«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2002-05-15 | #89, 2002-05-16 | #90, 2002-05-17


ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Այսօրվա դրությամբ Հայկական ատոմակայանում (ՀԱԷԿ) կրճատված են 40 աշխատակիցներ։ Ինչպես հայտնեց ՀՀ Էներգետիկայի նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը, կրճատումներն իրականացվում են ատոմակայանի այն վարչություններում եւ բաժանմունքներում, որոնց աշխատանքի անհրաժեշտությունն այս պահին առաջնային չէ։ Ըստ Լ. Հարությունյանի, ներկայումս կայանի արտադրական գործընթացը ապահովող անձնակազմում կրճատումներ չեն իրականացվում։ Խնդիրը դրված է այնպես, որ այդ կրճատումներից ՀԱԷԿ-ում չառաջանան աշխատանքի կազմակերպման եւ անվտանգության ապահովման հետ կապված դժվարություններ։ Լ. Հարությունյանի վկայությամբ, կրճատվածների թվում են, մասնավորապես, նյութատեխնիկական, շինարարական աշխատանքների կազմակերպման եւ իրավաբանական վարչությունների աշխատողների մի մասը, ինչպես նաեւ «Խաղաղ ատոմ» թերթի աշխատակիցները։ Ըստ նրա, ՀԱԷԿ-ի աշխատակազմը կրճատվում է ընդհանուր էներգահամակարգի օպտիմալացման շրջանակներում արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնիցՙ սեփական դիմումի համաձայն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4