«Տիեզերքում ամեն ինչ համակարգված է, յուրաքանչյուր մարդ, էություն ստեղծված է որոշակի ծրագրի համար։ Մարդկային ծրագիրն արարչագործության նպատակների համար ամենաբարձրին, կատարյալին ու իդեալականին հասնելն է։ Մշակույթի գործիչներն այդ բանականության զինվորներն են»ՙ Թեքեյան մշակութային կենտրոնում իր նկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման ժամանակ երեկ ասաց բանաստեղծ-նկարիչ Արեւշատ Ավագյանը։ Ցուցադրված 34 գեղանկարչական աշխատանքները նրա ինքնատիպ մտածողության հյուլեներն են։
«Հավերժական ռիթմեր», «Աստղային թափանիվ», «Աստղածառ», «Հոգենյութի ծնունդը», «Հիշողություններ մոռացված աշխարհից» բանաստեղծական վերնագրերով բանաստեղծական կտավները մեզ տեղափոխում են մեկ այլ ոլորտՙ դեպի ոգեղենն ու լուսեղենը, տիեզերական անեզրությունն ու աշխարհի մաքրագործումը։ «Հայի հոգեկերտվածքը բանաստեղծական է, երաժշտական։ Մենք պետք է պահպանենք մեր հոգեկերտվածքի առանձնահատկություններն օտար գաղափարախոսություններից, հաղթահարենք այսօրվա դժվարությունները», այսպես է մտածում Արեւշատ Ավագյանը եւ հորդորում մեր մեջ եղած տիեզերական էներգիան, որն արտահայտվում է մեր ընդունակությունների եւ օժտվածության միջոցով, հաղորդել մարդկանց. «Սիրով տրվել գործին, գնալ լույսի հետքերով»։
Բանաստեղծը հավատում է, որ իր բանաստեղծություններն ու գեղանկարներն ապրում են, շնչում, շարունակությունն են աշխարհաստեղծման ժամանակների իրողության։ Ուրեմն հավատանք նաեւ մենք, որ մեր հոգեւոր մշակույթը շարունակվելու է ու չի խաթարվելու ոչ մի ծանր իրողության ու ոչ մի օտար գաղափարախոսության ազդեցությունից։
Ռ. Պ.