Մայիսի կեսերին Մոսկվայում նախատեսված շախմատի Գրան պրիի երկրորդ փուլի մրցաշարի մեկնարկը տեղափոխվել է հունիսի սկզբին։ Դա արվել է, որպեսզի վերջերս Պրահայի մրցաշարին մասնակցածշախմատիստները հանգստանան եւ հնարավորություն ունենան նախապատրաստվելու մոսկովյան մրցաշարին։ Շնորհիվ Պրահայում ձեռք բերված համաձայնագրի, Մոսկվայում բավական ուժեղ կազմ կհավաքվի։ Գրան պրիի երկրորդ փուլին կմասնակցեն դասական շախմատի գծով աշխարհի վերջին 3 չեմպիոններըՙ Անատոլի Կարպովը, Գարրի Կասպարովն ու Վլադիմիր Կրամնիկը, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի տարբեր տարիների աշխարհի չեմպիոններ Ալեքսանդր Խալիֆմանը, Վիշվանաթան Անանդը, Ռուսլան Պոնոմարյովը։ Մասնակիցների թվում կլինեն նաեւ Վասիլի Իվանչուկը, Մայքլ Ադամսը, Բորիս Գելֆանդը, Վեսելին Թոփալովը, Ալեքսեյ Շիրովը, Եվգենի Բարեեւը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսեյ Դրեեւը, Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Պյոտր Սվիդլերը։ 6 տեղ առայժմ թափուր է։ 2 ուղեգիր կվիճարկեն ինտերնետային մրցաշարի մասնակիցները, 2-ական շախմատիստներ էլ կհրավիրվեն ՖԻԴԵ-ի եւ մրցաշարի կազմկոմիտեի կողմից։