«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2002-05-15 | #89, 2002-05-16 | #90, 2002-05-17


ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅԱՆ «ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ»

Երեկ «Ազգում» մի ռեպլիկ էր տպագրվել «Պետավտոտեսչությունը «քնում» է, բայց ոչ խորը» վերնագրով։ Մասնավորապես, ասվում էր, որ Բարեկամության հրապարակին հարողՙ Բաղրամյան պողոտայի աջակողմյան կանգառում խցանումներն ու վթարավտանգ իրավիճակները առավոտյան երթեւեկների նյարդային համակարգի խանգարման մշտական աղբյուր են դարձել։

Մայիսի 15-ի առավոտյան հաճելիորեն զարմացել էիՙ նշված կանգառում 2 պետավտոտեսուչների տեսնելով, որոնք կարգավորում էին երթեւեկությունը։ Թերեւս դրական մի քայլ էի նկատել, մտածեցի, որ հարկ է այդ մասին էլ խոսել։ Սակայն չափազանց շտապեցի։ Սովորական դարձած քննադատության փոխարեն ցանկացա նշել, որ մեր պետավտոտեսչությունը թեեւ ուշացումով, բայց հետեւում է կարգուկանոնին։

Ինչպիսի բարեբախտություն կլիներ, եթե նման դրսեւորումների հաճախակի հանդիպեինք։ Բայց, ո՛չ, մեր օրերում սովորական ուրախությունները պարզապես ճոխություն են։

Ինչպես նշված էր ռեպլիկի վերնագրում, պարզվեց, որ իրականում բնավ էլ այդպես չէ։

Պետավտոտեսչությունը ոչ թե խորն է քնում, այլ, ըստ էության, քնած է։ Քնա՛ծ է, քանի որ միայն մեկ օրով էր որոշել փոփոխել տարիների ընթացքում ձեւավորված հիմար սովորությունըՙ կանգառ անել բոլոր հնարավոր եւ հարմար տեղերում։ Մեկ օրով ոչինչ չստացվեց։

Դե, ո՞վ է տեսել, որ արմատավորված հիմարություններն այդքան արագ շտկվեին։ Եվ չեմ էլ կարծում, որ պետավտոտեսչությունն այդքան միամիտ էՙ կարծելու համար, թե այդ մեկ օրով գործն իր ավարտին հասցրեց։

Պետավտոտեսչությունը, ինչպես եւ մեր երկրում իշխանության գրեթե ցանկացած օղակ, հետեւողականությամբ «չի տառապում»։ Եվ ինչո՞ւ տառապի։ Չէ՞ որ շատ ավելի շահավետ է որեւէ փողոցի որեւէ հատվածում կանգնել, փայտիկով ու սուլիչով համապատասխան գործողությունների միջոցով կանգնեցնել յուրաքանչյուր հարմար մեքենա ու գրպանել այն, ինչ վարորդները «կմատուցեն» վարորդական իրավունքի ծալքերում։

Հետո էլ մեծ-մեծ խոսում են կոռուպցիայի, դրա դեմ պայքարի անհրաժեշտության, պետական համակարգի կրճատման մասին։

Հարգելի պետավտոտեսուչնե՛ր եւ ուրիշնե՛ր, գո՛րծ արեք, գո՛րծ։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4