Ասում է Վիկտոր Դալլաքյանը
«Հոկտեմբերի 27»-ի գործով երեկվա նիստին ներկայացել էր պատգամավոր, ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը։ Դատաքննական ցուցմունքի եւ հարցաքննության ժամանակ տուժողը նշեց քիչ թե շատ գործի նյութերի հետ ընդհանրություն ունեցող փաստեր։
Հետաքրքրական էին Վիկտոր Դալլաքյանիՙ ամբաստանյալ Վռամ Գալստյանի հետ ունեցած զրույցի մասին խոսքերը։ Ըստ դրանց, այդ խոսակցությունը տեւել է մոտ 1 ժամ, որի ընթացքում Հունանյանների քեռին նշել է, թե իրենք ինչ-որ մարդկանց են սպասում։ Պրն Դալլաքյանի այն հարցին, թե ինչու են 1999 թ. հոկտեմբերի 27-ին կատարված դեպքերը տեղի ունեցել հենց Ազգային ժողովում, եւ այդ ժամանակ, ամբաստանյալ Վռամ Գալստյանը պատասխանել է, որ ամեն ինչ հաշվարկված է եղել։ Իսկ հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ. այդ ժամանակ ԱԺ-ում էին կառավարության անդամները, նիստն ամբողջությամբ տեսաձայնագրվում էր։
Նշված խոսակցությունից Վիկտոր Դալլաքյանը, ըստ իրեն, հասկացել է, որ տեղի ունեցածը հստակ ծրագրված է եղել որպես պետական հեղաշրջման փորձ։ Պատգամավորը կարծում է, որ ԱԺ-ի դեպքերը կարող են մի քանի բացատրություն ունենալ։ Հավանական է, որ դեպքերը ծրագրվել են արտաքին ուժերի կողմից, ներքին որոշ ուժեր էլ, իմանալով այդ մասին, կանխման ոչ մի փորձ չեն արել։ Նույն կերպ, պրն Դալլաքյանը մտածում է, որ դա պատասխան էր վարչապետ Վազգեն Սարգսյանի կողմից հանցավորության դեմ տարվող քաղաքականության կամ վարչապետի անձի նկատմամբ անձնական հակակրանքի։
Հետաքրքրական է, որ, ըստ տուժողի, դեպքերի ժամանակ դահլիճից բացակայող որոշ պատգամավորներ ուրախացել էին կատարվածից։ Իսկ թե ովքեր էին նրանք, պրն Դալլաքյանը չասաց, նշելով, որ տեսաժապավենը նայելով կարելի է տեսնել, թե ովքեր դահլիճում չէին եւ, ըստ այդմ էլ, դատել իր խոսքերի մասին։
Ըստ պրն Դալլաքյանի, Տիգրան Նազարյանն էլ իրեն այնպես էր պահում, կարծես թատրոն լիներ։ Նրա պահվածքից տուժողը ենթադրում է, որ ոչ միայն տեղյակ էր կատարվածից, այլեւ Նաիրի Հունանյանին մտերիմ էր երեւում։
Արմենակ Արմենակյանի սպանության մասով էլ Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ սպանությունն իրագործվել է ոչ մեզ հայտնի 5 ամբաստանյալների կողմից։ Արմենակ Արմենակյանին սպանել է ինչ-որ 6-րդ ահաբեկիչ։
Ա. Հ.