույնը»։ Ըստ ՄԱԱ-ի հյուրիՙ կան սահմանափակումներ, որոնք կարգավորում են մենաշնորհային դիրքըՙ տարիֆները, որոնք պետք է սահմանի պետությունը, եւ ոչ ոք իրավունք չունենա դրանք գերազանցել։ էռնեքյանի պայմանագիրը նա դրական համարեց երկու առումովՙ Էռնեքյանը ոլորտի մասնագետ է եւ ազգությամբ հայ է։

Անդրադառնալով ընտրությունների ազատ, արդար անցկացման երաշխիքներինՙ Բադեյանը նկատեց, որ որեւէ ընտրական օրենսգիրք չի կարող նման երաշխիք լինել, մանավանդ «գործող օրենսգրքում գրված չէ, որ ընտրակեղծիքներ կարող են եւ լինել։ Եթե մենք այն ժողովուրդն ենք, որ թույլ ենք տալիս ընտրակեղծիքներ, ցանկացած օրենսգրքի դեպքում էլ դա հնարավոր կլինի, իսկ եթե մենք այն ժողովուրդն ենք, որ թույլ չենք տա դա, վատ օրենքն էլ արդյունքներ կտա»։ Համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի հարաբերակցությունը եւս, ըստ Բադեյանի, ազատ ընտրությունների ապահովման երաշխիք չէ, քանի որ «ընտրակաշառքներով մեծամասնականի գնացող մեծահարուստները կարող են կաշառել նաեւ կուսակցություններինՙ տեղ գտնելով նրանց ցուցակներում, մանավանդ որ ավելի հեշտ է կաշառել կուսակացություններին, քան մի ողջ ընտրազանգվածի»։

Անդրադառնալով ՀԺԿ-ից դուրս գալու փաստինՙ ԺԴԿ փոխնախագահը նշեց, որ «ՀԺԿ-ն Դեմիրճյանի կուսակցությունն էր, որը ղեկավարում էին էությամբ կառուցող մարդիկ, հոկտեմբերի 27-ից հետո ՀԺԿ-ում աշխուժացան այն ուժերը, որոնք որդեգրեցին տրամագծորեն հակառակ կեցվածք եւ նպատակներՙ դառնալով արմատական ընդդիմություն, դաշնակիցներ փնտրելով ընդդիմության մեջ, եւ խնդիրը փոխվեց ՀԺԿ-ի համարՙ կառուցումից գնալով դեպի ավերում, կառուցողական ուժերը դուրս եկան ՀԺԿ-իցՙ ստեղծելով ԺԴԿ, որի անդամների թիվը 5.500 է»։

Անդրադառնալով ԺԴԿ-ի հնարավոր դաշինքներինՙ Բադեյանը նշեց, որ վաղ է դրանց մասին խոսելը։ «Վերջին տարիներին երկրի քաղաքական կյանքին չեն մասնակցել հատկապես պարկեշտ մարդիկ, նրանք դուրս են մղվել երկրի քաղաքական կյանքից։ Հիմա գնում է, կարծեք, այդ ուժերի համախմբում», նկատեց ՄԱԱ-ի հյուրը։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա «կառուցողական ընդդիմությունը նույնքան կարեւոր պայման է երկրի զարգացման համար, որքան եւՙ ամուր իշխանությունը, սակայն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները դրսում այլ կեցվածք ունեն, բայց ԱԺ-ի ներսում փորձում են օգտվել բոլոր հնարավորՙ ազնիվ եւ հաճախ անազնիվ արտոնություններից», նշեց Բադեյանը։

Ի պատասխան այն տեսակետի, ըստ որոնց Ռ. Քոչարյանը լեգիտիմ նախագահ չէ, Բադեյանը նշեց, որ չունի ստույգ տեղեկություններ, իմանալու համար «ես ԿԸՀ-ի անդամ պետք է լինեի», «այսօրվա նախագահը լեգիտիմ է գոնե այն պատճառով, որ նրա հակառակորդ թեկնածունՙ Կարեն Դեմիրճյանը չհերքեց ընտրությունների արդարության փաստը»։

Ո՞ւմ եք տեսնում այլընտրանք Քոչարյանին կամ տեսնո՞ւմ եք արդյոք. ի պատասխան ՄԱԱ-ի հյուրը նկատեց, որ Ռ. Քոչարյանից բացի դեռեւս ոչ ոք չի հայտարարել նախագահի ընտրություններին մասնակցելու մասին, քանի որ այլ թեկնածուներ դեռ չկան, այլընտրանքի մասին խոսելը վաղաժամ է։

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4