Արմեն Սմբատյանի առաջին «բարձրաշխարհիկ ելույթը» Մոսկվայում
Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի պրեմիերային ցուցադրությամբ Մոսկվայում ավարտվեց ԱՊՀ երկրների, Լատվիայի եւ Էստոնիայի կինեմատոգրաֆիստների 6-րդ համաժողովը։ Այդ առիթով Կինոյի տան մեծ դահլիճը լեփ-լեցուն էր։ Պաշտպանում եմ ցուցադրությունից առաջ ելույթ ունեցած ռեժիսոր եւ կինոգետ Դավիթ Մուրադյանի այն տեսակետը, որ ֆիլմի մասին պատմելը անշնորհակալ գործ է եւ պատկերացում կազմելու համար ավելի լավ է այն դիտել։ Ուստի, սյուժեի մանրամասնությունների մեջ չխորանալով, դերասանական վարպետությունը չնկարագրելով, միայն կասեմ, որ ֆիլմն ինձ շատ դուր եկավ, ինչպես դահլիճում ներկա եղածների մեծամասնությանը։ Միակ փոքր բացառությունը թերեւս Բարբրա Բրիլսկայի դերակատարումն է, որը, ավա՜ղ, հանդիսատեսին այլեւս չի հիացնում ոչ առանձնակի վարպետությամբ, ոչ էլ արտաքինով։ Համենայն դեպսՙ այս կինոնկարում։
Այդուհանդերձ հայկական կինեմատոգրաֆում վաղուց նման որակով, պրոֆեսիոնալ հմտությամբ եւ դրա հետ մեկտեղ յուրօրինակությամբ չէր նկարագրվել մեր տխուր իրականությունը։ Մի խոսքով, հնարավորության դեպքում անպայման դիտեք կինոնկարը. վստահ եմ, որ ամենքի վրա, բացի «Մեր բակի» երկրպագուներից, տպավորություն կգործի։ Կինեմատոգրաֆիստներից բացի դահլիճում ներկա էին (նրանց հատկապես ներկայացրին բուռն ծափահարությունների ներքո) Մոսկվայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Սմբատյանը, հմայիչ տիկնոջՙ Ելենայի հետ, Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը։
Ի դեպ, վերջինիս մասին։ Այստեղՙ Մոսկվայում զարմանքով կարդում ենք հայկական թերթերի որոշ հոդվածներ, որտեղ անթաքույց հիստերիա կա Աբրահամյանի վերաբերյալ։ Եվ բանն այն չէ, որ չի կարելի քննադատել ներկայիս առավել նշանակալի հայ գործիչներից մեկի գործունեությունը. ՌՀՄ-ի շատ ձեռնարկումներ հաճախ իրոք քննադատության չեն դիմանում (օրինակ, աշխատանքի ոճը, Աբրահամյանի առավելապես կենսաթոշակային տարիքի շրջապատը, որի ներկայացուցիչների հայացքները լրջորեն եւ մեկընդմիշտ ձեւավորվել են խորհրդային քարոզչության ազդեցությամբ), եւ տողերիս հեղինակը պատկանում է ավելի շուտ ՌՀՄ-ի քննադատների, քան երկրպագուների թվին։ Հասկանալի է, երբ Աբրահամյանի գործունեությունը զայրացնում է Հայաստանի իշխանություններին։ Բայց, չգիտես ինչու, լրագրողների մեջ այն առաջացնում է ոչ թե կառուցողական մոտեցման եւ թեկուզ քննադատական վերլուծության ցանկություն, այլ հիստերիկ, «ռաբիս» հարձակումներ, որոնցում ակնհայտորեն երեւում է տարրական կենցաղային նախանձը։ Հասկանալի է, որ նախանձում են Աբրահամյանի հարստությանը, որ նա, օրինակ, ամեն րոպե կարող է ինքնաթիռ վարձել եւ Հայաստան բերել մերթ ռուսաստանյան ԶԼՄ-ների կամ պաշտպանական արդյունաբերության ղեկավարներին, մերթ էլ Ռուսաստանի առաջին տիկնոջը, որոնց այլ պարագաներում, թերեւս, բնավ չէին հետաքրքրի Հայաստանի ներկա իրադարձությունները։ Ի դեպ, շուտով նույնպիսի մի ինքնաթիռով ՌԴ բոլոր տարածաշրջաններից ՌՀՄ-ի պատվիրակություն Հայաստան կայցելի Հայաստան-սփյուռք համաժողովին մասնակցելու։ Դարձյա՞լ նախանձելի է։ Դե ինչ, ինքներդ վաստակեք եւ ծախսեք ըստ ձեր պատկերացումների։ Սկզբի համար կարելի է անցնել մասնագիտական վարպետության դասընթացներ, որպեսզի ձեր գրածներն առավել հետաքրքրությամբ ընթերցվեն։
Բայց վերադառնանք Կինոյի տուն։ Այնտեղ անցկացված հանդիսավոր արարողությունը դարձավ Արմեն Սմբատյանի առաջին «բարձրաշխարհիկ ելույթը», որն արդեն կես ամիս ձեռնամուխ է եղել դեսպանի պարտականությունների կատարմանը։ Ճեմասրահում նա պակաս հաջողություն չուներ, քան հանդիսության «մեղավոր» բեմադրիչ Չալդրանյանը։ Յուրաքանչյուրը ձգտում էր սեղմել նրա ձեռքը եւ շնորհավորել նշանակման առթիվ։ Այդ նշանակումից առավել ոգեշնչված են արվեստի միջակ գործիչները, որոնց թիվը Մոսկվայում վերջերս հատկապես շատ է։ Նրանցից շատերը մշակույթի նախկին նախարարի դեսպան դառնալը ընկալեցին որպես սեփական առաջընթացի հնարավորություն։ Պարոն Սմբատյանն ամենքի հետ սիրալիր զրուցում էր։ Բայց... ինձ թվում է, թե նա հուսախաբ կանի շատերին եւ կզբաղվի ոչ թե մշակույթի գործչի իր կարիերայի շարունակմամբ (ինչն ինքնին վատ չէ), այլ նրանով, ինչով պետք է զբաղվի դիվանագետըՙ քաղաքականությամբ եւ դիվանագիտությամբ, իհարկե այնքանով, որքանով դա իրեն կարող է թույլ տալ Հայաստանի պես մի պետության դեսպանը։
Անձամբ ես, լինելով դեսպանատան շենքը «խաշարան» դարձնելու հետեւողական հակառակորդ, կուզենայի, որ նոր դեսպանը հրաժարվեր շաբաթ օրերին հայ գործարարներին խաշի հրավիրելու անպատշաճ ավանդույթից, որի նպատակն է նրանց դրդել շռայլ նվիրատվություններ անելու հայրենիքին (համենայն դեպս, նման միջոցառումների սուր անհրաժեշտությունն ինձ այդպես բացատրեց այդ գործարարներից մեկը, որը վիրավորված էր «Ազգի» էջերում իմ հոդվածներից մեկում շարադրված «հակախաշային» դիրքորոշումից)։ Եթե դատենք դեսպանատան բրոնզագույն ներկված ցանկապատից եւ մուտքը պահպանող առյուծներից, ինչպես նաեւ Սմբատյանի առաջին կարգադրություններից, որոնցից մեկն արգելում է դեսպանատան հարկաբաժիններում ծխելը եւ ջինսով աշխատանքի ներկայանալը, ապա հանգում ենք այն հետեւության, որ նրա ճաշակն անթերի է։ Իսկ թե սփյուռքի եւ նրա բիզնես-ընտրախավի հետ շփվելու եւ աշխատելու ինչպիսի մեթոդներ է նախընտրում նոր դեսպանը, ցույց կտա ժամանակը։
Ի դեպ, նրա նախորդիՙ Սուրեն Սահակյանի մասին, որը տպավորվել է առաջին հերթին նրանով, որ զբաղվում էր Լազարյանների տան պատմական շենքում տեղավորված դեսպանատան նորոգմամբ, այստեղ բարի խոսքով են հիշում, այդ թվում նրա նախկին ենթակաները։ Տարօրինակ է միայն, որ նրան ճանապարհելու համար օդանավակայան էին եկել նրանցից միայն երեքը... Ի դեպ, դա ավելի շատ վերաբերում է բարոյականությանը, քան դիվանագիտությանը։
ԼՈՒՍԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Մոսկվա