«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2002-05-15 | #89, 2002-05-16 | #90, 2002-05-17


ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ «ԱՐԳԵԼՎԵԼ» Է ՄԵԿՆԵԼ ԹԱՎՐԻԶ

Վաղը, մայիսի 18-ին, եռօրյա պաշտոնական այցով Իրան է մեկնում Ադրբեջանի նախագահը։ Հեյդար Ալիեւը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ կրոնապետ Ալի Խամենեիի, նախագահ Մոհամմադ Խաթամիի, խորհրդարանի նախագահ Մեհդի Քյարուբիի, արտգործնախարար Քամալ Խարազիի հետ։ Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամլո ծառայության տեղեկություններով, ստորագրվելու են միջկառավարական, միջպետական եւ միջգերատեսչական 11 փաստաթղթեր։ Նախագահներ Խաթամին եւ Ալիեւը կստորագրեն քաղաքական հայտարարություն եւ «Բարեկամության եւ համագործակցության» միջպետական պայմանագիր։

Դեռեւս 1994 թ. Հեյդար Ալիեւի Իրան այցելության ընթացքում ստորագրվել է «Բարեկամության եւ համագործակցության» պայմանագիր, սակայն Ադրբեջանի նախագահն այն համարում է հնացած։ Ադրբեջանա-իրանական հարաբերությունները չի կարելի բարեկամական անվանել, այսօր էլ առկա են լուրջ տարաձայնություններ, որոնք պատճառ են դառնում պարբերաբար հնչող երկկողմ սպառնալիքների։ Տարաձայնություններից գլխավորները երկուսն են. Կասպիցի իրավական կարգավիճակի եւ Թավրիզում ադրբեջանական հյուպատոսություն բացելու հարցերը։ Ի դեպ, 1994 թ. Իրան այցելության օրերին պաշտոնական Թեհրանը ցանկալի չհամարեց եւ «արգելեց» Ալիեւի ժամանումը Թավրիզ, որն Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյը ցանկանում էր տեսնել «միացյալ Ադրբեջանի մայրաքաղաք»։ Այս անգամ էլ Ալիեւին «արգելվել» է այցելել Թավրիզ։ Պիտի նշենք, որ մի քանի տարի Ալիեւի այցի հետաձգումը պայմանավորված էր նաեւ Թեհրանի իշխանություններիՙ Թավրիզում ադրբեջանական հյուպատոսության բացումը ձգձգելու հանգամանքով։

«Ազգի» ունեցած տեղեկություններով, Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություն են ունեցել հայկական հյուպատոսություն բացել Թավրիզում, իսկ 2001 թ. դեկտեմբերին եռօրյա պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Ռոբերտ Քոչարյանը պետք է այցելեր նաեւ Թավրիզ։ Հայաստանի նախագահը Թավրիզ չայցելեց։ Սակայն, համաձայնեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարբերություններ կան։ Եթե Քոչարյանի պարագայում Թավրիզ այցելելը որեւէ կերպ չի առնչվում Հայաստանի քաղաքական շահագրգռություններին, ապա Ալիեւի դեպքում միանգամայն պայմանավորվում է Ադրբեջանի շահագրգռություններով։ Նույն կերպՙ Թավրիզում հայկական եւ ադրբեջանական հյուպատոսություններ բացելու շահագրգռությունները։

ԱՄՆ-ը պարբերաբար Հայաստանին ակնարկում է հեռու մնալ Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումից եւ խորացումից։ Այլ է Վաշինգտոնի դիրքորոշումը Ադրբեջանի պարագայում. լռություն պահպանելով ադրբեջանա-իրանական հարաբերությունների հարցում, ԱՄՆ-ը ակամա խրախուսում է այդ հարաբերությունների զարգացումը։ Վաշինգտոնին անհրաժեշտ է խաղաղ Կասպից, եւ այս խնդրում իրանա-ադրբեջանական առճակատումը չի բխում ԱՄՆ-իՙ Կասպիցի էներգակիրները Արեւմուտք փոխադրելու կենսական շահերից։ Փոխարենը ԱՄՆ-ը խրախուսում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը, ինչը եւս ոչ երկրորդական գործոն է էներգակիրներն ապահով արեւմտյան շուկաներ առաքելու խնդրում։

Բուշն Իրանին տեղավորել է իր իսկ գծած «չարիքի առանցքում», մյուս կողմից, անկարելի է չնկատել«ձնհալը» ԱՄՆ-Իրան հարաբերություններում։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4