ՀՌԱԿ ակումբների թիվն օրեցօր աճում է։ Երեկ Վանաձորում բացվեց եւս 2 ակումբ, համալրվեց «Տարոն» ակումբը։ Նորագիրները 31 հոգի էին, հիմնականում ուսուցիչներ։
Նորաստեղծ առաջին ակումբի նորագիր ռամկավարների հետ հանդիպմանը ներկա էին ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Մեխակ Գեւորգյանը, Հանրապետական վարչության գործիչ Կարեն Կակոյանը, Լոռու շրջանակի ատենապետ Ֆերդինանտ Հարոյանը։
Հանդիպման ժամանակ ՀՌԱԿ ՀՎ անդամ պրն Գեւորգյանը նշեց, որ մարզեր մեկնելու իրենց ավանդույթը պայմանավորված է նրանով, որ ցանկանում են շփվել նորագիրների հետ։ Ապա ներկայացնելով կուսակցության համառոտ պատմությունն ու հիմնական ծրագիրըՙ պրն Գեւորգյանը խոսեց կուսակցության ռազմավարական եւ մարտավարական խնդիրների մասին։
Երդմնառության արարողությունից հետո նորաստեղծ ակումբի 12 անդամներն իրենց ատենապետ ընտրեցին Սեւան Մամաջանյանին, իսկ ակումբը կոչվեց Լոռու բարձունքներից մեկիՙ Մայմեխի անունով։
Վանաձորում գործող «Տարոն» ակումբը համալրվեց 7 նորագիր ռամկավարներով։ Վերջիններիս հետ հանդիպման ժամանակ ՀՌԱԿ ՀՎ անդամ Մեխակ Գեւորգյանը ներկայացրեց կուսակցության համար մեծ կարեւորություն ունեցող հարցերի այն շրջանակը, որոնց լուծմանն այսուհետ կնպատակաուղղվեն հնարավոր բոլոր միջոցառումները։ Նշելով, որ թեեւ կուսակցությունը վերելք է ապրում, բայց հաջողությունը կախված է յուրաքանչյուրից, պրն Գեւորգյանը դժգոհություն հայտնեց, որ նորագիրները լավ ծանոթ չէին կուսակցության ծրագրին եւ կանոնադրությանը։ «Մեզ արհեստական անդամներ պետք չեն, որոնք չեն ճանաչում կուսակցությունը», ասաց նա։
Երեկ Վանաձորում ստեղծվեց եւս մեկ ակումբ։ Ողջույնի խոսքից հետո պրն Գեւորգյանը նշեց, որ 12 նորագիրների ընտրությունը ճիշտ է եւ կուսակցությանը կօգնի Հայաստանում որոշակի փոփոխությունների մասնակից դառնալ։
Ներկայացվեցին կուսակցության ծրագիրը, անդամների եւ մտավորականների այն կորիզը, որ ձեւավորվում է նորագիրներից։ Ապա տասնամյակներ անփոփոխ կրկնվող երդմնառության արարողությամբ հիմնվեց մի նոր ակումբՙ «Քիմիագործը»։
Նորագիրներից ելույթ ունեցավ ուսուցչուհի Նադյա Հակոբյանը։ Նա իր խոսքում ասաց. «Մենք կամովին ենք միանում ՀՌԱԿ-ինՙ լավ գիտակցելով մեր կուսակցության դերը»։ Այնուհետեւ ներկայացնելով իրենց քաղաքական հայացքներն ու բացասական վերաբերմունքը, մասնավորապես, խորհրդարանում տեղի ունեցողի կապակցությամբՙ տիկին Հակոբյանը նշեց նաեւ, որ քննադատություն պետք է, բայց հայհոյանք չպետք է լինի։
Պրն Գեւորգյանն էլ հավելեց, թե ժամանակն է, որ սովորենք հարգել մեր պետականության խորհրդանիշները, այդ թվումՙ նախագահին։
«Քիմիագործ» ակումբի ատենապետ ընտրվեց Նադյա Հակոբյանը, որի խոսքերից զգացվեց, որ այս ակումբի նորագիրները քաջատեղյակ էին կուսակցության ծրագրերին եւ կանոնադրությանը, եւ բնավ էլ պատահական ընտրություն չէին կատարել։
Վերջում Լոռու շրջանակից 10 կուսակցականներ ստացան կուսակցության անդամատոմսեր։
Այսպիսով, Վանաձորում գործում են ՀՌԱԿ արդեն 20-ից ավելի ակումբներ, որոնք մոտ ապագայում հաստատորեն կհամալրվեն նորագիր ռամկավարներով։
Ա. Հ.