ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովն օրերս այցելել է Վանաձորի քննչական մեկուսարանՙ հացադուլ հայտարարած, նախկինում 10 անգամ ազատազրկման դատապարտված Պետրոս Նիկողոսյանին։ Այցի ընթացքում հանձնաժողովականները տեղեկացել են, որ մեկ այլ քաղաքացի, նախկինում 8 անգամ ազատազրկման դատապարտված Գագիկ Գյոզալյանը եւս հացադուլի մեջ է։ Այսօր հրավիրված նիստում հանձնաժողովի անդամ Սերգեյ Հայրիյանը տեղեկացրեց, որ մի քանի ժամ զրույցից հետո նշված անձինք դադարեցրել են հացադուլը, Նիկողոսյանը տեղափոխվել է բուժմասՙ փոքր ինչ կազդուրվելու։ Նա առաջարկեց նշված երկու հարցով էլ դիմել Վանաձորի դատախազությանը։
Խոսելով մեկուսարանի վիճակի մասինՙ Ս. Հայրիյանը նշեց, որ այնտեղ բավականին խոնավ է, շենքն էլՙ կիսաքանդված։ Այդ պայմանները վտանգավոր են նաեւ երկար տարիներ գերատեսչությունում աշխատող անձանց առողջության համար։ Նրա խոսքերով, կան մարդիկ, որոնք այստեղ աշխատում են 25 տարուց ավելի։