Մեր մայրաքաղաքը գեղեցկացել է։ Սա իրողություն է, որ յուրաքանչյուրը կարող է փաստել։ Մանավանդ երեկոյան Երեւանըՙ լուսավոր ցուցափեղկեր, հարուստ խանութներ, սրճարաններ, հյուրանոցներ... Կյանքը եռում է Երեւանում։
Արտասահմանի հետ կապ ունեցողներն ասում են, որ այժմյան Երեւանը եվրոպական քաղաք է հիշեցնում։ Ակամա հիշում ես 90-ականների սկիզբը, երբ Երեւանը խավարի մեջ էր թաղված։ Այդ տարիներին լուսավոր քաղաք ունենալը երեւանցիներիս երազանք էր թվում։
Երեկոյան Երեւանն ապրում է լիարժեք կյանքով։ Այսպիսի տպավորություն ես ստանում, երբ մութն ընկած քայլում ես կենտրոնական փողոցներովՙ շքեղ մեքենաներ, լավ հագնված կանայք եւ տղամարդիկ, հաճախորդներով լի սրճարաններ։ Իսկ քաղաքի առավել հեռավոր հատվածները դեռ շարունակում են «քնել» մութն ընկնելուն պես։
Հասարակության մեջ տեղի ունեցած բեւեռացումը Երեւանը եւս արտացոլում է։ Մայրաքաղաքը կարծես երկու մասի բաժանված լինի։ Ցերեկային Երեւանն անապահով խավինն էՙ հաճախ ես հանդիպում հացի խնդիր լուծող մարդկանց, ում դեմքին դաջված է ծանր կյանքը։ Երեկոյան Երեւանն ապահով խավին է պատկանում։ Նրանց տեսնելով մտածում ես, թե մեր մայրաքաղաքում ամեն ինչ լավ է, բոլորը բարեկեցիկ են եւ երջանիկ։ Ու ծանր աշխատանքային օրվա վերջին դուրս ես եկելՙ թոթափելու հոգնածությունը։ Երեկոյան Երեւանի պատկերը «խաթարում» են ծաղիկ վաճառող կամ փող մուրացող երեխաները։ Հարուստների եւ աղքատների հակադրությունն ավելի ակներեւ է մանավանդ Աբովյան փողոցում։ Այս հատվածում մուրացկանություն կոչվող բիզնեսը բարգավաճում է։
Բնավորության զարմանալի գիծ ունենք հայերս. հմտորեն կարողանում ենք թաքցնել մեր հոգսերը։ Մեր քաղաքն էլ այդպիսին է։ Ուրեմն, փոփոխություններն էլ թվացյալ են, ընդամենը արտաքին։
Մ. Հ.