ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հիդրոօդերեւութաբանության վարչության տվյալների համաձայն, առաջիկա օրերին (մայիսի 18-21-ը), առավելապես երեկոյան ժամերին, առանձին վայրերում հնարավոր են տեղումներ եւ ամպրոպ, մայիսի 22-ին շրջանների մեծ մասում անձրեւ, ամպրոպ եւ քամու ուժեղացում մինչեւ 14-19 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ը կբարձրանա 4-7 աստիճանով։
Նշված օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում կտատանվի 2-13 Արագածոտնի բարձրադիր մասումՙ 1-9, ցածրադիր շրջաններումՙ 4-15, Կոտայքումՙ 4-7, Գեղարքունիքումՙ 2-6, Լոռիումՙ 5-8, Տավուշումՙ 6-11, Արարատյան դաշտումՙ 11-18, Վայոց ձորումՙ 6-15, Սյունիքի նախալեռներումՙ 2-7 եւ հովիտներումՙ 5-14 աստիճան տաքության սահմաններում։ Այդ օրերին հանրապետությունում սպասվող գեոմագնիսական դաշտի վիճակը կլինի անկայուն, Արեգակի գումարային ակտիվությունըՙ միջին, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունըՙ շատ բարձր։ Օդի նվազագույն հարաբերական խոնավությունը կտատանվի 45-58 տոկոսի սահմաններում։
Երեւանում մայիսի 18-21-ըՙ հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատեւ անձրեւ, ամպրոպ եւ քամու ուժեղացում մինչեւ 10-15 մ/վրկ։ Մայիսի 22-ինՙ անձրեւ։ Ջերմաստիճանը գիշերըՙ 6-11, ցերեկըՙ 20-25 աստիճան տաքություն։ Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 15 միկրոռենտգեն/ժամ։
Ըստ Երեւան քաղաքի բազմամյա կլիմայական տվյալների, մայիսի 18-ին օդի առավելագույն ջերմաստիճանըՙ +34,1 դիտվել է 1962 թվականին, իսկ նվազագույնըՙ 1,8, 1931 թվականին։