«Ազգի» մոսկովյան թղթակից Լուսիկ Ղուկասյանից ստացել ենք «Ռուսաստանի հայերի միության» մամլո հաղորդագրությունն առ այն, որ մայիսի 18¬19-ը նախագահ Արա Աբրահամյանն իր նստավայրում ընդունել է Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովին։ Հանդիպման ժամանակ երկուստեք քննարկել են մարզում տիրող ընդհանուր վիճակը, մասնավորապես փախստականներին եւ ազգային փոքրամասնություններին, ինչպես նաեւ Կրասնոդարի հայկական գերեզմանատանը տեղի ունեցած բարբարոսություններին առնչվող հարցերը։
Արա Աբրահամյանն ընդգծել է, որ հայերը Կուբանում «օտարներ» չեն, քանի որ այնտեղ ապրում են պատմականորեն, եւ անչափ դժվար է գերագնահատել հայկական համայնքի ունեցած դերը մարզի տնտեսական, մշակութային եւ պաշտպանության ոլորտներում։
Արա Աբրահամյանը միաժամանակ նշել է, որ երկրում առաջացած օբյեկտիվ խնդիրները, որոնք վերաբերում են փախստականներին եւ կրում տնտեսական բնույթՙ հարկ է լուծել պետական մակարդակովՙ ընդգրկելով հասարակական խավերին եւ ընդունելով փախստականների վերաբերյալ օրենսդրություն։ «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունը մեծ պատրաստակամություն է հայտնել մարզին աջակցելու հարցում։
Ալեքսանդր Տկաչովը հավաստիացրել է, որ հայկական գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմի կազմակերպիչներն ու մասնակիցները կկանգնեն դատարանի առջեւ։ Նահանգապետն Արա Աբրահամյանին հրավիրել է մոտակա ժամանակներս այցելելու Կրասնոդարի մարզՙ ազգամիջյան փոխըմբռնման եւ ավանդական բարեկամության ամրապնդման կառուցողական ծրագրեր մշակելու նպատակով։ Իր հերթին, Արա Աբրահամյանը Տկաչովին հրավիրել է այցելելու Հայաստան։
Երկխոսությունը կայացել է գործարար մթնոլորտում եւ որոշվել է կողմերին հետաքրքրող եւ հուզող հարցերը լուծել անմիջականորենՙ առանց որեւէ միջնորդության։
Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը վերջերս դիմել էր նախագահ Պուտինինՙ Կուբանում հայերի վիճակի մտահոգությամբ։