«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2002-05-15 | #89, 2002-05-16 | #90, 2002-05-17


ԹԵ ԻՆՉ Է ԼԻՆՈՒՄ, ԵՐԲ 6 ՀՈԳՈՎ 7 ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

Մեկը ընտրական օրենսգիրքը գցեց փոսը, հազար խելոքներ չկարողացան հանել

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի, ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության, Եվրոպայի խորհրդի հրավիրած կլոր սեղանը, որը Հայաստանում ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումներ էր երեկ կազմակերպել, ակնհայտորեն ժամանակավրեպ էր։ Դա պարզ դարձավ հենց քննարկումների ընթացքում, երբ հրավիրված քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ընդդիմադիր թե իշխանամետ, իսկական գաղափարական պատերազմ սկսեցին միմյանց դեմ եւ վերջնականապես թաղեցին փոխզիջումների գալու հավանականությունը։

Ի դեպ, այս պարագայում «գաղափարական» տերմինը խիստ հարաբերական է, քանի որ, ըստ էության, որեւէ գաղափարի մասին խոսք չէր գնում, այլՙ զուտ ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը մասնակցելու ձեռք բերած հնարավորությունը չկորցնելու դիրքային պայքարի։ Եվ այդ ճանապարհին, միտումնավոր թե անտեղյակությամբ պայմանավորված, իշխանությունն ու պետությունը շփոթվեցին իրար հետ, անկազմակերպ խմբավորումներըՙ քաղաքական կուսակցությունների։

Հետաքրքրական էր սակայն, որ միեւնույն դաշտերում գործող եւ քաղաքական շատ այլ հարցերում համագործակցող ուժերի տեսակետներն այնքան տարբեր էին միմյանցից, որ հիշեցնում էր «6 հոգով 7 երգ են երգում» իրավիճակը։

Ինչեւէ, ծայրահեղորեն իրարից տարբերվող տեսակետներից քաղաքակիրթ Եվրոպայից ժամանած հյուրերն ակնհայտորեն շվարած էին, որովհետեւ չէին կարողանում ըմբռնելՙ իրականում անվերջանալի՞ են արդյոք հանձնաժողով կազմելու «հայկական» տարբերակները, թե՞ այնուամենայնիվ փոխզիջումներ հնարավոր են։ Այդ շփոթության հետեւանք էր, թերեւս, որ քննարկումը վարողներն անընդհատ կոչ էին անում խոսել ոչ թե քաղաքական խնդիրներից, այլՙ կոնկրետ ինչ սկզբունքներով ձեւավորել հանձնաժողովները եւ ապահովել դրանց անկախությունը։ Իսկ ընդմիջմանը, ճաշի գնալիս, խորհուրդ տվեցին լավ մտածել եւ գուցե փոխհամաձայնեցված տարբերակներ առաջարկել։

Նման կամրջի հնարավորություն ստեղծեց ԿԸՀ նախագահ պրն Սահրադյանը, նշելով, որ հանձնաժողովների անկախության երաշխիքը նրա անդամներին հետ կանչելու մեխանիզմը մինչ լիազորությունների ավարտը հանելն է, ինչը ընդգրկվել էր նոր նախագծում։ Մյուս կողմից, ԿԸՀ նախագահը կոչ արեց 37 տեղամասային հանձնաժողովները ստեղծելու հետ զուգահեռ մտածել նաեւ դրանց ֆինանսավորման մասին, այն դեպքում, երբ պետբյուջեում ԿԸՀ-ի ֆինանսավորման 150 մլն դրամի մասին ընդհանրապես խոսք չկա։

Այսօր եւս կլոր սեղանի քննարկումները կշարունակվեն։ Սակայն արդյունք կտա՞ն արդյոք հարցի լուծման առումովՙ դժվար է ասել երկու պատճառով. նախՙ քաղաքական խորհրդարանական ուժերը փոխզիջումների դիմել չեն ուզում, երկրորդՙ նման կարեւորագույն խնդիրները ընտրությունների նախօրեին շրջանառության դնելը մշտապես դատապարտված է ենթարկվելու շահարկումների։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4